Քվեարկելուց հետո այսօր անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Ասկերանում բնակիչների պարտքերը մարելու տեսքով ընտրակաշառք է բաժանել, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ասաց. «Կյանքում կաշառք չեմ ստացել՝ սկսած խորհրդային տարիներից, երբ լուրջ պաշտոններ եմ զբաղեցրել: Չեն էլ առաջարկել, որովհետեւ իմ բնավորությունը գիտեն: Տված էլ չկամ, դա ապատեղեկատվություն է»:
Թե որ դեպքում ընտրությունների արդյունքները չի ընդունի, Բալասանյանն ասաց՝ «եթե կեղծեն»:
Հարցին՝ «եթե նախագահ ընտրվեք, ՀՀ իշխանության հետ գործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում», Բալասանյանը նախ այսպես արձագանքեց. «Ոնց որ կասկածում եք, որ ես չեմ լինելու նախագահ, հարցը լավ չեք տալիս»:
Կարդացեք նաև
Ապա պատասխանեց. «Մեր անձնական հարաբերություններում երբեք սեւ կատու չի անցել: Խոսում են, թե թշնամություն կա, բայց մենք 20 տարի՝ հարաբերություններ ունենք: Եթե ես կարծիք եմ հայտնում այս կամ այն բանի մասին, ինչո՞ւ պետք է թշնամություն լինի: Ես առաջնորդվելու եմ Արցախի սահմանադրությամբ, հարգելու եմ ՀՀ սահմանադրությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ