«ՀՀ-ն կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող Քլորոքվին դեղորայք է ներմուծել, բայց քիչ քանակությամբ, քանի որ որեւէ երկրում այս դեղորայքի ձեռք բերելու հետ կապված մեծ դժվարություններ կան: Չնայած, այս առումով կան հետաքրքիր զարգացումներ»,-այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա նաեւ նշեց՝ դեռ ամսի 14-ից նախազգուշացրել են մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ արտասահմանյան ուղեւորություններից, արտերկրում գտնվող ՀՀ մեր քաղաքացիներին հորդորել են շտապ վերադառնալ հայրենիք:
«Մենք բազմաթիվ օպերացիաներ ենք իրականացրել, թե՛ Չինաստանից, թե՛ Իտալիայից, այս գիշեր Կալկաթայից 68 երեխաներ ու ուսուցիչներ տեղափոխվեցին Հայաստան, նրանք այնտեղ հայոց բարեգործական դպրոցում էին սովորում: Սա կազմակերպվել է պարետի եւ ԱԳՆ-ի համակարգմամբ եւ Մայր Աթոռի ֆինանսավորմամբ»,-ասաց փոխնախարարը:
Նա վստահեցրեց՝ եթե ԱԳՆ-ին չի հաջողվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին օբյեկտիվ պատճառներով վերադարձնել հայրենիք, քանի որ օդային հաղորդակցության սահմանափակումներ են ամբողջ աշխարհում, ապա փորձում են տեղում ապահովել նրանց ժամանակավոր կեցությունը՝ տրամադրելով նվազագույնը՝ սնունդ, մի փոքր ֆինանսական միջոցներ՝ օգտագործելով մեր համայնքային ռեսուրսները:
Կարդացեք նաև
Արտերկրում գտնվող մեկ ՀՀ քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել, նա հիմա լավ է, Ադոնցն ասաց, որ ապաքինվել է, բոլոր թեստերը բացասական են եղել, եւ այժմ մտածում են՝ ինչպես նրան վերադարձնեն հայրենիք:
Եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք գերադասել են մնալ Իտալիայում եւ ենթարկվել այդ երկրի կարանտինային պայմաններին: Փոխնախարարի փոխանցմամբ՝ Ուկրաինայից ՀՀ 70 քաղաքացիներն ուկրաինական ավիափոխադրողի միջոցով տեղափոխել են հայրենիք, այստեղից էլ Կիեւ են տեղափոխել իրենց քաղաքացիներին:
Ադոնցը վստահեցրեց՝ անուն առ անուն տեղյակ են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներից, նրանք ՀՀ դեսպանությունների հետ կապի մեջ են եւ փորձում են գտնել օպտիմալ եւ հասցեական միջոցներ, որպեսզի կամ կվերադարձնեն կամ տեղում ապահովեն անվտանգ կեցությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ