«Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության եւ արդարության»,-Արցախի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
Նա շեշտեց՝ հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգել՝ պայմանավորված ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ. «Ամեն քաղաքացու առողջություն կարեւոր է: Մեր ժողովուրդը միշտ ակտիվ է, կառավարությունն էլ առողջապահական միջոցներ է ձեռնարկել: Ժողովուրդն ակտիվ է, որովհետեւ մտահոգություններ ունի, անվտանգության, Ղարաբաղի հարցն է կարեւորում, տնտեսությունը, կրթությունը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններում հաղթելու հավանականությանը, Բալասանյանը նշեց. «Առաջին անգամ է, որ ընտրություններում այսքան թեկնածու կա՝ 14 հոգի: Առաջին անգամ է, որ այս ընտրություններով շահագրգռված են մանավանդ արեւմտյան ուժերը: Ես բարձրաձայնել եմ, որ այդ ուժերն ուզում են իրենց դրածո իշխանությունն ունենալ, բայց մեր ժողովուրդը թույլ չի տա, որ Արցախն ունենա դրածո իշխանություն: Ժողովրդի համար կարեւոր է անվտանգության հարցը: Վստահ եմ, որ ձայն կտան անվտանգության երաշխավորին, որը ես եմ հանդիսանում: Թող ինքնագովազդ չլինի, բայց ես ժամանակ առ ժամանակ ապացուցել եմ, որ անվտանգության պաշտպան եմ, հիմա մի անգամ էլ կապացուցեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ