«Վաղ առավոտից ընտրողների շատ մեծ ակտիվություն է նկատվում, դիտորդներն արձանագրում են կուտակումներ, որովհետեւ ընտրողներին աշխատում են մեկ-մեկ թողնել ներս՝ ձեռնոցներով»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը, որը դիտորդական առաքելություն է համակարգում Արցախում:
«Որոշ տեղամասերում նկատվել է քվեախցիկում երկու ընտրողի ներկայություն: Որոշներում էլ նկատվել է ընտրողների կողմից քվեաթերթիկը նկարելու փորձ: Հանձնաժողովի նախագահն արձանագրել է»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Մի տեղամասում էլ, նրա խոսքով, հետաքրքիր դեպք է եղել՝ ընտրողը վերցրել է քվեաթերթիկը, ասել, որ չգիտի, թե ում օգտին քվեարկի եւ հարցրել այդ մասին. «Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, իրեն առաջարկել են քվեախցիկում քվեարկել»:
Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ լարվածություն չկա. «Կարեւոր է, որ գործընթացը լինի հանգիստ, խաղաղ, սադրանքներ չլինեն: Նման զգայուն իրավիճակներում հաճախ կարող են լինել այլ շահեր հետապնդողներ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գնահատականներին, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեին, Հովհաննիսյանը նշեց. «Եթե անգամ Արցախում արտակարգ դրություն հայտարարվեր, միեւնույնն է՝ դա ընտրությունները հետաձգելու հիմք չէ, այստեղի իրավակարգավորումներն այդպիսին են: Դա է պատճառը, որ ընտրությունները չհետաձգվեցին: Այնուամենայնիվ, մենք ասել էինք, որ այդ հարցը պետք էր դիտարկել»:
Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ