Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության աննպատակահարմարությունը. Արցախի ԱԳՆ

Մարտ 31,2020 13:13

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։

Պատասխան. Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է:

Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ: Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, որոնք միջազգային հանրության կողմից օժտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատով։

Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության բացարձակ աննպատակահարմարությունը:

ԱՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031