Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն իրականացնելու գործիք է դառնալու». Ըստ Գորգիսյանի facebook-ին, Viber-ին WhatsApp-ին կդիմեն ու նրանցից էլ տվյալներ կվերցնեն

Մարտ 31,2020 13:10

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցումից առաջ այն փոփոխվել էր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ երեկ ամբողջ օրը հետեւել է սոցցանցերում հնչող քննադատություններին, որոնք հաճելի չէին, բայց կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներին ու ազատություններին ամենայն լրջությամբ են վերաբերվում. «Ուրախալի փաստ է, որ մարդիկ պատրաստ չեն զիջել իրենց որեւէ իրավունք ու ազատություն, երբ պատշաճ բացատրություն չի տրվում, թեկուզ արտակարգ իրավիճակի հիմքով դրանք սահմանափակել: Սա նշանակում է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ մեր քաղաքացիներին համոզենք, թե ինչու է սա անհրաժեշտ»:

Բադասյանը որոշ ճշգրտումներ արեց, թե այս նախագիծն ինչի մասին չէ, որովհետեւ կա թյուր պատկերացում: Նրա խոսքով՝ որեւէ նոր տվյալ չի հավաքագրվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները մեկ միասնական բազայում են դնում՝ համաճարակի դեմ պայքարի համար, բոլոր տվյալները արտակարգ դրությունից հետո ոչնչացվելու են: Սա չի ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում, կարեւոր է զանգի ու տեղակայման փաստը: Բացառվել է ապաանձնավորված տվյալները պահպանելը: Տվյալների գաղտնիությունը պարտավոր են պահպանել:

«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց. «Աղմուկ է բարձրացել սոցցանցերում ու տարակարծություն կար պատգամավորների, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ: Մարդու իրավունքների սահմանափակումը եւ այս աստիճան միջամտությունն անթույլատրելի է, պետք է հաշվի առնենք, որ այս միջամտությունը արտակարգ դրության ռեժիմում է տեղի ունենում: Մարդու իրավունքների սահմանափակումը կարող է տեղի ունենալ, երբ ֆիքսված է ժամկետը ու երբ նպատակն ենք արձանագրում, ինչը նախնական նախագծում չկար»:

Նազելի Բաղդասարյանն ասաց, որ օրինագծից հանվել է հեռախոսազանգի սկզբի եւ ավարտի ֆիքսումը, որովհետեւ երբ ֆիքսում են դա պարբերաբար ռեժիմով, կարող էին այլ բացահայտումներ անել: Առաջարկ է եղել, որ միջնորդավորված զանգերից տեղեկություն ստանան, չի ընդունվել: Նախագծով առաջարկվում է տվյալները ոչնչացնել արտակարգ դրության վերացումից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո, պատգամավորներն առաջարկել են, որ ժամկետը նեղացվի, դա շատ երկար է, չի ընդունվել:

«Բերված նախագիծը որեւէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու: Հեռախոսի միջոցով շփման շրջանակը մեզ չի տալու այն ցուցակը, ում հետ մարդը շփվել է ֆիզիկապես»,- իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ սա շատ վատ ֆիլտր է ու ուշացած է: Գորգիսյանը համոզված է, որ սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն իրականացնելու գործիք է դառնալու, որովհետեւ պետությունը, եթե ունի արդեն թույլատրող ներքին օրենսդրություն, կարող է դիմել facebook-ին, Viber-ին WhatsApp-ին ու նրանցից էլ տվյալներ վերցնել:

«Իմ քայլից» Տաթեւիկ Հայրապետյանն արձագանքեց, որ եթե ուզենային քաղաքացիներին վերահսկել, դա շատ շուտ արած կլինեին. «Սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար իրավունքներն ու ազատությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031