Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում էր քաղաքացիներին ու հարցնում, թե ինչպես են դիմակայում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դրան՝ գրել էր. «Արմնյուզով կոմեդիա է ցուցադրվում՝ զանգ քաղաքացիներին, նայեք, բայց չվատանաք»:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավորներին հարցրեցին՝ իմքայլականները որոշ պատգամավորներ սուր քննադատության են արժանացրել գրառումը, ձեր խմբակցությունում քննարկում եղե՞լ է դրա հետ կապված:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ, իհարկե, ծանոթ են ե՛ւ Պետրոսյանի գրառմանը, ե՛ւ դրան հաջորդած արձագանքներին՝ սոցցանցերում. «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ունի իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Բնականաբար, մեր խմբակցության ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված որեւէ ճգնաժամ չունենք, ու, բնականաբար, նմանատիպ հարցերը քննության առարկա չենք դարձնում: Ինչ վերաբերում է պարոն Պետրոսյանի գրառմանը հաջորդած մեծամասշտաբ քննարկումներին, ձեւակերպումներին, գնահատականներին, շատ կուզենայի, որպեսզի նմանատիպ գրառումներով եւ քննարկումներով հանդես եկող անձինք նույն էթիկայի նորմերի համապատասխանության հարցը փնտրեին սեփական գրառումներում ու սեփական գնահատականներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ