Արցախի ընտրատեղամասերից մեկում այսօր քաղաքացիական պարտքը կատարեց «Վերածնունդ» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը: «Քվեարկել եմ հանուն իրական փոփոխությունների: Այնպիսի Արցախ եմ ուզում տեսնել, որը պատրաստ է դիմակայել բոլոր մարտահրավերներին: Ամեն օր նոր մարտահրավերի առաջ ենք կանգնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղամասերում կուտակումներ կան, Խանումյանը նշեց՝ ճիշտ կլիներ, որ ընտրությունները հետաձգելու կամ չեղարկելու որոշում կայացվեր. «Իշխանությունն այս անգամ էլ է անգործության մատնված: Բակո Սահակյանն ընդհանրապես չի կարողանում որոշումներ կայացնել: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է»:
Խանումյանը հարցադրում արեց՝ պաշտոնական Երեւանը լծակներ ունի՞ այս հարցում ճնշումներ գործադրելու. «Գիտեմ, որ իշխանության թեւերում ընտրությունները հետաձգելու մասին կարծիք կա, բայց, կարծում եմ, կամք չեն ունեցել այդ ամենն ավելի կոպիտ տոնով Ստեփանակերտին ասելու»:
Հիշեցնենք, որ տեղամասերում առողջապահական միջոցառումներ են ձեռնարկված, ընտրողների կուտակումներ են նկատվում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԻ/CivilNet