Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուղղակի հեռախոս օգտագործելով, Google-ը եւ այլ հավելվածները ներբեռնելով՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ինֆորմացիա ունեն մեր մասին». Սուրեն Գրիգորյան

Մարտ 31,2020 11:49

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հարցրեցին կառավարության վերջին նախագծի հետ կապված մտահոգություններից՝ կապը ո՞րն է տանը մնացած մարդու հեռախոսազանգերին հետեւելու: Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ահագին փոփոխություններ են եղել, խմբակցության կողմից առաջարկությունները ընդունվել են ու փաթեթը փոփոխությունների է ենթարկվել: Հիմա իմքայլականների մտահոգությունները փարատված են:

Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ինքը նախագծի առաջին տարբերակի հետ կապված էլ մտավախություններ չուներ: Թունյանն ասաց, որ հասկանալի է՝ առողջապահական նպատակներին հասնելը մարդու որոշ չափով իրավունքների սահմանափակում է ենթադրում, ուղղակի դա պետք էր անել այնպես, որ առավելագույն չափով հավասարակշռված լիներ ու համոզված լինեին, որ օգուտ է տալու:

Հարցին՝ առաջին ընթերցման ժամանակ ասում էին՝ հեռախոսազանգերի բովանդակությանը չենք անդրադառնալու, բա եթե բովանդակությունը չի լսվելու, ինչպե՞ս եք պարզելու, թե ում հետ է շփվել՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ դրույթը չի փոխվել. «Մենք ի սկզբանե գեոլոկացիայով ֆիքսում ենք, որ դուք եւ այն մեկը, որի մոտ վարակ է հայտնաբերվել, գտնվում եք նույն վայրում: Հեռախոսային անտենաների միջոցով որոշում են, բայց այդ հեռախոսային աշտարակների միջոցով շեղումը բավականին մեծ է: Օրինակ, այս սենյակի մակարդակով չենք հասկանում՝ եթե դուք լինեիք Դեմիրճյան փողոցի վրա, կարող էր էլի ֆիքսել, որ մենք գտնվում ենք նույն վայրում: Այդ դեպքում շրջանակը նույն վայրի մեծ է ու այդ մեծ շրջանակի հետ աշխատելը՝ դժվար: Այս մոդելով շատ հեշտ է հասկանալ՝ ովքեր են պոտենցիալ շփվողները: Ստուգում են զանգերը, եթե տեսնում են, որ իմ զանգերի մեջ կա զանգ ձեզ վերջին 14 օրում կամ մոտակա ժամանակահատվածում, ֆիքսվում է, որ մենք իրար ճանաչում ենք: Ասում են՝ փաստորեն ոչ միայն գեոլոկացիան է համընկնում, այլ նաեւ այս երկու հոգին իրար ճանաչում են, հետեւաբար կա հավանականություն, որ իրար հետ շփում են ունեցել: Զանգում են ձեզ, ասում են՝ Սուրեն Գրիգորյանի հետ շփում ունեցե՞լ եք, իր մոտ հայտնաբերվել է վարակ»:

Հարցին՝ եթե ձեր մոտ վարակը հայտնաբերեին ու ձեզ հարցնեին՝ ում հետ եք շփվել, չէի՞ք ասի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ կարող է շփված լինի, չհիշի կամ չասի էլ, հետեւաբար սա լրացուցիչ միջոց է պարզելու ճշգրիտ շրջանակը եւ այդ մարդկանց կամ ինքնամեկուսացնեն, կամ բուժօգնություն տրամադրեն, վարակի տրամադրման շղթաները կոտրեն. «Երբ որ ես փաստաբան էի աշխատում, իմ գործընկերներից մեկը մի ընկերության՝ իրար հետ փոխկապակցված լինելը elections.am-ից եւ ֆեյսբուքյան ընկերներից, իրար հետ գնալ հանգստանալով բաց դատայից՝ տվյալները դուրս բերեց: Պետք չի թերագնահատել, թե ինֆորմացիայի համադրման արդյունքում ինչ արդյունք կարող ենք ստանալ»:

Թունյանը հավելեց. «Խոսքը վերաբերում է ոչ թե գաղտնալսմանը, այլ զուտ հեռախոսազանգ կատարած լինելու փաստին: Այդ ինֆորմացիան այսպես թե այնպես պահպանվում է օպերատորի մեջ: Եթե զուտ հեռախոսային խոսակցության փաստն արձանագրելու հետ կապված վստահության խնդիր կա, ստացվում է, որ մենք ավելի շատ վստահում ենք հեռախոսային օպերատորին, քան պետությանն ու պետական համակարգին»:

Սուրեն Գրիգորյանն էլ ասաց. «Ոչ միայն հեռախոսային օպերատորներն են իմանում: Եթե ինչ-որ մեկը դեռ իրեն հարց չի տվել, թող տա՝ ուղղակի հեռախոս օգտագործելով Google-ը եւ այլ հավելվածները, որոնք ներբեռնելով՝ հազար գաղտնիքի, մեր հեռախոսային լիստին ու զանգերին «դոստուպ» ենք տալիս, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ինֆորմացիա ունեն մեր մասին ու մենք ներդաշնակ այդ իրողության հետ ապրում ենք: Դրա համեմատ՝ սա շատ չնչին ինֆորմացիա է, 0.000 քանի տոկոս»:

Դիտարկմանը, որ մտահոգությունները կապված են նրա հետ, որ հնարավոր է հետո չարաշահեն սա, արդյոք տվյալները գնալու են ԱԱԾ, ոստիկանություն, ո՞ւմ ձեռքում է դա կենտրոնանալու, ինչպես է օգտագործվելու՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ում ձեռքում են տվյալները կենտրոնանալու, կառավարության որոշմամբ է լինելու, դուք կգնահատեք՝ արդյոք ճի՞շտ մարմնի է դա վստահվել, թե՞ոչ: Բայց տվյալների՝ ի չարս օգտագործելու հետ կապված 3 բան է պետք ֆիքսել՝տվյալները ոչնչացնելու են արտակարգ դրության ավարտի հետո առավելագույնը մեկ ամիս հետո, եթե այլ ժամկետ կառավարությունը չսահմանի: Պետք է հասկանանք, թե այդ տվյալների՝ ի չարս օգտագործելու ինչ խնդիրներ կան: Անձը անձին զանգահարել է, օրինակ, այն փաստը, որ ես գտնվել եմ այստեղ, դա ո՞նց կարող է օգտագործվի վատ նպատակներով, միգուցե իմ ֆանտազիան չի հերիքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031