Լրահոս
Օրվա լրահոսը

Աքսիոմատիկ է՝ որևէ իշխանություն հանրային շահից ոչ պակաս առաջնորդվում է հենց սեփական քաղաքական շահի մոտիվներով. «Ժամանակ»

Մարտ 31,2020 11:21

Վարակակիր քաղաքացիների բջջային հեռախոսազանգերն արձանագրելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը Հայաստանում արժանացել է ամենատարբեր գնահատականների:

Տեսակետների շրջանակում է նաև սոցիալական բունտի թեման, և շատերը համարում են, որ բջջային զանգերը արձանագրելու կառավարության նպատակը սոցիալական վատթարացման հեռանկարում հանրության շրջանում բունտի հասունացումը կանխելն է:

Ինչպե՞ս է հնարավոր քաղաքացիների զանգերն արձանագրելով՝ սոցիալական բունտ կանխել: Եվ դա սոցիալական ցանցերի ու ինտերնետի դարում: Որովհետև ժամանակակից աշխարհում բունտը կանխվում է առաջին հերթին հաղորդակցության այդ միջոցները արգելափակելով, ոչ թե բջջային զանգերը արձանագրելով: Դրա պարզ վկայությունը ամբողջատիրական մի շարք երկրներն են, որոնք հենց այդպես են կանխարգելում ընդվզման հասունացումը: Դրան զուգահեռ, իշխանությունն այժմ էլ ունի տեխնոլոգիական բավարար գործիքակազմ, այսպես ասած, ռիսկային խմբերին հաղորդակցական իմաստով հետևելու համար, ընդ որում՝ առավել անաղմուկ, ինչն ավելի էֆեկտիվ կդարձնի վերահսկողությունը:

Միով բանիվ, խնդիրը, անշուշտ, կառավարությանը այսպես ասած՝ ավանսով արդարացնելը չէ: Ի վերջո, աքսիոմատիկ է, որ որևէ կառավարություն, որևէ իշխանություն իր քայլերի հիմքում հանրային շահից առնվազն, եթե ոչ ավելի, ապա ոչ պակաս առաջնորդվում է հենց սեփական քաղաքական շահի մոտիվներով: Երբեմն դրանք համընկնում են, երբեմն՝ ոչ, այստեղ, իհարկե, շատ կարևոր է քննադատական հայացքի և ընդդիմախոսության բաղադրիչը, որևէ կառավարության գերազանցապես հանրային շահի և հաշվետվողականության տիրույթում պահելու համար:

Պարզապես դրա համար շատ կարևոր է ընդդիմախոսության ռացիոնալ ասպեկտն ու շեշտադրումների ռացիոնալությունը, իրատեսականությունը: Հատկապես ճգնաժամային բարդ իրավիճակներում դա առավել քան կարևոր ու հրատապ է, քանի որ հասարակական սպասումները դրսևորվելով լոկալ առիթներով կամ պատճառներով, այդուհանդերձ կազմում են վարքագծային ամբողջական համակարգ: Իսկ որևէ հարցում հանրային վարքագիծը իռացիոնալ հիմքի վրա դնելը կարող է բերել մեկ այլ ծայրահեղության, արդեն ոչ թե կառավարության, այլ հանրային դաշտից: Պետության համար հետևանքը կարող է ծանր լինել հավասարապես: Ըստ այդմ, հույժ կարևոր է ռացիոնալ, փաստարկված ընդդիմախոսությունը, կոնսպիրոլոգիական իներցիոն բացատրությունների փոխարեն, որոնք հանրությանը կարող են տանել սխալ հետքի, սխալ ուղղության վրա, ազատ թողնելով ռացիոնալ ճանապարհը կամ ստեղծելով ռացիոնալության վակուում: Իսկ դրանից կարող են օգտվել կամ կառավարող ուժը, կամ այլ ուժեր, այս դեպքում արդեն նայած թե հանրության բախտն ինչպես կբերի, կամ հանրությունն ինչ դժբախտություն կունենա:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031