Երաժիշտ Հայկ Ստվերը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում է «Վերադարձ»: Տեսահոլովակում երգիչը ներկայանում է հակագազով ու պաշտպանիչ հագուստով: «Հայկական ժամանակը» Հայկ Ստվերի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, նրա արտասովոր կերպարի եւ նոր կորոնավիրուսի հետ համընկնումների մասին:
– Փաստորեն այս անգամ եւս խոսքերի ու երաժշտության հեղինակը դուք եք:
– Այո՛, բառերը, երաժշտությունը, գործիքավորումը, ձայնագրությունը, միքսը ես եմ արել: Ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Երգը գրել եմ անցած տարվա սկզբին: Առիթը Եվրատեսիլն էր, ներկայացրել էի դեկտեմբերին, բայց չհաղթահարեցի եւ լավագույն տասնյակում չընդգրկվեցի:
– Այսինքն՝ նոր կորոնավիրուսը չէ այս երգի ու տեսահոլովակի «մուսան»:
Կարդացեք նաև
– Կարող է շատերը մտածեն, որ այս վիրուսի մասին է, բայց՝ չէ: Իհարկե, վիրուսն էլ է սրա մեջ մտնում, քանի որ ամայություն է, դատարկություն, կյանքը կարծես կանգ է առել, բայց թեման ընդլայնված է, այն կարող է լինել միջուկային պատերազմ, քիմիական պատերազմ, կարող է նաեւ լինել բիոլոգիական պատերազմ: Կատարումն այն մասին է, որ մարդկությունը վերացման վտանգի առաջ է, բնությունն աղտոտված եւ այլն:
– Միմյանց հետ շփվելիս պարետի սահմանած կանոններին հետեւո՞ւմ էիք:
– Ես համարյա ամբողջ օրը հակագազի մեջ եմ եղել, իսկ իրենք կարող էին դնել, բայց չեն դրել: Մինչեւ հիմա կարծես թե ոչ մեկս չենք հիվանդացել: Եվ հետո, սա այն նեղ շրջանակն է, որին մենք ամեն օր ենք առնչվում, անգամ սովորական խանութ գնալիս:
– Հա՛յկ, այս օրերին Դուք ինչպե՞ս եք հաղթահարում տանը մնալն ու մեկուսացումը եւ ինչ խորհուրդ կտայիք ստեղծագործող կոլեգաներին եւ առհասարակ մեր քաղաքացիներին:
– Այսպես թե այնպես իմ աշխատանքը տնային էր, այսինքն՝ տանը ստեղծագործելով եմ միշտ զբաղված: Բացի դրանից, սպորտով եմ զբաղվում, օրվա ընթացքում պարում եմ, երգում: Իհարկե, մի փոքր դժվար է, բայց պիտի որ լավ լինի: Քանի որ սահմանափակ է շարժը, պետք է բոլորս տանը շատ շարժվենք, որպեսզի չգիրանանք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: