Լրահոս
Օրվա լրահոսը

Ապուշ օրենքների առանձնահատկությունները

Մարտ 31,2020 22:00

Ընկերներիցս մեկը սիրում էր կատակով ասել, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք չէ, մեր ճակատագիրը բռնապետությունն է: Այնուհետեւ, թատերական դադարից հետո ավելացնում էր՝ «Աստված տա, դա լուսավոր բռնապետություն լինի»:

Լուսավորյալ բացարձակապետության (абсолютизм) գաղափարներով արեւմտյան հասարակությունը տոգորվել էր 17-րդ դարում: Լուսավորության դարաշրջանի մտածողները երազում էին բանականության իշխանության եւ ռացիոնալ պետության մասին: Եվ միապետներից բարեփոխումներ էին ակնկալում: Այն ժամանակվա իշխանավորներն աջակցում էին մտածողներին եւ հարգանքով էին լսում նրանց կարծիքը: Ճիշտ է, չէին շտապում բարեփոխումներ անել: Այդ ամենն օրինաչափ ավարտ ունեցավ՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, որն ապացուցեց, որ լուսավորյալ բացարձակապետությունն ընդամենը ազատամտության վարժություն է: Առաջին հայացքից շատ գեղեցիկ զբաղմունք է եւ իրականության մեջ կիրառելու տեսանկյունից՝ բացարձակապես անկենսունակ: Սակայն պատմությունը, ի դեմս Նապոլեոն Բոնապարտի, առաջարկեց մեզ մեկ այլ մոդել, որն առայսօր հուզում է մարդկանց մտքերը՝ լուսավորյալ բռնապետությունը:

Համարվում է, որ հասարակությունը հնարավոր չէ «բարելավել»: Համենայնդեպս, հայտնի է, որ մարդկային էությունը արհեստականորեն բարելավելու բոլոր փորձերն ավարտվել են «ԳՈՒԼԱԳ»-ով, համակենտրոնացման ճամբարներով, Չինաստանում՝ «մշակութային հեղափոխությամբ», իսկ Կամբոջայում՝ կարմիր կխմերների կողմից՝ չափից դուրս գրագետ միլիոնավոր քաղաքացիների սպանությամբ:

Անգամ Նապոլեոնը, հեղափոխական տեռորին վերջ դնելուց եւ Ֆրանսիայում օրենքը վերականգնելուց հետո՝ երկիրը հասցրել էր կատարյալ ուժասպառության՝ պատերազմների միջոցով զգալիորեն կրճատելով տղամարդկանց քանակը (հենց դրանից էլ ծնվեց ֆրանսուհիների ազատ բարքերի մասին առասպելը):

Այսպիսով, պատմությունը հուշում է, որ լուսավորյալ բռնապետներ չեն լինում: Լինում են պարզապես բռնապետներ: Եվ ճիշտ նույն ձեւով պատմությունը հուշում է, որ ժողովրդավարություններն ավելի արդյունավետ են, հարուստ են, ազդեցիկ: Եվ ուրեմն, ինչո՞ւ է բռնապետությունը մեզ՝ Հայաստանի բնակիչներիս, ավելի մոտ եւ հոգեհարազատ:

Ես երկար եմ մտածել այդ հարցի շուրջ եւ, կարծես թե, գտա պատասխանը: Մենք իշխանությունը դիտարկում ենք որպես արտոնություն, ոչ թե որպես աշխատանք: Եվ ցանկացած, նույնիսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն արդարացնում է մեր այդ սպասելիքները: Նա սկսում է գողանալ, զբաղվել կոռուպցիայով կամ ինքն իրեն պարգեւավճարներ դուրս գրել: Այդ ամենի հետ կարելի էր հաշտվել, դրա միջով անցել են բոլոր հասարակությունները: Ավելի դժվար է հաշտվել մեկ այլ բանի հետ՝ երբ իշխանավորները վստահ են, որ մեր վզին կարելի է փաթաթել ցանկացած, անգամ ամենաապուշ օրենքները, որոնց պահանջներն անհնար է կատարել:

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին նախորդ իշխանության ժամանակ ուզում հետծննդյան նպաստից զրկել բարձր աշխատավարձ ստացող կանանց: Նաեւ հիշում եմ, որ 90-ականներին վարորդներին ստիպում էին կրակմարիչներ ունենալ, իսկ 2008-ին հրատարակչություններում գրաքննիչներ էին նստած: Հիշում եմ, թե ինչպես են մեզ մոտ պարբերաբար քննարկում օրհներգի, զինանշանի եւ դրոշի փոփոխության թեման (ենթադրում եմ, որ դա հավերժ զբաղմունք է), իսկ հիմա զբաղված են սոցիալական ցանցերում գրաքննություն մտցնելով:

Ապուշ օրենքների դժբախտությունն այն է, որ դրանք հնարավոր չէ կյանքի կոչել: Նման օրենքներ ստեղծող մարդիկ պետությունից եւ իշխանությունից խլում են ամենակարեւոր գործիքը՝ բանականությունը, ռացիոնալությունը՝ դարձնելով օրենքների կատարումը գործնականում անհնարին:

Իսկ մենք, տեսնելով կյանքի չկոչվող օրենքները, սկսում ենք երազել հաջորդ բռնապետի մասին:

Շրջանը փակվեց:

 

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031