Քանի որ կորոնավիրուսի համավարակի սկզբից արդեն բավականին մեծ ժամանակ է անցել, մասնագետները փորձում են գտնել ինչ-որ ալգորիթմ, որոշակի մաթեմատիկական մոդել, որը հնարավորություն կտա հետագայի համար կանխատեսումներ անել: Մյուս կողմից համաձայն եմ նաեւ այն հեղինակների հետ (մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի), որոնք պնդում են, որ այդ մոդելների մեջ պետք է ներբեռնել բազմաթիվ «մարդկային գործոններ»:
Վերցնենք թեկուզ այն օրինակը, որին արդեն իսկ անդրադարձել ենք: Եթե Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի առաջարկած մոդելը 100 տոկոսով ճիշտ լիներ եւ կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն երեք օր կրկնապատկվեր, ապա մեր երկրում մարտի 30-ի դրությամբ կունենայինք 580 վարակված, քանի որ 26-ին ունեինք 290: Բայց հիմա թիվը 482 է: Միանգամից ասեմ, որ պաշտոնական այս թվերին ես հավատում եմ՝ Հայաստանը փոքր երկիր է եւ մեզ մոտ այն քաղաքական ռեժիմը չէ, որն այս հարցում մարդկանցից փորձեր ինչ-որ բան թաքցնել: (Դա չի նշանակում, որ այլ հարցերում մարդկանց չեն մոլորեցնում, բայց դա այլ թեմա է): Ադրբեջանում, ենթադրում եմ, ավելի արհամարհական վերաբերմունք ունեն մարդկանց առողջության հանդեպ, եւ հարեւան երկրի իշխանությանը ոչինչ չի խոչընդոտում, որ վարակակիրներին ընդհանրապես չթեստավորեն կամ իրական թվերը չասեն:
Դառնալով մաթեմատիկական մոդելներին, եկեք շարունակենք այս պարզագույն դիտարկումը, եւ եթե երեք օրից վարակվածների թիվը Հայաստանում չհասնի 960-ի, ապա դա եւս մի ապացույց կլինի, որ հիշյալ մոդելը, համենայնդեպս, ունիվերսալ չի: Ընդ որում, եկեք ընդունենք, որ Հայաստանն այն երկիրը չէ, որի քաղաքացիները մեկուսացման, ինքնամեկուսացման, սոցիալական տարածության եւ հիգիենայի հարցերում դրսեւորում են ծայրահեղ պատասխանատու վերաբերմունք:
Իհարկե, ավելի մեծ կարեւորություն ունի մահացածների թիվը, որն այս պահիս 3-ն է: Ի դեպ, քանի որ, ցավոք, Հայաստանում էլի մահեր կլինեն, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այդ թիվը, դրա հետ կապված հանգամանքները, ինչպես եւ մնացած բոլոր թվերը հրապարակվեն օրը մեկ անգամ, իրավասու մարմնի կողմից, եւ հետո միայն քաղաքական գործիչները (վարչապետը ներառյալ) սկսեն դրանք մեկնաբանել: Պաշտոնյաների կողմից ամեն մի անզգուշորեն արտաբերած բառ (օրինակ, «ծանր» եւ «ծայրահեղ ծանր» վիճակի մասին) կարող է հիվանդներին, նրանց հարազատներին եւ ընդհանրապես բոլոր լսողներին դեպրեսիայի մեջ գցել կամ, հակառակը՝ անհարկի հույսեր արթնացնել:
Կարդացեք նաև
Գայթակղություն կա՝ գտնելու մի մոդել, որն առնչություններ կստեղծի վարակվածների եւ մահացածների թվերի միջեւ: Բայց այստեղ էլ, ինչպես իրավացիորեն նշվում է «Գերմանական ալիքի» հրապարակման մեջ, պետք է հաշվի առնել առնվազն 4 գործոններ, որոնք նույնական չեն տարբեր երկրներում՝ կատարված թեստերի քանակը, բնակչության միջին տարիքը, համաճարակի սկիզբը, բուժօգնության մակարդակը:
Բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են մարդուն, նրա առողջությանն ու հոգեբանությանը, նրա սոցիալական կյանքին, մոդելներին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
՛՛Կրկնապատկամն ժամանակը …կախված է մի շարք վիրոլոգիական հանգամանքներից և բնակչության դեմոգրաֆիկ հատկանիշներից, ինչպես նաև մարդկանց հասարակական վարքից (որը մենք կարող ենք փոխել…)՛՛, ասում է Ա. Դանագուլյանը: Եվ հետո… ՛՛Պարզության համար վերնցնենք 3 օր՛՛, ասում է նա: ՊԱՐԶՈՒԹՅԱՆ համար:
Սա նշանակում է, որ եթե ոչինչ չես անում, ապա այո, կրկնապատկման ժամանակը 2,5-3 օր է: Խիստ քննադատաբար մոտեցման դեպքում անգամ, (էջմիածնի նշանդրեք, շենգավիթ, 14 բուժաշխատողների միաժամանակյա վարակում և այլն) մերոնք ինչ որ բան անում են և նաև դրա հետևանքով է, որ վարակվածների թվաքանակի կտրուկ աճ դեռևս չունենք:
Օրինաչափություններ գտնելու համար լավ կլիներ սկզբից հարուստ վիճակագրական տվյալներ հավաքել այսօրվա մեր հիվանդանոցներում տարբեր հիվանդածին հարուցիչներից վարակված հիվանդների մասին, համեմատել այդ հարուցիչների ազդեցությունների նույնություններն ու տարբերությունները, թե չէ բռնել ենք մի հարուցիչի պոչն ու ուզում ենք օրինաչափություններ գտնել: Այսօր ամեն ժողովուրդ փորձում է իր պետության ուժերով պաշտպանվել այսօրվա զանգվածային լրատվական ու այլ զանգվածային միջոցներից իր տեսակը պահպանելու համար եւ ազգային պետական դիմադրողականություն ձեւավորել մակաբույծների կայսրությանը, միակ միջոցը՝ մենք էլ ձեւավորենք մեր հակամակաբույծ կայսրությունը այն ժողովուրդների պետություններից, որոնք նույնպես ցանկանում են իրենց տեսակը պահպանել, սա ժողովուրդների առողջության՝ մակաբույծների հանդեպ դիմադրողականության քննությունն է, մենք դրսի եւ ներսի ամբողջ ժողովրդով մի մարդու նման պետք է մի մարմին լինենք, մի ազգ եւ սա կլինի մեր առաջընթացը, խելոք ազգի համար է ասվում՝ չկա չարիք առանց բարիքի: