Կորոնավիրուսի օր օրի թափ հավաքող այս օրերին երկրի վարչապետը հեռախոսազրույցներ է ունենում քաղաքացիների հետ` հասկանալու, թե տարբեր ոլորտներում երկրում ինչպիսի վիճակ է տիրում։ «Պատահական» զանգերի փորձը, սակայն, նոր չէ։ Ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ, Նիկոլ Փաշինյանին այդ PR ակցիան հուշողներն ընդամենը գրագողեր են, քանի որ դեռ 1999-ին այդ ձևաչափով հասարակության հետ շփվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, որի «Ալո, Չավես» հաղորդումն այնքան մեծ վարկանիշ ուներ, որ 2007-ից ամեն օր ժամը 20:00-ից մինչև 21.30-ը հեռարձակվում էր Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերով։
-Հիմա իշխանությունը փորձում է տնտեսական խնդիրները մեղմելու համար բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթներ գործարկել, բայց ընդդիմադիրների վարկային արձակուրդի գաղափարին Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդըմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, նա արեք: Ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»։ Ինչպե՞ս հասկանալ, ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին նույնպես կողմ էր այդ վարկերի չեղարկմանը։
-Ես հիշում եմ 2 տարի առաջ Փաշինյանի հայտարարությունը, որ բանկերը թալանում ու կեղեքում են մարդկանց, ժամկետանց տույժ-տուգանքները, գյուղատնտեսական, սպառողական վարկերը պետք է զրոյացնել։ Հիմա էլ փորձում է բոլորին նույն արշինով չափել ու ասել, թե ինչու պիտի ներեն անպարտաճանաչ վարկ ունեցողներին։ Անպարտաճանաչների վերաբերյալ շատ հեշտ է տեղեկատվությունը ճշտել։ Իսկ հետո ասում է, թե ալկոգել արտադրողը, գերշահույթ է ստանում, ինչու վարկային արձակուրդ տալ։ Փաշինյանի տրամաբանությամբ` բոլոր վարկատուներն ալկոգել են արտադրում։
Դժվար իրավիճակներում հայտնվելիս Փաշինյանը փորձում է անտրամաբանական, անհեթեթ բան ասել, միայն թե մի բանով շեղի մարդկանց։ Գուցե իմքայլական պատգամավորի անգրագետ հարևան Պողոսը նրա հայտարարությունը, անգրագետ թեզերն ընդունում է մեծ ուրախությամբ, սակայն շատերը հասկանում են դրանց անհեթեթությունը։ Ի տարբերություն այլ երկրների ղեկավարների, որոնք հասարակության լայն շերտերին աջակցելու սոցիալական մեծ փաթեթներ են ներկայացրել, այս պահի դրությամբ Փաշինյանը միայն հինգ փաթեթի մասին խոստում է տվել։ Իսկ որ տնտեսությունը րոպե առ րոպե գահավիժում է, փաստ է։
Կարդացեք նաև
-Իշխանությունները վստահեցնում են, որ թեև անորոշ վիճակ է, բայց հնարավորությունները մեծ են։ Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը։
-Փաշինյանը կրկին փորձում է մութ սենյակում սև կատու ման գալ, երբ սև կատու այնտեղ չկա։ Ես տնտեսագետ չեմ, բայց շատ հետաքրքիր է, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում՝ 3 մլրդ դոլար ունեցող պետությունն ինչպես կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում տարեկան 6 մլրդ դոլարի իբր ազատված հարթակներում տեղ գրավել, իսկ 5 տարվա մեջ 30 մլրդ դոլարի օգուտ ստանալ։ Այսինքն, էդ հարթակները հենց այնպես դրվա՞ծ էին, որ Փաշինյանը գնար ու վերցներ։ 2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո, երբ այդ երկրների հարաբերությունները խզվեցին, հայ գործարարներն ահռելի հնարավորություն ունեին ռուսական շուկան ողողելու հանքային ջրով ու գինով, բայց չկարողացան անգամ դրա 10-15 տոկոսը լրացնել։ Այն դեպքում, որ այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, Ռուսաստանի հետ մենք փայլուն հարաբերություններ ունեինք։
Հիմա ինձ հետաքրքիր է, թե այս ահագնացող տնտեսական ճգնաժամի պայմաններում Փաշինյանն այդ ի՞նչ ֆանտասմագորիայի հետևից է ընկել կամ այդ ինչ արտադրություն պիտի հիմնի, որ տարեկան 5 մլրդ դոլարի շուկա ապահովի։ Այս ի՞նչ ձևով են խաբում ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը հիմա 3 կարևոր խնդիր պիտի լուծի. առաջին՝ օրավարձով աշխատող մարդկանց նվազագույն սոցիալական պահանջների ապահովում, երկրորդ՝ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների նվազագույն պահանջների ապահովում, քանի որ այս տարի նրանք չեն մեկնել ՌԴ, և երրորդ՝ գնաճի կանխում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում