Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են բարբարոսները հայտնվել Իտալիայում

Մարտ 31,2020 00:07

Բոլորս էլ, իհարկե, «բարբարոս» բառին տալիս ենք բացասական նշանակություն: Նաև ճիշտ է այն, որ մինչ օրս «Աթթիլան»` հոների արքայի անունը, ովքեր Իտալիա ժամանեցին 5-րդ դարում, նշանակում է կործանիչ, կամ «վանդալ» այսօր կոչում են այն մարդուն, ով առանց որևէ պատճառի ավերում է: Վանդալները թալանում են Հռոմը 410 և 455 թվականներին` ոչնչացնելով այն, ինչը վերջին հարյուրամյակում համարվում էր աշխարհի մայրաքաղաքը: Սակայն նաև ճիշտ է այն, որ գոթերը, լոնգոբարդները և ֆրանկները սիրահարված էին հռոմեական մշակույթին. նրանք ընդունեցին Քրիստոնեությունը, և այսօր հենց նրանց ենք պարտական դասական արվեստի և մշակույթի այն փոքր ժառանգության համար, որ պահպանվել է մինչ օրս:

Միլան

Միլանի Սանտ Ամբրոջոյի բազիլիկան հռոմեական աշխարհի և «խավարի տարիներից» հետո վերածննդի, շարունակականության խորհրդանիշն է: Տաճարը համարվում էր մշակույթի և իրավունքի էտալոն: Այն գտնվում է Պադանայի հարթավայրում, որտեղից այն ժամանակ վայրի ցեղերը փորձում էին իջնել թերակղզի և այնտեղից էլ անցնել Ֆրանսիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա:

Միլանը այն չորս մայրաքաղաքներից մեկն է, որ կնքվել է Դիոկղետանոսի կայսեր կողմից, սակայն իր առաջնահերթ կարևորության դերը վաստակել է այն դժվարին տարիներին, երբ թագավորում էր Ամբրոջոն (340-397 թթ.): Նա հաստատեց եպիսկոպոսի նոր մոդելը` ոչ միայն հոգևոր հայր, այլ նաև տեղի եկեղեցիների առաջնորդ, քաղաքական և տնտեսական ղեկավար և, հետևաբար, քաղաքացիների պաշտպան: Եպիսկոպոսի կոչումը ենթադրում էր առաջնորդի այնպիսի գործառույթ, որ կփոխարիներ կայսերական բյուրոկրատիային և մի քանի հարյուրամյակ հետո կվերափոխվեր եպիսկոպոս-դքսի` նշանակված ավելի շատ քաղաքական, քան կրոնական նկատառումներով:

Հարավային գոթերի իշխանությունը Իտալիայում

Վեստգոթերը թագավորություն են հիմնում Իսպանիայում, բուրգունդները` Ֆրանսիայում, վանդալները` Հյուսիսային Աֆրիկայում: Իտալիան ևս զերծ չի մնում. օստրոգոթերը Թեոդորոս Մեծի գլխավորությամբ, ով ստանձնում է գահը 493 թվականին, վերամիավորում են Իտալիան` մայրաքաղաք դարձնելով Ռավեննան, որը դեռևս վերջին հարյուրամյակում ուներ նշանակալից դեր որպես Պադանայի հարթավայրի նավահանգիստ` ելքով դեպի Արևելյան կայսրություն:

Արևելքի կայսր Հուստինիանոսը (527-565 թթ.) հասկանում է, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքի գոթերին և սկսում է մի երկար պատերազմ նրանց դեմ:

Այդպիսով Իտալիան բաժանվում է 3 մասի`

  1. Հյուսիսում` բարբարոսները, որ հետագայում գրավում են նաև Իտալիայի հարավի զգալի մասը (գոթերին փոխարինելու են գալիս լոնգոբարդները` պարտության մատնելով վերջիններիս):
  2. Մի հատված, որ ձգվում է Հռոմից մինչև Ռավեննա` անցնելով Ումբրիայով, դառնում է կրոնական մի երկիր` պապի իշխանության ներքո, ով այդ ժամանակ արդեն ողջ Քրիստոնեության հոգևոր առաջնորդն էր:
  3. Կղզիները, Կալաբրիան և Պուլիան, որ գրավվում են բյուզանդացիների կողմից` Կոստանդնուպոլսից անմիջական կախվածություն ունենալով:

Մեծ ճգնաժամը

Իտալիան, սակայն, ոչ միայն մասնատվեց, այլ նաև ավերվեց: Պատերազմի տասնամյակները նրան մատնեցին թշվառության, քաղաքները լքված էին, ճանապարհները` քանդված, և ջրանցքները, որ ոռոգում էին Պադանայի հարթավայրը, թաղվում են գետնի տակ` առաջացնելով հսկայական ճահիճներ, որ ձգվում էին Ռավեննայից Թուրին:

Սրանք են այսպես կոչված «խավարի տարիները»: Ի վերջո այդ խավարի մեջ ծնվում է լույսը` Ռավեննան, բյուզանդական քաղաք, որը արագ տեմպերով սկսում է ծաղկել: Ահա, սկսում է զարգանալ ևս մեկ քաղաք, որը, թերևս, սկսում է ինքնուրույն քաղաքականություն վարել. Վենետիկը: Ռավեննան ուներ ելք դեպի ծով, այդ ժամանակ Պադանայի հարթավայրի միակ մեծ նավահանգիստն էր` շրջապատված ճահիճներով, որոնք պաշտպանում էին թշնամիներից: Այն Եվրոպայի և Արևելյան կայսրության միջև առևտրի խոշոր կենտրոն էր, ինչպես և Վենետիկը: Վենետիկը շրջապատված էր մի ծովածոցով, որտեղ ծաղկում էին փոքր կղզիներ: Այստեղ էլ կառուցվում են մի շարք եկեղեցիներ և պալատներ, որոնք մինչ օրս քաղաքին յուրօրինակ կախարդանք են հաղորդում:

 

Ամալյա Ղազանչյան

Արուս Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031