Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սասնա ծռեր»-ի քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի արտահայտած մտքերը, մեղմ ասած, վրդովվեցրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ինքնամանրացման տեղամասի մեքենավար Դավիթ Համբարձումյանը։
Մասնավորապես Ավետիսյանը գրել է, որ՝ եթե կոմբինատը բժշկական արտադրությամբ չի զբաղվում, պիտի դադարեցնի աշխատանքը՝ չհոշոտի ընդերքը։
Կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի անմիջական հսկողությամբ արտադրական դեպարտամենտը կատարում է պարետի որոշումները՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք։ «Յուրաքանչյուր հերթափոխի սկզբում եւ վերջում բոլորը ջերմաչափվում են, անգամ 37.2 ջերմության դեպքում ուղարկվում են բուժկետ՝ հետազոտման»,-ասաց Դավիթը։
Վերջինիս խոսքով տրանսպորտային միջոցները, արտադրամասերը՝ օրը մի քանի անգամ ախտահանվում են, արտադրամասերում բաժանվում են դիմակներ և ձեռնոցներ։ «Աշխատանքի գալուց ավտոբուսները կանգնեցնում են գործակարգաբերողները (դիսպետչերները) եւ ստուգում, եթե առանց դիմակ մարդ է լինում, նկատողություն են անում և դիմակ տալիս, նույնը նաև արտադրամասի պատասխանատուները»,-նշեց Դավիթը։
Կարդացեք նաև
Կորոնավիրուսի հետ կապված վտանգը կանխարգելու նպատակով ԶՊՄԿ-ի օժանդակ ձեռնարկությունների աշխատանքները դադարեցված են։ Ավելին, ճաշարանը չի աշխատում, որպեսզի շատ մարդիկ իրար գլխի չհավաքվեն։ «60 տարեկան անց խրոնիկ հիվանդությամբ բոլոր աշխատակիցներն՝ աշխատավարձի պահպանմամբ ուղարկվել են տուն, նույնիսկ այս օրերին 65 տարին լրացածներին անգամ կենսաթոշակի չեն ուղարկում, որ սոցիալական ճգնաժամը չխորանա»,- նշեց մեր զրուցակիցը։
Այս դժվար օրերին էլ կոմբինատը իր սոցիալական ծրագրերն է իրականացնում. ձեռք է բերվել թոքերի արհեստական շնչառական ապարատներ, որը բաժանվելու հիվանդանոցներին՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ «Ամեն ինչ արվում է, որ ռիսկերը նվազագույնի հասցվեն»։
«Իսկ ոմանք կոմբինատի աշխատանքը դադարեցնելու կոչերով ուզում են դիվիդենտներ շահեն, որ կարողանան Ազգային ժողովի ապագա ընտրություններում մի քանի ձեն հավաքեն», -նշեց Դավիթ Համբարձումյանը՝ շարունակելով միտքը, թե՝ «ամեն ինչ բզբզալով չի»։
«5000 մարդ մնա անգործ, Վարուժան Ավետիսյա՞նն է պահելու նրանց ընտանիքները։ Այնպես որ, թող նա բզբզալու ուրիշ ոլորտներ գտնի։ Մեզ չի կարող մասնատել։ Մենք մեր ղեկավարության հետ ամեն ինչ կանենք ի բարօրություն մեր երկրի ու կանգնած ենք վարչապետի կողքին»,-ասաց Դավիթ Համբարձումյանն իր իսկ խոսքով՝ համարյա բոլոր աշխատակիցների անունից։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Նկարում` Դավիթ Համբարձումյանն է: