Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհասկանալի ու բացասական պահվածք էր… Ճանաչում եմ Յուրի Խաչատուրովին եւ կարդացել եմ նամակը, դա իրավաբանների կազմած նամակ-պատասխան էր». Քրիստինե Պողոսյան

Մարտ 30,2020 21:05

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, ինչպես հայտնի է, հրավիրվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որը մերժել է հրավերը: Հիշեցնենք, որ երբ ֆեյսբուքում Արտակ Գալստյանը, որը հայտնի է Վանոյի Արտակ մականվամբ, գրառում էր արել այն մասին, որ խուսափում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և այդպիսով խոչընդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը, Խաչատուրովի փաստաբանը հերքել էր դա՝ հորդորելով զերծ մնալ նման զրպարտչական գրառումներից:

Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արդեն ստացել է Խաչատուրովի նամակը, թե մերժում եմ ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստին: Այսօր ԱԺ-ում հանձնաժողովի անդամները աշխատանքային քննարկում են ունեցել Խաչատուրովի նամակի հարցի հետ կապված:

Յուրի Խաչատուրովն իր նամակում մասնավորապես գրել է. «Քաջ գիտակցելով ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովին չներկայանալու իմ իրավունքը` Ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ խնդրել եք հաշվի առնել «հարցի բարոյական և քաղաքական կողմերը»` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, և, որ զինծառայողը (այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի որևէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը և դրանով նպաստել որևէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը»:

Խնդրի «բարոյական կողմի» մասին նա գրել է. «Կասկածի տակ չդնելով Ձեր կողմից ինձ հասցեագրված նամակի հեղինակների «բարոյականության» մասին պատկերացումները, սույն նամակում չեմ ցանկանում վերլուծել ինձ համար հարցի բարոյական կողմերը, սակայն պետք է ընդգծեմ, որ ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության»:

Վերջում Յուրի Խաչատուրովը նշել է, թե կարծում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրած կլինի նաև 2016թ. ապրիլ ամսին ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ կազմված վերլուծությունները, որոնք ստորագրված են իր կողմից. «Իսկ այդ վերլուծություններին հետևել են մի շարք որոշումներ, որոնք, ըստ իս, սպառիչ են «բարոյական և քաղաքական» եզրահանգման գալու համար, ուստի ես մերժում եմ Հանձնաժողով ներկայանալու մասին Ձեր առաջարկը»:

Մեր տեղեկություններով՝ ԱԺ միջանցքում նկատել են, թե ինչպես է հատկապես հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բողոքում Խաչատուրովի նման պահվածքից:

Aravot.am-ի հետ զրույցում Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ես առանձնապես ծանր չեմ տարել Խաչատուրովի մերժումը: Մենք այսօր շատ բուռն քննարկում էինք, թե մեր հետագա գործերը ոնց ենք կազմակերպելու: Ես շատ բացասական եմ վերաբերվում չգալուն, որովհետեւ սա այն հանձնաժողովն է ու այն հարցն է, որ ոչ ոք չպետք է ասեր՝ չեմ գալու: Իսկ մանրամասները, թե ինչ ենք անելու իր չգալու հետ կապված, պարոն Քոչարյանը կասի: Ես բացասական եմ վերաբերվում ցանկացածին, ով չի գալիս, որովհետեւ ապրիլյան պատերազմը դա այն հարցն է, որը ազգին, բոլորին է վերաբերվում ու դրա հետ կապված ոչ ոք չպետք է ասեր՝ ես չեմ գալիս»:

Քրիստինե Պողոսյանն ընդունում է, որ պարտադրանք չկա, օրենքը թույլ տալիս է, որ եթե անձը չի ցանկանում՝ չգա. «Օրենքն այդ բացն ունի, կարող են իրավական առումով չգալ, բայց բարոյապես ես կարծում եմ, որ ոչ ոք չէր կարող չգալ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ունե՞ք ձեր վարկածը, թե ինչո՞ւ է մերժել Խաչատուրովը ու հատկապես նա, որ ապրիլյան պատերազմի հետ կապված շատ ասելիք կունենար, իր չգալը հանդգնությո՞ւն եք համարում՝Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման որակավորումներ տալ, ես կարող եմ միայն իմ կարծիքը ասել՝ իմ համար սա անհասկանալի ու բացասական պահվածք էր, մենք իրեն շատ հարցեր ունեինք տալու: Մենք հետագայում քննարկելու ենք նաեւ այլ ֆորմատով այդ հարցերը բարձրացնելու հարցը»:

Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ հաջորդը հրավիրելու են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ուստի հարցին՝ կարելի՞ է սրանից ենթադրել, որ Սերժ Սարգսյանը նույնպես չի գա՝ տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման ենթադրություններ անել: Ես հուսով եմ կգա, որովհետեւ ինքը եղել է պատասխանատուն եւ պետք է գա ու հանձնաժողովի հարցերին պատասխանի, որպեսզի մենք էլ կարողանանք եզրակացություն անել ու այդ եզրակացությունը ներկայացնել հանրությանը»:

Հարցրեցինք՝ ձեր գնահատմամբ, սա Խաչատուրովի անձնակա՞ն որոշումն էր, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ ուժեր հնարավոր է նրան հրահանգած լինեն նման կերպ վարվել՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, օրինակ, ճնշում են գործադրել՝ չի եկել, բայց դա կլինի իմ սուբյեկտիվ ու ոչ ճիշտ կարծիքը: Չի եկել՝ չի եկել, նշանակում է, ինքն այդպես է որոշել»: Նա հորդորեց Խաչատուրովին հարցնել, թե ինչո՞ւ չի ներկայացել:

Մենք նաեւ ճշտեցինք՝ ակնկալվո՞ւմ է, որ Խաչատուրովի այդ նամակից հետո դուք պետք է նրան պատասխան նամակ գրեք՝ պատգամավորը պատասխանեց. «9-10 ամիս է՝ աշխատում ենք ու առաջին անգամ է, որ հանձնաժողովը հրավեր է ուղարկում ու դրան իրավաբանների գրած նամակ-պատասխան է գալիս ու մարդը չի գալիս: Սա առաջին դեպքն է: Կարծում եմ, հենց ինքը պետք է գար, որովհետեւ ամբողջ հարցերը ուղղված էին իրեն եւ այդ ժամանակ երկրի ղեկավար հանդիսացող Սերժ Սարգսյանին»:

Հարցին՝ ինչի՞ց եք ենթադրում, որ դա իրավաբաններն են գրել, ոչ թե Խաչատուրովն անձամբ՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ուղղակի ճանաչում եմ Յուրի Խաչատուրովին եւ կարդացել եմ նամակը, դրանից եմ եզրակացություն անում, որ դա իրավաբանների կազմած նամակ-պատասխան էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031