Aravot.am-ն այսօր Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանին հարցրեց՝ արդեն տեղեկություններ կան, որ զբոսաշրջության ոլորտի ընկերությունները բիզնեսի լուծարման գործընթաց են սկսում, տեղյա՞կ եք արդյոք քանի՞ ընկերություն է մտադիր լուծարվել եւ որպես հիմնական խնդիր ինչն են նշում լուծարման պատճառ։ Aravot.am-ի տեղեկություններով՝ պատճառներից մեկը հարկային բեռն է։
Տիկին Սաֆարյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության մամուլի սրահում: Ի պատասխան մեր հարցի, Սուսաննա Սաֆարյանն ասաց. «Մեր հաղորդակցությունը զբոսաշրջային ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ ցույց է տվել, որ, այո, հիմնական ծախսը, որ իրենք այս պահին ունեն, իրենց կոմունալ ծառայություններն են, իրենց աշխատակիցների աշխատավարձերն են, հարկային ու վարկային պարտավորություններն են: Բնական է, եթե չկան զբոսաշրջային մուտքերը, այսինքն՝ կազմակերպությունները որեւէ շահույթ չունեն այս ընթացքում, բնական է, որ սրանք իրենց կրիտիկական կարիքներն են, որոնք լինելու են եւ այդ իսկ պատճառով, վերոնշյալ գործիքակազմը, որը ներմուծվել է աջակցության համար, որոշակիորեն ծածկում են այդ կարիքները: Կան զբոսաշրջային սուբյեկտներ, որոնց վերաբերյալ դեռեւս անդրադարձ չկա, բայց շուտով կլինի»:
Ինչ վերաբերում է Aravot.am-ի այն հարցին՝ քանի՞ բիզնես է լուծարման գործընթացում, տիկին Սաֆարյանը պատասխանեց, որ լուծարման գործընթացի գույքագրում դեռ չունեն, բայց բանավոր հաղորդակցության ժամանակ շատերն են նշել, որ իրավիճակը չշտկվելու արդյունքում հնարավոր է, որ գնան լուծարման:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով բիզնեսի լուծարման վերաբերյալ Aravot.am-ի հնչեցրած հարցին, ասաց, որ այս մեկ ամիսն այն ժամանակահատվածը չէ, որ բիզնեսը որոշի լուծարվել, եւ որ արժեքավոր բիզնեսը պետք է, ոչ թե մտածի լուծարվելու, այլ լուծումներ գտնի ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները պահպանելու, զարգացնելու մասին:
Կարդացեք նաև
Սուսաննա Սաֆարյանին խնդրեցինք պատասխանել` արդյոք այս իրավիճակում, երբ ողջ աշխարհն է կանգնած զբոսաշրջային ճգնաժամի առաջ, եւ հայտնի էլ չէ` երբ կավարտվի այն, տուրիզմի բիզնեսով զբաղվող ընկերությունները կարող են նոր լուծումներ գտնել իրենց բիզնեսի համար։
Կոմիտեի ղեկավարն ասաց, որ կիսում է Մհեր Գրիգորյանի տեսակետը այն առումով, որ անհրաժեշտ է ոչ թե սպասել արդյունքներին, այլեւ որոշակի լուծումներ փնտրել. «Միգուցե պետք է վերակազմավորել բիզնեսները՝ որոշակիորեն զբաղեցնելով այլ գործառույթներ, որոնք այս պահին կարող են ավելի ակտուալ համարվել՝ մինչեւ զբոսաշրջային այցելությունները կվերականգնվեն: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է Հայաստանում, մենք չունենք ժամանակահատված, կանխատեսում թե երբվանից կորոնավիրուսը կնահանջի եւ կսկսեն զբոսաշրջային այցելությունները: Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք պլանավորումները կազմակերպել եկող տարվա համար՝ սկսած տարեսկզբից, երբ իրավիճակը մի փոքր կթեթեւանա զբոսաշրջային ընկերությունները կսկսեն կառուցել իրենց ծրագրերը 2021 թվականի համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ