Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացինե՛ր
Վաղը՝ 2020 թ. մարտի 31-ին, նախատեսված են ՀՀ տարածքում գործող ապօրինի մարմինների՝ այսպես կոչված Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։
Դրանք, ապազգային և ապօրինի լինելուց զատ, անցկացվում են մահաբեր նոր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ Երևանում և ՀՀ մի շարք այլ մարզերում այսօրվա դրությամբ արդեն արձանագրվել է 482 հիվանդացության և 3 մահվան դեպք։
Ակնհայտ է, որ մեծ վարակելիությամբ այդ հիվանդությունը, որ ունի երկշաբաթյա գաղտնի շրջան, առկա է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ Արցախի մարզում։
Կարդացեք նաև
Մենք տեսանք, թե ինչպես այդ հիվանդության համաճարակը բռնկվեց մեր հարևան Իրանում անցկացված խորհրդարանական և Ֆրանսիայում՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով։
ՀՀ շատ քաղաքական ուժեր և գործիչներ, մտավորականներ, արտերկրաբնակ հայության հայտնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուներ ու կուսակցություններ կոչ արեցին չեղարկել (հետաձգել) դրանք և Արցախում ՀՀ տարածքի մնացյալ մասի ռեժիմով արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի բռնկումը։
Արցախում համաճարակի բռնկումը կրկնակի վտանգավոր է, քանի որ թափանցելու է բանակի շարքեր և հարցականի տակ է դնելու մեր պաշտպանունակությունը։
Ցավալիորեն արձանագրում ենք, որ թե՛ պաշտոնական Երևանը, և թե՛ Ստեփանակերտի իշխանիկները չլսեցին ողջամտության ձայնը և որոշեցին ձեր կյանքի, առողջության ու պետության պաշտպանունակության հաշվին անցկացնել այդ չարաբաստիկ ընտրությունները։
Ստեփանակերտում իշխող մաֆիայի նպատակը մեկն է՝ ապահովել իր վերարտադրությունը և թալանը շարունակելու հնարավորությունը։
Իսկ պաշտոնական Երևանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից և այն հանձնում է օտարին ծառայող մաֆիային։
Նրանց պատասխանատվության մասին կխոսենք համաճարակը հաղթահարելուց հետո, իսկ այս պահին առաջնահերթ է պահպանել ձեր կյանքն ու առողջությունը և բանակի մարտունակությունը։
Նման իրավիճակում, երբ իշխանությունը գործում է ժողովրդի ու պետականության դեմ, ձեզանից յուրաքանչյուրի կամքն ու վարքագիծը շատ կարևոր է դառնում թե՛ ձեր, ձեր հարազատների ու համաքաղաքացիների, և թե՛ բանակի մարտունակությունը փրկելու հարցում։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ կոչ ենք անում բոյկոտել համաճարակ առաջացնող և ապօրինի ընտրությունները, մնալ տանը և ապալեգիտիմացնել դրանք։
Նրանք, որ կմասնակցեն ընտրություններին, կամա թե ակամա դառնալու են հիվանդացության, մահերի և բանակի մարտունակության թուլացման պատճառ։
Այն իշխանությունը, որ կձևավորվի համաճարակ տարածելու գնով ու բոյկոտի պայմաններում, չի կարողանալու ոտքի վրա մնալ և կարճ ժամանակ անց կտապալվի ձեր համախմբված կամքի գործադրմամբ։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
Ա, դե իսկականից զզվացրեցիք, հեռու մնացեք ԼՂՀ-ից, այ մարգինալներ: