Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 175 հազար զբոսաշրջիկ չի եկել, 135 միլիոն դրամ կորցրել ենք

Մարտ 30,2020 19:33

Նախորդ տարվա հետ համեմատությամբ, առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ: Այսօր այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը, որը կառավարության մամուլի սրահում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դա բավականին զգալի կորուստ է զբոսաշրջային ինդուստրիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը զբոսաշրջության ամենաակտիվ եռամսյակը չէր: Երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ փակ սահմաններ են, թռիչքները դադարեցված են: Դեռեւս չեմ կարող ասել՝ ինչ թվային կորուստների մասին է խոսքը, բայց, եթե հաշվարկենք մեկ զբոսաշրջիկին բաժին ընկնող արժեքով, դա կլինի, մոտավորապես, 175000-ը բազմապատկած 770 դոլարով, որը Հայաստանում մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է»:

Ըստ կոմիտեի ղեկավարի, կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջությունն ամենաշատը տուժած ոլորտներից է, զբոսաշրջային այցելությունները աշխարհի կտրվածով, գրեթե զրո են: Նրա խոսքով, այս ոլորտը համարվում է առավել խոցելի, քանի որ լուրջ վնասներ է կրում. շղթայաբար տուժում են հյուրանոցները, հյուրատները, որոնց հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են: Տիկին Սաֆարյանը ներկայացրեց՝ ովքեր կարող են օգտվել կառավարության աջակցման ծրագրից: Նա նշեց, որ աջակցությունը ոչ ամբողջությամբ կծածկի այն վնասները, որոնք կրում են ոլորտի ընկերությունները:

Սուսաննա Սաֆարյանը նշեց, որ հյուրանոցները կարող են համագործակցել կառավարության հետ. «Այս պահին հանրապետության որոշակի տարածքներում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, երբ վարակակիր անձանց շփման շրջանակի անձանց մեկուսացնում են եւ այդ գործընթացը տեղի է ունենում հյուրանոցների հետ համագործակցությամբ: Եվ այն հյուրանոցները, որոնք ցանկություն են հայտնում իրենց հյուրանոցները ներգրավել որպես կացարաններ, կարող են գնային առաջարկներ անել»:

Ըստ կոմիտեի ղեկավարի, նախընտրելի են 50 եւ ավելի սենյակներ ունեցող հյուրանոցները: Հյուրանոցները պետք է լինեն Երեւանի, Ծաղկաձորի եւ Դիլիջանի տարածքներում: Նա չբացառեց, որ փոքր հյուրանոցների անհրաժեշտություն նույնպես առաջանա, ուստի, կոչ արեց դրանց սեփականատերերն էլ գնային առաջարկներ ներկայացնեն, որպեսզի տվյալների բազան ձեռքի տակ ունենան եւ կոորդինացիան շատ արագ ապահովեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031