Գյումրիում ամեն օր իրականացվում են ախտահանման աշխատանքներ, նույնիսկ այն համատիրությունները, որոնցից բնակիչներն այնքան էլ գոհ չէին, այս օրերին մեծ թափով ախտահանում են բազմաբնակարան շենքերի մուտքերը։ Գյումրիում ամենուր կարելի է տեսնել ախտահանվող կանգառներ, դատարկ աղբարկղեր, ոչ անձրևային եղանակներին էլ՝ բոլոր փողոցներով պտտվող ջրցան մեքենաներ։
Aravot.am- հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն ասաց, որ փողոցներում կատարվող ամենօրյա ախտահանման աշխատանքներից բացի, իրենք օգնում են նաև բնակիչներին։
«Ով զանգահարեց՝ շենքերից, սեփական տներից, անմիջապես մոտենում ենք, և՛ ախտահանում ենք, և՛ քլոր ենք տրամադրում։ Թու, թու, թու, մենք դեռ քլորի պակաս չունենք։ Մեր ունեցած ռեսուրսներով ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սիրտը շահելու համար, այնպես ենք անում, որ հանկարծ խուճապ չառաջանա, թե մեր դռները չախտահանվեցին։
Ինչքան կանգառ ունենք, ինչքան աղբաման ունենք, բոլորն՝ ըստ հերթականության, ախտահանում ենք։ Ավտոպարկը ևս ախտահանում ենք, վարորդների կողքը դրել ենք սարքերը՝ քլորաջրով, ըստ անհրաժեշտության՝ իրենք էլ են ախտահանում անում, հետո հասան պարկ, լրացուցիչ այնտեղ էլ են անում։
Կարդացեք նաև
Համատիրություններին էլ սարքեր ենք տրամադրել , էլի ենք տրամադրում, այսօր օրինակ՝ «Միասնություն» համատիրությունից էին զանգահարել, ներարկման սարք էին ուզում։ Ով գտնի, որ անհրաժեշտ է, անմիջապես տրամադրում ենք։
Մեզ «DeltaTelecom»-ը 30 սարք նվիրեց, ապրեն իրենք, հիմա այդ սարքերը տրամադրում ենք, սարքի խնդիր էլ չունենք, բնակիչներից անգամ զանգել, խնդրել են, տրամադրել ենք։
Քաղաքը տեղը տեղին ախտահանվում է, վստահեցնում եմ՝ մեր բնակիչներն այս առումով մտահոգվելու ոչ մի առիթ չունեն»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի ՖԲ էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ