Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, մտահոգիչ է, որ Մարտունու դեպքերի հետ կապված` մեր ներկայացրած հաղորդումից միայն 12 օր հետո է քրեական գործ հարուցվում». Դանիել Իոաննիսյան

Մարտ 30,2020 19:01

«Ցավոք, մեր հորդորները պատկան մարմիններին տեղ չհասան, և վաղն ընտրությունները կայանալու են: Մի կողմից քաղաքացիների առողջության հարցն է, մյուս կողմից այն քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունը, որոնք կգնանք ընտրական տեղամաս: Այդուհանդերձ, ընտրությունների անցկացումը խնդրահարույց է»,-Ստեփանակերտում Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսին հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նա հայտնեց, որ շատ քաղաքացիներ նույնիսկ վախեցած են. զերծ կմնան ընտրությունների մասնակցությունից: Նա մանրամասնեց. «Մենք բազմաթիվ խողովակներով, միջոցներով փորձել ենք հորդորել պատկան մարմիններին, որ ընտրությունները հետաձգվեն և մտահոգություններ հայտնել այս միջավայրում ընտրությունների անցկացման հետ կապված: Բայց, ցավոք, մեր հորդորները չլսեցին: Մենք վստահ ենք, որ բացի հարցի առողջապահական կողմից, որը բնականաբար, ռիսկեր է պարունակում, նաև խնդիրներ կան ընտրողների առումով: Շատ ընտրողներ, որոնք ռիսկային խմբի ներկայացուցիչներ ունեն, որոնք առավել անկախ են, ընտրությունների չեն գնա»:

Կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Հերմինե Գասպարյանը նկատեց, որ դեռ այսպես դժվարությամբ ոչ մի դիտորդական առաքելություն չէին կազմակերպել և մանրամասնեց. «Այս առաքելությունը կազմակերպելը շատ դժվար էր: Երբ հայտարարեցինք դիտորդական առաքելության մասին, ոգևորությունը մեծ էր հատկապես ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնք ուզում էին դիտորդություն իրականացնել: Մենք ստացել էինք 500-ից ավելի հայտեր: Դրանք մեր չափանիշներով զտելով՝ 350 դիտորդ էին, որոնք պոտենցիալ կարող էին մասնակցել մեր դիտարկմանը: Բայց ոչ ոք այս իրավիճակը կանխատեսել չէր կարող. մեր դիտորդների թվերը փոխվեցին, բայց ի պատիվ մեր թիմի՝ կորուստները այնքան էլ մեծ չեն եղել: Շուրջ 28 հոգի է հրաժարվել մասնակցությունից: Իրականացնում ենք դիտորդություն 112 դիտորդով, որոնցից 77-ը ՀՀ-ի դիտորդներն են»:

Խոսելով դիտորդության մեթոդաբանության մասին՝ Հերմինե Գասպարյանն ասաց, որ ունեն 96 տեղամասային դիտորդներ, 52 տեղամասերում իրականացնելու են դիտարկում, ինչը ծածկում է Արցախի բոլոր շրջանների տեղամասերը: Նաև ունեն 18 շրջիկ դիտորդներ, որոնք ինը խմբերով են դիտարկում իրականցվելու:

Հարցին՝ արդյոք Հայաստանից պե՞տք  էր դիտորդներ ուղարկել Արցախ, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Մենք բավականին ծանր և երկար քննարկումների արդյունքում ընդունեցինք, որ չենք կարող Արցախի ընտրությունները թողնել առանց պատշաճ վերահսկողության: Առավել ևս, մենք մեր վրա ավելի շատ պարտավորություն սկսեցինք զգալ իրականացնել դիտորդություն և փորձել ուժերի ներածի չափով պաշտպանել արցախցիների ընտրական իրավունքը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ խնդիրներ են արձանագրել նախընտրական փուլում, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Մենք իրականացրել ենք մեդիա մոնիտորինգ և իրավապահ համակարգի մոնիտորինգ: Չենք իրականացրել դասական երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ օրինակ` պաստառների հետ կապված և այլն: Այս ընթացքում արձանագրել ենք խախտումներ՝ կապված իրավապահ համակարգի հետ: Դրանց մասին ներկայացրել ենք չորս հաղորդում հանցագործության մասին: Մեր՝12-13 օր առաջ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման առիթով, որը կապված է Մարտունու դեպքերի հետ, հարուցվեց քրեական գործ»:

Դիտարկմանը՝ մտահոգիչ չէ՞ այն, որ հաղորդում ներկայացնելուց 12 օր հետո է քրեական գործ հարուցվել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Այո, մտահոգիչ է: Կարծում էինք, որ քրեական գործ պետք է հարուցվեր հենց հաղորդում ներկայացնելու հաջորդ օրը և ինտենսիվ սկսվեր նախաքննությունը: Քրեական գործի՝ այսքան դանդաղումը բավականին վատ ուղերձ էր բոլոր այն անձանց, որոնց մտքով կարող էր անցնել ընտրական հանցագործությունը»:

Հարցին՝ ճի՞շտ որոշում էր Արցախի ընտրությունները չհետաձգելը, ինչպե՞ս կմեկնաբանի այս առիթով որոշ թեկնածուների հայտարարությունները, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Դրանք քաղաքական հայտարարություններ են: Քաղաքական հայտարարություններին դիտորդական առաքելության կողմից գնահատական տալը, առավել ևս դա անել լռության օրը, այնքան էլ կոռեկտ չէ: Այս առումով զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հրապարակված է.  կարող են կարդալ և իրենց գնահատականները տալ»:

Լրագրողների հիշեցմանը՝ դեպքեր գիտեն, երբ որոշ թեկնածուներ որպես ընտրակաշառք անձանց խանութների պարտքերն են զրոյացրել, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ լռության օրը չի պատրաստվում թեկնածուների անուններ հնչեցնել:

Խնդիրների մասին խոսելով՝ Դանիել Իոաննիսյանը եզրափակեց. «Նախկինում մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ լրջագույն խնդիրներ կան, բայց հիմա ես գնահատականներ չեմ տա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031