Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատական բժիշկը՝ փոխնախարարին. «Դիահերձարաններով զբաղվեք, ով 10 քմ սալիկապատված տարածք ունի, փող է աշխատում»

Մարտ 30,2020 17:54

Aravot.am-ի հետ զրույցում  ՀՀ Առողջապահության նախարարության նախկին գլխավոր պաթանատոմ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դատական բժիշկ Գարիկ Աղաբեկյանն ասաց, որ մտահոգված է ԱԺ-ում առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից: Մասնագետը նաեւ մի քանի հարցերի վրա ուշադրություն հրավիրեց:

«Լսեցի, որ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը օրենքի նախագծից էր խոսում, որ կորոնավիրուսից մահացած հիվանդների դիակները չհերձեն, քանի որ չունենք համապատասխան պայմաններ: Նա մտահոգված էր, որ բժիշկները կարող են վարակվել:

Ցանկալի կլիներ, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ուսումնասիրեր ՀՀ-ում պաթանատոմիական  ծառայությունների, դիահերձարանների վիճակը, ապա նոր միայն խոսեր կորոնավիրուսով հիվանդացած ու մահացած անձանցից ու ինչ-ինչ հայտարարություններ աներ:

Իմ ձեռքի տակ մահվան մասին բժշկական վկայականն է, ժողովրդի լեզվով ասած՝ «մահվան թուղթը»: Այնտեղ նշվում է, թե պաթանատոմիական դիահերձումից հետո ինչ պետք է լրացնի բժիշկը:

Առաջին՝ անմիջական մահվան բերող հիվանդություն կամ ախտաբանական վիճակ՝ այստեղ չես կարող նշել կորոնավիրուս, որովհետեւ կորոնավիրուսը անմիջական մահվան բերող ախտաբանական վիճակը չէ: Պետք է նշել, թե ինչից մահացավ մարդը, իսկ տվյալ հիվանդները, որպես կանոն մահանում են սիրտ-թոքային անբավարարությունից եւ թոքերի այտուցից:

Երկրորդ կետը՝ ախտաբանական վիճակներ, որոնք բերել են վերը նշված պատճառի առաջացմանը: Արդեն այստեղ կարելի է նշել կորոնավիրուս:

Եթե մենք չդիահերձենք տվյալ հիվանդներին, Հայաստանի Հանրապետությունում չենք ունենա ճիշտ վիճակագրություն, թե բնակչության քանի տոկոսը ինչից մահացավ, որոնք են մահացության պատճառները:

Եթե փոխնախարարը կարծում է, որ բժիշկները դիահերձում կատարելիս կվարակվեն, ուզում եմ իրեն տեղեկացնել, որ դա արյունով չի փոխանցվում, իսկ եթե մտածում են բժիշկների վարակվելու մասին, թող վերադարձնեն նախկին նորմերը, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունում  դիահերձարանները լիցենզիա ստանալու համար պարտադիր պետք է երկու սրահ ունենային, մեկը ինֆեկցիոն, մյուսը՝ սովորական դիահերձման համար:

Երբ ես գլխավոր մասնագետ էի, ժամանակին պայքարեցի, որ մեր դիահերձարանների թիվը չավելանա, որովհետեւ մեզ մոտ, ով 10 քմ սալիկապատված տարածք էր գտնում, ուզում էր լիցենզիա ստանալ դիակ հերձելու համար, ինչը մեծ բիզնես է: Իմ պաշտոնավարման ժամանակ ընդամենը 10 դիահերձարան կար, իսկ այսօր Երեւանում գործում է 20 դիահերձարան: Մարդիկ փող են աշխատում: Առողջապահության սիրելի փոխնախարար, ավելի լավ է դրա փոխարեն վերադարձրեք նախկին կանոնները եւ պահանջեք, որ դիահերձարանները նախկինի նման երկու սրահ ունենան:

Ինչ վերաբերում է դիահերձելուց բժիշկների վարակվելուն, հիշեցնեմ, որ նախկինում դիահերձարաններում բժիշկները եւ սանիտարները կրում էին հատուկ արտահագուստ՝ ինֆեկցիոն դիակները հերձելուց առաջ: Դիակների մշակումն էլ հատուկ ձեւով էր կատարվում, դիահերձարաններում դիասեղանի տակ հատուկ տարրա կար, որտեղ հավաքվում էր մշակման ժամանակ առաջացած  հեղուկը, որը քլորով դեզինֆեկցվելուց հետո էր ուղղվում կոյուղի»,-ասաց Գարիկ Աղաբեկյանը:

Բժշկական գիտությունների դոկտորը հիշեցրեց, որ նախկինում առողջապահության նախարարությունն ուներ  գլխավոր մասնագետներ. «Մեր սիրելի Արսեն Թորոսյանն այդ ինստիտուտը վերացրեց, կարծեմ թողել է մի քանի տասնյակ հոգու, անունն էլ դրել է խորհրդատուներ: Ունի նաեւ պաթանատոմիայի գծով գլխավոր խորհրդատու: Տիկին փոխնախարար, գոնե այդ մասնագետին հրավիրեք եւ իր հետ խորհրդակցեք, հաստատ ձեզանից ավել կիմանա»:

Դատական բժիշկը նաեւ պնդում է, որ երկու մետր խորությամբ թաղելիս՝ մշակված դիակները չեն կարող վտանգ ներկայացնել: «Ի վերջո ունենք նաեւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն, կարելի է օգտագործել նաեւ տեղի դիահերձարանը, կորոնավիրուսից մահացածների դիակները կարելի է նաեւ այդտեղի դիահերձարան տեղափոխել, մինչեւ իրավիճակը փոխվի… Նորից եմ կրկնում, ցավոք, Երեւանում այսօր 20 դիահերձարան ունենք, մայրաքաղաքը հո գերազմանատո՞ւն չի»:

Մասնագետը միաժամանակ պնդում է, որ դիահերձումն անհրաժեշտ է նաեւ այն նպատակով, որպեսզի մասնագետները տեսնեն, թե կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ ներքին օրգաններն ինչ փոփոխությունների են ենթարկվել. «Ամեն ինչի մասին մեկ օրվա կտրվածքով չպետք է մտածել, ի վերջո գիտական հարցեր էլ կան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031