Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ խուսափենք «օրավարձով աշխատող» ձևակերպումից, ունենք փաստ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են եկամտի միակ աղբյուրից. Մարուքյանը դիմել է վարչապետին և ԿԲ-ի նախագահին

Մարտ 30,2020 17:35

Հայաստանի Հանրապետության վարչապետ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
ԱՐԹՈւՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համարժեք չեն ճգնաժամի խորությանն ու տևողությանը։ Արևմտյան կառավարություններն արձագանքում են համաճարակին ՀՆԱի 5-10%-ի հասնող տնտեսական խթանման փաթեթներով։ Կառավարության հակաճգնաժամային փաթեթի ֆիսկալ կշիռն առնվազն տասն անգամ անհամարժեք է։

Կառավարության 5 կետանոց միջոցառումների փաթեթը հիմնականում բաղկացած է վարկերից, իսկ բուն բյուջետային ծախսը (գրանտներ, նպաստներ, տոկոսների սուբսիդիա) չնչին թիվ է, որը ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում։

Այս պահին ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամը դիմավորում է վերջին 3 տարիներին կուտակված բյուջետային շուրջ 350 մլրդ դրամ (ՀՆԱ-5%) խնայողություններով, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ավելի քան 2 մլրդ դոլարի պահուստներով։ Սա հնարավորություն է տալիս սկսել մասշտաբային հակաճգնաժամային ծախսեր՝ առանց ինֆլյացիայի և ֆինանսական անկայունության ռիսկի։

Հայաստանի տնտեսությունը հիմնված է մասնավոր սպառման վրա, որն էլ ամենածանր հարվածն է ստացել։ Աշխատանքի շուկայի մասնակիցների մեծ մասը դե ֆակտո անպաշտպան է։

Որքան էլ խուսափենք «օրավարձով աշխատող» ձևակերպումից, ունենք փաստ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են եկամտի միակ աղբյուրից։ Այսօր լավագույն պահը չէ մեր ժողովրդի մասը կազմող այդ խմբից պարզաբանումներ պահանջելու, թե ինչու իրենց աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ պատշաճ կարգով ձևակերպված չեն։ Դրան կարելի է անդրադառնալ ապագայում։ Այսօր մարդիկ անտանելի դժվարության մեջ են և պետության ուղղակի օգնությունը պարտադիր է։

Նույնիսկ այն բիզնեսները, որոնք իրենց աշխատողներին պատշաճ կարգով գրանցել են, ակնհայտ է, որ այժմ ունեն խնդիր իրենց «տուն ուղարկված» աշխատողների աշխատավարձերը վճարելու։ Այս դեպքում կառավարությունը պետք է քննարկի կա՛մ անմիջապես աշխատողներին կանխիկ հատկացումների, կա՛մ այդ բիզնեսներին աշխատավարձերի ծախսը գոնե 50-70%-ով փոխհատուցելու խնդիրը։

Փոքր և միջին բիզնեսի համար անհրաժեշտ է նաև քննարկել հասցեական հարկային արձակուրդի հնարավորությունը։ Հարկային չվճարումների տույժերն ու տուգանքները մտածված են ստանդարտ իրավիճակների համար և այս պայմաններում չափազանց պատժիչ են ու ոչ կիրառելի։

Արտագնա աշխատողների մասին հիշենք, որ երկու և ավել տասնամյակ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն ապահովել են երկիրը տարեկան 1-1.5 մլրդ դոլար արժութային մուտքերով։ Տարիներ շարունակ նրանք երկրի փաստացի թիվ 1 «արտարժույթ բերողներն» են եղել։ 20-25 տարվա մեջ այս մեկ անգամը պետությունը կարող է այդ օջախների կողքին կանգնել, քանի դեռ աշխատող ու պետությունից երբեք ոչինչ չպահանջող այդ մարկանց մուտքը ռուսական և աշխատանքի մյուս շուկաներ փակ է։

Երկիրը կարիք ունի տնային տնտեսություններին (այն է՝ օջախներին) և փոքր բիզնեսին պետական բյուջեից կանխիկ հատկացումների աննախադեպ ծավալի, ինչը կփոխհատուցի առաջիկա 2-3 ամիսների համար նրանց կորցրած եկամուտների առնվազն 50%-ը։

Առաջարկում ենք, որպեսզի ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը համատեղ գնահատեն տնային տնտեսությունների (օջախների) և փոքր բիզնեսի կորցրած եկամուտները և դրանք մասնակի փոխհատուցելու բյուջետային հնարավոր ծախսերի ծավալը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կոչ ենք անում վարկառուների հետ անօգուտ հեռակա բանավեճերի մեջ մտնելու փոխարեն՝ վերադառնալ իր մանդատին և կառավարությանը տալ հրապարակային առաջարկություն՝ բյուջետային դեֆիցիտի և խթանող միջոցառումների հնարավոր ծավալի և ուղղությունների վերաբերյալ, ինչով և զբաղված են մեր կենտրոնական բանկի արևմտյան գործընկերները։

Հուսով ենք, որ կենտրոնական բանկում գիտակցում են, թե կառավարության բյուջետային զսպվածությունը նույնքան մեծ ռիսկ է բանկային համակարգի և ֆինանսական կայունության համար, որքան վարկառուների վարքագիծը։

Եզրափակելով՝ մեկ անգամ ևս ընդգծենք, որ վարկային մարումների, կոմունալ վճարների, հարկային մուտքերի անխափան հոսքն ապահովելու համար անհրաժեշտ են իրավիճակի դրամատիզմին համարժեք բյուջետային ծախսեր։

Էդմոն ՄԱՐՈւՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031