Փաստորեն, արհամարհելով համաճարակի հնարավոր տարածումն Արցախում, այնուամենայնիվ այնտեղ ընտրությունները կայանալու են։ Այդ դեպքում հարց․
– Համաճարակի հնարավոր տարածման դեպքում, ո՞վ և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրելու։
De jure՝ Արցախի, այն ժամանակ, արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Այո, փոխանակ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և ՀՀ-ի հետ սահմանը խիստ վերահսկողության տակ պահելու․․․ Արցախի և ՀՀ-ի սահմանը փակեց ՀՀ կառավարությունը, չգիտեմ Արցախն ինչ համարելով։ Բայց de facto, արդյոք միայն Բակո Սահակյա՞նն է լինելու պատասխանատու։ Էլ ո՞ւր մնաց ՀՀ վարչապետի խրոխտ խոսքը․ «Սա Հայաստան է և վե՜րջ», կամ ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը։ Թե՞ ըստ նպատակահարմարության է գործում միացյալ Հայաստան թեզը։
Այսօր իմքայլական պատգամավորները չքմեղանալով հայտարարում են, որ ՀՀ-ն չի խառնվում Արցախի գործերին։ Արցախի ընտրությունները չհետաձգելու կողմ արտահայտվեց նաև ականավոր ՀՀԿ-ականը։
Հետաքրքրական է, որ Արցախի ընտրությունները հետաձգելուն դեմ լռելյայն կամ հայտարարություններով հանդես են գալիս և ՀՀ ներկա՝ իմքայլականները և նախկին՝ ՀՀԿ-ականները։ Եվ ըստ բավականին համոզիչ տեղեկությունների, նրանք Արցախի առայժմ գործող նախագահի հետ միասին սատարում են նույն թեկնածուին։
Կարդացեք նաև
Երբեք չեմ հավատացել դավադրությունների տեսությանը, բայց այժմ․․․
Իհարկե, Արցախի շուրջ քննարկումներից ամենանողկալին, ներեցեք արտահայտությանս համար, տարբեր գործիչների նմանատիպ խոսքերն են․ «․․․այդ դեպքում ինչո՞ւ պիտի մեր հայաստանցիներիս հարկերի հաշվին ձևավորվի Արցախի բյուջեն, ինչո՞ւ պիտի մեր տղաները ծառայեն Արցախում և այլն»։ Եվ սրանք իրենց համարում են պետական, հասարակական, ազգային գործիչներ, խոսում, էլ չգիտեմ՝ հայ ժողովրդի միասնության և այլնի մասին։ Ի վերջո, այս ամենի տակ թաքնված է կամ, լավագույն» դեպքում Արցախը հպատակեցնել, կամ․․․լեզուս չի պտտվում ասել, թե ինչ։ Թե՞ երկու դեպքում էլ ապագայում նույն գաղափարն է գործելու։ Չգիտեմ․․․
Ամեն դեպքում հարց է առաջանում․
-Ինչո՞ւ պետք է մեր հայրենակիցները սփյուռքից դրամահավաք կազմակերպեն, օրինակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, եթե ՀՀ-ն և Արցախն իրենց չեն ենթարկվում։ Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը ՀՀ-ին օգնություն, արտոնություններ, դրամաշնորհներ տրամադրեն, եթե․․․
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ