Հարցին՝ նավթի գների անկման պարագայում ի՞նչ փոփոխություններ է կանխատեսվում գազի գնի համար, արդյոք հնարավո՞ր են ռուսական կողմի հետ այս հարցով լինեն բանակցություններ՝ հարցերին ի պատասխան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց. «Գազի գնի եւ, ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում եւ արդեն իսկ կան փաստեր: Նավթի գնի փոփոխությունը կհանգեցնի այլ էներգակիրների փոփոխման եւ, նախեւառաջ՝ նվազման: Քննարկումներ սկսվելու են եւ մենք, մեր դիրքերը պետք է վերագնահատենք եւ հասկանանք, բայց պետք է հաշվի առնել, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի արդյունք, երբ որ համագործակցությունը կամ գնումն իրականացվում է լողացող բանաձեւով»:
Ըստ պարոն Գրիգորյանի՝ Հայաստանի դեպքում բանաձեւ չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ այդքան դրական արդյունքներ. «Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է վերլուծություն անենք եւ միջինացնենք եւ, եթե հասկանաք, որ այս իրավիճակը տեւելու է երկար, բնականաբար պետք է մտածենք, որ բանաձեւային գնի տարբերակը մեզ համար ավելի ընդունելի է ու մատչելի: Մեկ շաբաթյա անկման կամ տասնօրյա անկման պարագայում անդրադառնալ այդ հարցին, կարծում եմ սխալ կլինի, նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով գնի անկումը դեռ այն ժամանակահատվածը չէ, որի հետևանքով գնանք եւ դրա հիման վրա որոշում կայացնենք, որ ֆիքսված գնից տեղափոխվում ենք դեպի բանաձեւային գին, կարծում եմ, սխալ կլինի: Բայց չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ