Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ. Արդյունավետ չէ հանրային ռեսուրսները վերցնել եւ ուղղակի սուբսիդավորել բիզնեսի խնդիրը

Մարտ 30,2020 16:31

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում կառավարության՝ բիզնեսին աջակցելու փաթեթների վերաբերյալ, մասնավորապես՝ պետությունը տրամադրում է վարկեր, որպեսզի բիզնեսն այդ վարկերով կատարի մի շարք պարտավորություններ՝ աշխատավարձ վճարի, տարածքի վարձավճար եւ այլն, հետո՝ մարի այդ վարկերը: Այսինքն՝ ստացվում է, որ ոչ թե աջակցություն է բիզնեսին, այլ՝ նոր բեռի ավելացում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանեց՝ ես ուզում եմ, որ մեր անելիքների տրամաբանությունը ճիշտ հասկանաք:

Կառավարության մամուլի սրահում, պատասխանելով մեր հարցին փոխվարչապետն ասաց. «Ես մի քանի անգամ ասել եմ եւ, կարծես թե, կառավարության տրամադրվածությունը՝ միջոցառումներ անելու կամ միջոցառումների նպատակը, շատ հստակ են: Մենք պետք է մտածենք զարգացման մասին, այլ ոչ թե գոյատեւման, որովհետեւ այն միջոցառումները, նույնիսկ սոցիալական միջոցառումները, որոնք միտված չլինեն զարգացման, դրանք ուղղակի կլինեն ձեւական եւ արդյունավետ չեն լինի: Իհարկե, կա մոդել, երբ որ հնարավոր լինի ուղղակի բիզնեսին տրամադրել սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ, բայց դա, մեր կարծիքով, շատ ժամանակավոր ու ոչ ամենաարդյունավետ տարբերակն է: Ես կարծում եմ, որ այն նպատակներն ու այն պայմանները, որ մենք ֆիքսել ենք, բիզնեսին հնարավորություն են տալիս զարգանալ, վերադիրքավորվել, ռազմավարություն ճշգրտել, գործունեություն շարունակել, աշխատատեղեր պահպանել եւ եկամուտներ ստանալ, որովհետեւ, այնուամենայնիվ, կան բազմաթիվ բիզնեսներ, որոնք հեռանկարային են՝ նույնիսկ ելնելով այսօրվա իրավիճակից»:

Մհեր Գրիգորյանի համոզմամբ, արդյունավետ չէ հանրային ռեսուրսները վերցնել եւ ուղղակի սուբսիդավորել խնդիրը. «Կամ դրամաշնորհներ տալ, ինչը նույնպես պրոբլեմի սուբսիդավորում է, չենք կարծում, որ արդյունավետ է, համենայն դեպս, այս պահին»:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե աջակցման փաթեթներն, իսկապես, արդյունավետ են, ինչո՞ւ են բիզնեսները սկսել լուծարման գործընթաց, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Երբ բիզնեսի սեփականատերը կամ մենեջմենթը, տենց հեշտությամբ երկու շաբաթվա կտրվածքով, որոշում է կայացնում բիզնեսը լուծարելու մասին, դա ինձ համար, մի քիչ տարօրինակ է: Ես չեմ կարծում, որ արժեքավոր բիզնեսը, նույնիսկ այս իրավիճակում, նույնիսկ ընթացիկ լիկվիդայնության պրոբլեմների կապակցությամբ, ոչ թե պետք է լուծումներ գտնի, որպեսզի իր ենթակառուցվածքը եւ մարդկային ռեսուրսները պահպանի եւ զարգացնի, այլ ուղղակի որոշում կայացնի իր բիզնեսը դադարեցնի: Այդ իմաստով այդ հարցին պատասխանելը մի քիչ բարդ է, որովհետեւ ես չեմ կարողանում հասկանալ՝ տվյալ պարագայում այս իրավիճակը առիթ է այս բիզնեսը փակելո՞ւ համար, թե՞ պատճառ: Եթե մենք խոսում ենք այս ամսվա պրոբլեմի մասին, որը հանգեցրել է բիզնեսի փակմանը, ես ավելի շատ կգնահատեի, որպես առիթ, այլ ոչ թե պատճառ: Իսկ այդ պարագայում մտածել արդյունավետ օժանդակության մասին, իհարկե, շատ դժվար կլինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031