Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային ևս 3 նոր փաթեթ. աջակցություն կտրամադրվի աշխատանքից ազատվածներին, մի շարք ոլորտների աշխատակիցների, հղի կանանց

Մարտ 30,2020 16:05

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում: «58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են կարանտինում՝ մեր հատուկ պահման վայրերում: Այսինքն՝ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, և համաճարակաբանական տեսանկյունից դա շատ լավ է: 31 հոգին այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է»,-ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, ում վիճակը, սակայն, կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում: «Հնարավոր է, ինկուբացիան դադարեցնենք, այսինքն այդ արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս երկու ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է դառնա ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ, հավանաբար, կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ օրերին արձանագրված մահվան երկու դեպքերին և ցավակցել հարազատներին մահվան կապակցությամբ: «Երկու պացիենտն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ»,- նշել է վարչապետը և հորդորել քաղաքացիներին առանձնակի ուշադիր լինեն այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ և պահպանել մեկուսացման պայմանները, ամեն ինչ անել, որ այսպիսի հիվանդություն ունեցող մարդկանց՝ արտաքին աշխարհի հետ շփումը լինի հնարավորինս սահմանափակված:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության: «Այսինքն՝ մենք խնդիրներ չունենք վերաստուգվելուց հետո»,-ասել է նախարարը:

Վարչապետն անդրադարձել է նաև հեռավար ուսուցմանը և նշել, որ դրա վերաբերյալ արձագանքները դրական են:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանը նշել է, որ գործընթացի վերաբերյալ դրական արձագանքները նաև ուսուցիչների մասնակցության և ոգևորության արդյունքն են: «Մենք ասում էինք՝ դպրոցը կկայանա և կզարգանա, այն դեպքում, եթե ընդհանուր առմամբ դպրոցի շուրջ ձևավորված համայնքն ակտիվ լինի: Հիմա այդ մոդելը սկսել է գործել. ունենք աշակերտների, ծնողների, ուսուցիչների, տնօրենների շատ բարձր ներգրավվածություն»,-ասել է նախարարը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին՝ սարքերին և ինտերնետ կապի հասանելիությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ խնդրի վերաբերյալ կազմակերպչական մի քանի հարց կքննարկվի նիստի դռնփակ ռեժիմով: «Ես շատ ուրախ եմ, որ դրական են արձագանքները, որովհետև նախկինում մենք հեռավար կրթության մասին խոսում էինք հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար: Կարծում եմ, որ այս փորձը կօգնի մեզ հետագայում նաև այդ նպատակին հասնելու գործում»,-ասել է վարչապետը:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:

Եվ այսպես` վեցերորդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
. ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,

. ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,

. 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,

. ով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի որոշմամբ (մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ) սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

Յոթերորդ միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Ութերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Մասնավորապես՝
• հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

• հանրային սննդի ծառայություններ,

• զբոսաշրջային ծառայություններ,

• վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

• մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող: Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
Վարձու աշխատողները շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝

. վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,

. վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,

. անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,

. անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Միջոցառման շրջանակում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:

Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է թվայնացման կարևորությունը: «Այս ողջ ընթացքում և այսօր էլ, ամենօրյա ռեժիմով մենք հասկանում ենք, թե թվայնացումն ինչպիսի մեծ և կարևոր նշանակություն ունի: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց արդյունավետությունը բարձր է այն պարագայում, երբ ունենք թվայնացված հարթակներ և ցածր է այն պարագայում, երբ չունենք թվայնացված հարթակներ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ցանկացած ժամանակահատվածում էլ անհրաժեշտ է կոնկրետ արդյունքներ ունենալ թվայնացման ոլորտում: Կառավարության ղեկավարը կարևոր է համարել թվայնացման կիրառելիությունը. «Այսօր Հայաստանում բազմաթիվ թվայնացված հարթակներ կան, որոնք կիրառելի չեն և փոխգործելի չեն: Թվայնացումն այն է, որ ցանկացած պահի կարելի է ունենալ ցանկացած տեղեկատվություն՝ ամենատարբեր բնույթի»:

Ամփոփելով կառավարության այսօրվա արտահերթ նիստի աշխատանքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել, որ մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդունեցինք հակաճգնաժամային 8 միջոցառում, որից 4-ը ունի տնտեսական, իսկ 4-ը՝ սոցիալական աջակցության բնույթ: Առաջիկա օրերին կզբաղվենք այդ ծրագրերի իրագործման մեխանիզմները հստակեցնելու և մոնիթորինգի ենթարկելու շուրջ և կհասկանանք, թե ծրագրերից, որոնք են առավել արդյունավետ, որոնք են ոչ այնքան արդյունավետ՝ կանենք հետևություններ: Ուզում եմ ասել, որ կառավարությունը շարունակում է աշխատել հակաճգնաժամային միջոցառումների վրա, և մենք առաջիկայում, ըստ ամենայնի, կունենանք նոր գաղափարներ: Ինչի եմ ասում ըստ ամենայնի, որովհետև, եթե պարզվի, որ այս գործիքներն արդյունավետ են, գուցե մենք աշխատենք դրանց լրամշակման վրա: Եթե պարզվեց գործիքներից մի մասն արդյունավետ չէ, չի հասնում հասցեատերերին, գուցե այդ գործիքները մենք կփոխարինենք այլ գործիքներով: Կամ եթե պարզվի, որ կա այլ, նոր գործիքներ կիրառելու հնարավորություն, մենք կկիրառենք նաև այդ գործիքները:

Մենք, ինչպես պայմանավորվել ենք, մոտավորապես 25 մլրդ դրամ կհատկացնենք տնտեսական աջակցության համար, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության համար և 80 մլրդ դրամ՝ տնտեսության վերաձևավորման ծրագրերի վրա: Եվ ևս 20 մլրդ դրամ կունենանք ռեզերվային գումար՝ հնարավոր վերաբաշխումների ուղղությամբ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031