Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խախտումները շատ չեն, բայց եղել են». Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան

Մարտ 30,2020 15:45

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի հանրապետությունում ընտրողների թվի աճ է գրանցվել: Այս մասին քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց Արցախի հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, ԱՀ-ընտրողների թիվը 103 հազար 663 է: Կազմավորվել են 280 ընտրական տեղամասեր, մեկը ՀՀ-ում` Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչությունում, մեկն էլ`Շուշիի ՔԿՀ-ում:

Վաղը`մարտի 31-ին կայանալիք ընտրություններն անցկացվելու են 2020-ի հունվարին գործողության մեջ դրված նոր «Ընտրական օրենսգրքով»: 1991 թվականից սկսած Արցախի հանրապետությունում կայացել են հանրապետական նշանակության երեք հանրաքվե, ՀՀ նախագահի հինգ եւ խորհրդարանի վեց ընտրություններ, տեղական նշանակության ընտրություններ եւ հանրաքվեներ: Եթե 1991 թվականի ընտրական գործընթացը դիտարկել են 40 դիտորդ, վերջին ՏԻՄ ընտրությունները, որոնք կայացան 2019-ի սեպտեմբերի 8-ին՝ դիտարկել է 324 դիտորդ:

ԿԸՀ-ում հավատարմագրվել են 961 դիտորդներ եւ ԶԼՄ-ների 231 ներկայացուցիչներ: Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրներից 140 դիտորդները եւ միջազգային լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ, սակայն, չեն մասնակցի ընտրական գործընթացներին`կորոնավիրուսի համաշխարհային համավարակով պայմանավորված:

Սրբուհի Արզումանյանի տեղեկացմամբ, ընտրողների մասնակցությունը ԱՀ-ում բավական աշխույժ է եղել`համապետական ընտրությունների ժամանակ`կազմելով 65-70 տոկոս: Բանախոսը փաստում է, որ թե կազմակերպվածության, թե հանձնաժողովների աշխատանքի առումով, ամեն հաջորդ ընտրություն ավելի լավն է լինում, քան նախորդը:

Այս ընտրությունների նորամուծություններից է այն, որ առաջին անգամ կհրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները եւ դրանք սկանավորված տարբերակով կտեղադրվեն տարածքային ընտրական հանձնաժողովներում, մինչեւ ապրիլի 2-ը, ժամը 12.00-ն: Նորույթ էր նաեւ նախագահի թեկնածուների մասնակցությամբ հեռուստաբանավեճը, որը երեկ տեղի ունեցավ:

Տեղամասերում կլինեն նոր քվեախցիկներ, որոնք ավելի են ապահովում ընտրության գաղտնիությունը, նաեւ խոշորացույցեր`տեսողական խնդիրներ ունեցողների ընտրությունը դյուրացնելու համար եւ այլն: Սրբուհի Արզումանյանն ասաց, որ ջանացել են տեղամասերը հնարավորինս տեղակայել նորակառույց շենք-շինություններում, սակայն, ոչ միշտ է հնարավոր եղել տեղամասերի փոքր լինելուց խուսափել:

Սրբուհի Արզումանյանի դիտարկմամբ, նախընտրական քարոզարշավը աչքի ընկավ հուզականության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված էր մասնակից անձանց եւ ուժերի աննախադեպ քանակով: Այս պարագայում, ըստ նրա, հնարավոր չեղավ խուսափել նաեւ խախտումներից, որոնց ԿԸՀ-ն ավելի ուշ կանդրադառնա. «Չէր կարող ընտրական գործընթացը զերծ լիներ որոշակի դժգոհություններից, խախտումներից: Դրանք շատ չեն, բայց եղան»: ԿԸՀ նախագահը չի բացառում, որ ընտրություններից հետո դրանք մանրամասն քննարկելու անհրաժեշտություն լինի: Բոլոր առանձին դեպքերով պատկան մարմինները զբաղվել են:

Քանի որ այս ընտրությունները արտակարգ պայմաններում են իրականացվելու`նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ԿԸՀ-ն, միջգերատեսչական հանձնաժողովի եւ առողջապահության նախարարության հետ համագործակցմամբ, ձեռք է բերել եւ ընտրություններին մասնակից բոլոր սուբյեկտներին է տրամադրելու պաշտպանիչ միջոցներ. տեղամաս մտնելիս պետք է ախտահանել ձեռքերը, ապա հագնել մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ: Կտրամադրվեն նաեւ մեկանգամյա օգտագործման գրիչներ: Ընտրողներին հորդորում են քվեարկությանը մասնակցել անպայման որոշակի տարածության պահպանմամբ`բացառելով նաեւ կուտակումները: Ընտրական տեղամասերը, տեղամասային ընտրական կենտրոնները արդեն իսկ ախտահանվում են:

Տեղամասերում նաեւ քվեախցիկներ են տեղադրված:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/cecnkr.am/videos/2582905208651679/

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031