Լրահոս
Օրվա լրահոսը

Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժողովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց. Ստեփան Ռոստոմյան

Մարտ 30,2020 16:13

Խորը ցավ ապրեցի, երբ ստացա մեր դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի և իմ սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը: 2008թ.-ից, Հայաստանի մշակութային կյանքը կարծես բաժանվեց երկու շրջանների. մինչև Պենդերեցկի, և՝ նրանից հետո:

Ինչպիսի ցնծություն էր, երբ երկարատև բանակցություններից հետո, ես հայտարարեցի Պենդերեցկու Հայաստանյան առաջին այցի օրերը:

Շատերը չհավատացին, կարծելով, որ հերթական հիասթափությունն են ապրելու, ինչպես դա եղել էր տասնամյակներ շարունակ…

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով: Իր հետ Երևան էինք հրավիրել երկու տասնյակ աշխարհահռչակ կատարողների, ովքեր գրեթե բոլոր հայկական կատարողական ուժերի հետ միասին, ներկայացնում էին Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունները: Մեկ շաբաթ  տոն էր Երևանում, ամեն օր Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր:

Նա մինչև սրտի խորքը երախտապարտ էր` նման ընդունելության և պատվի համար: Երախտապարտ էր, որ վայելում էր ողջ հայ հասարակության անկեղծ սերը, նաև` իր երկրորդ հայրենիքը բացահայտելու համար: Մեկ տարի անց, ես հրավիրվեցի Վարշավա, կոմպոզիտորի ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով մեծ ընդունելության: Ներկա էին երկրի նախագահը, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, հայտնի երաժիշտներ: Անսպասելիորեն, Պենդերեցկին հայտարարեց, որ գտել է իր նախնիների երկիրը, իր երկրորդ հայրենիքը` Հայաստանը, ինչի համար բեմից շնորհակալություն հայտնեց ինձ:

Չորս անգամ (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.) նույն վեհությամբ և շուքով, շարունակաբար իրականացրեցինք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն գործերի կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով… Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժողովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց:

Նա խորապես հոգևոր անձնավորություն էր և  չեր կարող անտարբեր մնալ հայկական հարուստ հոգևոր երաժշտության նկատմամբ: Մենք ժամեր ենք անցկացրել «Շարական»-ը 200-տարի առաջ տպագրված հատորի շուրջը: Ես ներկայացնում էի նրան շարականները, իսկ նա հիշում էր, որ նման մեղեդիներ լսել էր Կրակովի հայկական եկեղեցում, ուր մանկության օրերին այցելում էր հայազգի տատիկի հետ: Այսպես ծնվեց հայկական հոգևոր թեմայով մեծ օրատորիա գրելու գաղափարը: Առավել իրականանալի էր երգչախմբային գործի ստեղծումը` որը նվիրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տեքստը` Դավթի վեցերորդ սաղմոսի գրաբարյան տարբերակն էր: Ստեղծագործությունն առաջին անգամ մեծ շուքով կատարվեց Նյու Յորքի Քարնեգի Հոլում` մեր կազմակերպած «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակներում` Հովեր կամերային երգչախմբով:

Հիշողությունները շատ են ու զորավոր, և դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Մշտապես հիշելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում նրա ասած խոսքերը. «Հիմա տատիկիս հոգին հանգիստ կհանգչի երկնքում. ես վերջապես տեսա իմ Հայաստանը»:

Թող Ամենակարող Տերը իր երկնային դրախտի մեջ ընդունի քո հոգին, սիրելի Քշիշտոֆ:

Ստեփան ՌՈՍՏՈՄՅԱՆ

կոմպոզիտոր,
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի  հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031