Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենք է գալիս, որ կորոնավիրուսի հետ կապված վերահսկողություն պիտի արվի, մեկ էլ տակից մի հատ բան է բրդվում, որը առավոտ նոր իմանում ես». Իմքայլական պատգամավորը վիճեց

Մարտ 30,2020 15:33

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված մի վարկային համաձայնագիր, որի շրջանակում ՀՀ-ին է տրամադրվելու 13,4 մլն եվրո: Այդ գումարով 450 կմ ընտրված կենսական նշանակության ճանապարհներ են հիմնանորոգելու: Ճանապարհները կընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ կլինի աուդիտ, ճանապարհային արխիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազա, այդ բազան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կտեղադրվի ու հնարավորություն կտա ամբողջական ճանապարհային ցանցի վերահսկողություն իրականացնել:

Պատգամավորները հարցրեցին՝ ինչու եք արտահերթ նիստով սա բերել քննարկման, երբ արտակարգ դրություն է երկրում ու աշխատանքներն էլ դադարեցված են: Տերտերյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ մի ծրագիրն ավարտում ենք, ու լավ կլինի շարունակականություն լինի. «Բացի այդ, այս ծրագիրն ունի 3-րդ մաս, որը կոչվում է արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ: Ճանապարհներից զատ, դրան զուգահեռ երրորդ կտոր ունի, որը ֆիքսված գումար չի, բայց թույլ է տալիս, որ այն իրավիճակում, որում մենք ենք գտնվում, հայտ ներկայացնենք»:

Պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ այս համաձայնագրով կարող է հետո պարզվի, որ նկատի են ունեցել ճանապարհների հետ կապված արտակարգ դրությունը, ոչ թե այն վիճակը, որում մենք գտնվում ենք հիմա, ասենք, ճանապարհ փլուզված լինի ու արտակարգ դրություն լինի: Տերտերյանը պատասխանեց. «Մեր պայմանագրի տերմինալոգիայով դա կոչվում է արտակարգ իրավիճակ: Ձեր հարցի համատեքստում դա ֆորս-մաժորն է: Մոռանանք արտակարգ իրավիճակի ռեժիմը ու բովանդակային նայենք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում: Եթե չլիներ այս զարգացումը համաճարակաբանական իրավիճակի, մենք էլի նախատեսել էինք այն արագ ռեժիմով բերելու, որովհետեւ նախապատրաստական մասն արագ ենք ուզում անել, որ եղանակային պայմանները չխանգարեն»:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հարցրեց՝ այսինքն, այս արտակարգ դրության հետ կապ չունեցո՞ղ իրավիճակի համար կարող ենք օգտագործել միջոցները, սա զուտ ճանապարհային արտակարգ իրավիճակի՝ փլուզում եւ այլնի հետ կապված խնդիրների համա՞ր չէ՝ փոխնախարարը պատասխանեց. «Դուք բացարձակ ճիշտ եք, բայց հաշվի առնելով աշխարհում եւ մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վերաբերմունքն այդ զարգացումներին, չի բացառվում, որ մենք կարողանանք ֆինանսական կազմակերպության հետ քննարկենք` այլ արտակարգ իրավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու համար այստեղից որոշակի մաս օգտագործենք»:

«Իմ քայլից» Վարդան Աթաբեկյանը տարակուսեց. «Դուք տեսարանն այնպես եք ներկայացնում, իբր վայ աման վիճակ է: Անցած շաբաթ նիստեր ենք ունեցել, ամսի 13-ին նիստեր ենք ունենալու, ո՞նց եղավ, որ երեկ իրիկուն սա եկավ ջրի երես, հիմա կես ժամում հավաքվել ենք հրատապության ռեժիմով: Եթե այս խնդիրն այդքան կենսական նշանակություն ուներ, անցած շաբաթ էլ կար, կարող էիք մյուս շաբաթ էլ բերել: Մենք հակված չենք այսպես ֆինանսական հարցերը…. դուք ինչ-որ բաներ ասում եք, չեմ կարծում, որ ձեր ասածն ինչ-որ համոզիչ բան է: Ոլորաններ կքանդվի, բան… Սա հետ կանչեք, թող գա ամսի 13-ի նիստին, ի՞նչ ենք տուժում դրանով: Այսպես կիսատ…բաներ եք կարդում, իմ համար համոզիչ չի: Առավոտը լույսը բացվում է, իմանում ես, որ հանձնաժողովի նիստ կա ու հրատապ է, զարմանում ես՝ եթե հրատապ էր, որ է ավարտվել քառօրյան, ինչի՞չեկավ, օրենք է գալիս, որ կորոնավիրուսի հետ կապված վերահսկողություն պիտի արվի, մեկ էլ տակից մի հատ բան է բրդվում, որը առավոտ նոր իմանում ես: Չենք կարող խորքային քննարկում անենք, համ նիստի ենք, համ էլ այսպես արագ-արա՞գ: Մենք հակված չենք այսպես ռեժիմով անենք ու կողմ քվեարկենք: Առաջին տրանշը գիտեիք, որ վերջանում է, եթե դուք չեք հապաղել բերել նախորդ նիստին, ուրեմն թող մնա ամսի 13-ին: Եթե այսօր Բադասյանը հրատապ ռեժիմով բան չբերեր, սա կարող էր մնար, հա՞: Ի՞նչն է խանգարում, որ հետո լինի»:

Վաչե Տերտերյանը արձագանքեց. «Ինչո՞ւ պիտի համոզիչ չլինեն իմ պատասխանները, այլ բան է, որ դուք չեք հասցրել ծանոթանալ, ներողություն եմ խնդրում, կանոնակարգով այդպես է ստացվել: Մի շաբաթ ավելի ուշ լինելը կդժվարանամ անմիջապես պատասխանել, նման լիազորություն չունեմ»: Աթաբեկյանը պատասխանեց. «Պարո՛ն Տերտերյան, մի զարմացեք, որ դուք կարող եք բան ասել, որն, օրինակ իմ համար համոզիչ չլինի: Եթե ձեզ թվում է, որ միշտ կարող եք դիմացինին պատասխանեք ու համոզեք, դա այդպես տարօրինակ բան չի, որ զարմանում եք: Երկրորդը՝ կա կանոնակարգ: Եթե կարող ենք խորը քննարկել սովորական ռեժիմով, մանավանդ, որ վարկային միջոցների մասին է խոսքը, նորմալ է, հրատապ ռեժիմով կարող է թերություններ թույլ տանք, ու չնկատենք»:

Պատգամավորները միահամուռ հորդորեցին հետաձգել նախագիծը, այլապես կարող են դեմ քվեարկել: Վաչե Տերտերյանը կառավարությունից ճշտեց, որ մեկ շաբաթով հետաձգելը բան չի փոխում ու համաձայնեց օրակարգից այն հանել, հետաձգել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031