Այսօր կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ միջոցառումները հաստատելու մասին նախագծին:
Վեցերորդ եւ յոթերորդ միջոցառումների նախագիծը ներկայացրել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Իսկ ութերորդը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը սակայն նախագծի մասին կարճ խոսեց, ամբողջ նախագիծը ներկայացրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Կարդացեք նաև
Փոխվարչապետն ասաց, որ այս միջոցառմամբ սահմանված աջակցությունը ոլորտային է՝ հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առեւտրի ծառայություններ, բայց սա չի վերաբերում այն մանրածախ առեւտրին, որտեղ առեւտրի մեջ կա դեղորայք, ծխախոտ, սնունդ եւ ալկոհոլային խմիչք. «Եվ եթե նույնիսկ առեւտրային ցանկում կան այս ապրանքատեսակները, այս միջոցառմամբ մենք այդ սեգմենտին չենք անդրադառնում»:
Նաիրի Սարգսյանը ներկայացնելով նախագիծն ասաց՝ ընդգրկել են այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել, հիմնվել են ՊԵԿ-ի տվյալների վրա: Աջակցության չափը նշված ոլորտների վարձու աշխատողների համար սահմանվում է հունվար-փետրվարի միջին աշխատավարձի կեսի չափով, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը եւ ոչ ավելի, քան 136 հազար դրամը:
Նշված ոլորտներում գործող անհատ ձեռնարկատերերին, ըստ նախագծի, եւս աջակցություն կտրամադրվի: Նաիրի Սարգսյանն ասաց՝ այս ոլորտի շահառուների 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության տաս տոկոսի չափով գումար կտրամադրվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը եւ ոչ ավելի, քան 136 հազար դրամը: Բայց այս աջակցությունը տրամադրվելու է նշված ոլորտներում ընդգրկված վարձու աշխատողներին: Սարգսյանն ասաց, որ աջակցությունը վերաբերում է նաեւ հագուստի վաճառքով զբաղվող խանութներին: Ընդհանուր շահառուների թիվն, ըստ Սարգսյանի, գերազանցում է 100 հազարը, ծրագրի բյուջեն գերազանցում է 10 միլիարդ դրամը:
Ծրագրից օգտվելու կարգը կներկայացվի հաջորդ նիստին, բայց Սարգսյանն ասաց, որ դիմումները լինելու են առցանց՝ կայքի միջոցով, որն էլ անմիջապես պատասխանելու է՝ շահառո՞ւ է, թե՞ ոչ, եթե այո, ապա շահառուն նշելու է իր հաշվեհամարը, բանկը, ու մեկ-երկու օրվա ընթացքում գումարը կփոխանցվի: Ծրագիրը վերաբերում է գրանցված աշխատողներին:
Ըստ նախագծի, սույն միջոցառման իմաստով տուժած ոլորտներ չեն համարվում՝
1) այն մանրածախ առեւտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից եւ համամասնությունից) նաեւ սննդամթերք եւ/կամ ծխախոտ եւ/կամ դեղորայք եւ/կամ ալկոհոլային խմիչք:
2) Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
3) Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
Ծրագրով շահառու են համարվում այն անձինք, որոնք 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են տուժած ոլորտների վարձու աշխատողներ: Միաժամանակ, ինչպես նշված է նախագծում, վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է որպես վարձու աշխատող եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը շարունակում է աշխատել հակաճգնաժամային միջոցառումների շուրջ, գուցե նոր գաղափարներ ի հայտ գան, գուցե եղած գործիքները կատարելագործեն կամ գուցե նոր գործիքների կարիք լինի. «Մենք մոտ 25 միլիարդ դրամ կհատկացնենք տնտեսական աջակցության համար, մոտ 25 միլիարդ դրամ՝ սոցիալական աջակցության, 80 միլիարդ դրամ՝ տնտեսության վերաձեւավորման ծրագրերին, եւ եւս 20 միլիարդ դրամ պահուստային գումար՝ հնարավոր վերաբաշխումների համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ