ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության հեղինակած՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումների օրինագիծը:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց՝ օրինագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձի նկատմամբ անատոմիական հերձում չիրականացնելու փաստի վերաբերյալ: «Օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ողջ աշխարհում համաճարակաբանական լարված իրավիճակ է: ԱՀԿ-ն բոլոր երկրներին հորդորում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: ՀՀ-ում գործող ախտաբանական-անատոմիական ծառայությունները դեռեւս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում միջազգային չափանիշներին: Բացի այդ, կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ: Մյուս կողմից, դիակի ներսում վարակի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված է: Հերձման հետեւանքով վարակի տարածման անդառնալի հետեւանք կարող է առաջանալ, ուստի անհրաժեշտ է այս հիվանդության հետեւանքով մահվան դեպքում չիրականացնել հերձում՝ վարակի տարածումը կանխելու նպատակով»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի եւ մահվան պատճառի միջեւ կապն ինչպե՞ս է հաստատվում, ինչպե՞ս ենք իմանում, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է: Փոխնախարարը պատասխանեց. «Հիվանդն անցնում է թեստավորում, որը հաստատում է վիրուսի առկայությունը, որի պատճառով մահը վրա է հասնում: Վիրուսն ինքնին մահվան հասցնող փաստ չէ, բայց դրա հետեւանքով է մահը վրա հասնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ դիահերձման հետեւանքով վարակի տարածման ռիսկն այնքան բարձր է, որ հերձումից պետք է զերծ մնալ»:
Կարդացեք նաև
Ուլիխանյանը չհամաձայնեց՝ ստացվում է, որ առաջնորդվում ենք ենթադրությամբ. «Վարակակիրը կարող է վթարի հետեւանքով մահանալ»: Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Ձեր նշած դեպքը կարգավորվում է: Հերձում կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը դատաբժշկական փորձաքննության առարկա է»:
Փոխնախարարը նաեւ փաստեց՝ կառավարությունը ձեռնարկում է փաստեր՝ անհրաժեշտ միջոցներով համալրված դիահերձարաններ ունենալու համար: Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Իսպանիայում եւ Չինաստանում հիմա չեն հերձում, բացի այդ՝ դիակիզման ծառայություններ են իրականացվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ