Այսօր կառավարության արտահերթ նիստին գործադիրը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ միջոցառումները հաստատելու մասին նախագծին:
6-րդ միջոցառման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու եւ կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13–ից մինչեւ մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Ըստ նախագծի՝ այս ծրագրի աջակցությունից չեն կարող օգտվել հետեւյալ խմբի անձինք՝
Կարդացեք նաև
1) աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
2) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա:
3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել:
4) կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։
Այս աջակցությամբ սահմանված գումարները հնարավոր է առանց հավելյալ միջամտության փոխանցվեն շահառուներին, գուցե լինեն դեպքեր, որոնք դիմում գրելու հարկ լինի, այս դեպքում դիմումներն ընդունվելու են ապրիլի երկուսից:
Նախագծում նշված է՝ սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Բաթոյանը նաեւ տեղեկացրեց, որ հղի կանայք եւս աջակցության թիրախում են: Կառավարության հավանությանը ներկայացված 7-րդ միջոցառման ծրագրով հղիներին կտրամադրվի 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ շահառու կարող է լինել այն հղին, որը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ որի ամուսինն ազատվել է աշխատանքից 2020-ի մարտի 13-ից մինչեւ 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց նեղացնել այս ծրագրով նախատեսված շահառուների գործատուների շրջանակը: Վարչապետը դեմ արտահայտվեց. «Այս պարագայում արժի՞ նեղացնել, եթե հղի կանանց մասին է խոսքը՝ չարժի նեղացնել, որովհետեւ ամուսնու կարգազանցության պատճառով, չեմ կարծում, որ մենք հղի կանանց պետք է «պատժի» ենթարկենք»:
Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք միայնակ հղիները կարող են օգտվել այս ծրագրից: Բաթոյանը տեղեկացրեց՝ ոչ, նախագծով սահմանվում է՝ այն հղիներին է տրվում աջակցություն, որոնց ամուսիններին ազատել են աշխատանքից: Ապա Բաթոյանը նշեց՝ աշխատանքային օրենսգրքով հղիին գործատուն չի կարող ազատել աշխատանքից: Վարչապետն առաջարկեց՝ մինչեւ ստորագրումը այդ դրույթն ուսումնասիրեն եւ, եթե կարիք լինի՝ ավելացնել այդ կարգավորումը. «Որովհետեւ հնարավոր է լինի դեպք, այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ավտովթարից մահացել է ու ինքը միայնակ հղի է»:
Մարդու իրավունքների պաշտպանն էլ առաջարկեց՝ հաշվի առնել, որ այս ընթացքում հնարավոր է այս ինքնամեկուսացման ընթացքում, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, ընտանեկան բռնության դեպքեր լինեն, որի հետեւանքով հղի կինը հեռացել է եւ միայնակ է: Փաշինյանն առարկեց, ասաց՝ նման պարագայում կլինեն չարաշահումներ, ձեւական դեպքեր կլինեն, ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ օրենսդրությամբ առանձին կարգավորումներ կան: Թաթոյանը լիարժեք համաձայնեց վարչապետի հետ: Բայց Փաշինյանն ասաց, որ այս նախագծի լրացուցիչ քննարկմանը ՄԻՊ-ը եւս կարող է մասնակցել եւ իր առաջարկությունները ներկայացնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ