Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրը 40 հոգու հետ եմ խոսում, բայց չեմ հանդիպում նրանց». պատգամավորները՝ քաղաքացիների տվյալներ հավաքագրելու մասին

Մարտ 30,2020 14:07

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակը ողջունելի է, բայց այս օրինագիծն ավելի շատ հարց է առաջացնում, քան լուծում տալիս: Այն արդեն իսկ ուշացած է: Սա պետք էր ի սկզբանե անել, երբ տարածումն այսքան չէր: Սա պետք էր մինչեւ արտակարգ դրության սահմանափակումներն անել: Նպատակը պարզ է, բայց իրականացման մեխանիզմները հասկանալի չեն: Պարզ չէ, թե ինչպես են կիրառվելու, եւ թե տվյալների բազան հետագայում ինչպես է ոչնչացվելու»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ քաղաքացիների հեռախոսազանգերն ու գտնվելու վայրի մասին տվյալները մեկ հարթակում ամբողջացնելուն վերաբերող օրենսդրական փաթեթը:

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ նկատեց՝ կոնտակտավոր կարող է լինել ցանկացած անձ, որը վարակակրի հետ գտնվել է նույն տրանսպորտում, խանութում. «Ես, օրինակ, օրական քառասուն հոգու հետ կարող եմ խոսել, բայց ոչ մեկի հետ չհանդիպել: Հասկանալի չէ՝ սա ինչպե՞ս է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը»:

Նարեկ Զեյնալյանը մեկ այլ հանգամանք էլ շեշտեց՝ օրինագծով եթե պարզվում է, որ անձը վարակակիր է, 14-օրյա կտրվածքով դիտարկվում են նրա կոնտակտավորները, սակայն եթե վարակակիր լինելու փաստն ի հայտ գալուց անցնում է անգամ մեկ օր, նշյալը համաճարակաբանական տեսանկյունից ոչ մի արդյունավետություն չունի. «Եթե պարզվում է, որ հինգ օր առաջ անձը շփվել է, եւ կոնտակտավորին մեկուսացնում ենք, բայց չէ՞ որ մեկուսացվածն այդ հինգ օրում կարող է հիսուն հոգու հետ հանդիպած լինել: Երկու օր անց էլ հիսուն հոգին 200 հոգու են հանդիպել, ուստի համաճարակաբանական տեսանկյունից այս օրինագիծը ձգտում է զրոյի»:

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց՝ այս օրինագծով սահմանափակվելու են ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները. «Ուշ է այս նախագծի համար: Սա արդյունավետ կլիներ, եթե կիրառվեր առաջին վարակակրի ժամանակ»:

Որոշ պատգամավորներ էլ բարձրաձայնեցին՝ շատ մարդիկ այսօր հանդիպումների համար պայմանավորվում են ոչ թե զանգով կամ կարճ հաղորդագրությամբ, այլ սոցցանցերով. այս դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031