Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեղափոխվել ենք միկրո տիրույթ, որտեղ սիրում ու ատում ենք միկրո և վարում ենք միկրո կյանք». Գոռ Առուշանյան

Մարտ 30,2020 13:50

Երիտասարդ նկարիչ Գոռ Առուշանյանի հետ խոսել ենք իր ստեղծագործական կյանքից, փորձել ենք պարզել, թե ինչով է« լցնում» ինքնամեկուսացման շրջանը

-Գոռ, ո՞րն է եղել առաջին լուրջ քայլդ մասնագիտությանդ մեջ։

-Առաջին ինքնուրույն լուրջ քայլս անհատական ցուցահանդես ունենալն էր․ 16 տարեկանում առաջին անգամ համարձակություն ունեցա ներկայանալ իմ կտավներով։ Ցուցահանդեսին ներկայացված էին միաֆիգուր կոմպոզիցիաներ՝ տղամարդկանց և կանանց դիմանկարներ, քաղաքային տեսարաններ։ Կտավներս մենախոսող մարդու էմոցիաներն էին ներկայացնում ։

-Երկու անհատական ցուցահանդես ես ունեցել, ինչպե՞ս որոշեցիր այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։

-Առաջին ցուցահանդեսից հետո ցանկություն ունեցա ևս մեկը ունենալու։ Ուզում էի կրկին իմ աշխատանքներով ներկայանալ արվեստասեր հասարակությանը։
Այն կոչել էի «Միկրո զգացողություններ», քանի որ մենք տեղափոխվել ենք միկրո տիրույթ, որտեղ սիրում ու ատում ենք միկրո և վարում ենք միկրո կյանք։ Ցուցահանդեսին ներկայացել էի էմոցիոնալ էքսպրեսիվ շարքով, որը իր հերթին չուներ ստատուսային ասելիք․ ասելիքն այն էր, ինչը դիտողը կվերցներ կտավից։

– Կարծես ցուցահանդեսներիդ թեման մենախոսող մարդու «միկրո» կյանքն է։ Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք ինքնամեկուսացման մեջ են այս օրերին։

– Տանը մնալը թող չդիտարկեն որպես բանտարկություն, այլ մտածեն, որ օգտակար ժամանակ է տրված գրքեր կարդալու, ֆիլմեր դիտելու, մտորելու ու ստեղծագործելու համար։ Ոչ մի դեպքում չհուսահատվե՛ք։

-Ո՞ր գրքերը կառանձնացնես այս օրերին կարդալու համար։

-Կառանձնացնեի Ալբերտ Քամյուի «Ժանտախտը» և Ֆեխտվանգերի «Իսպանական բալլադը»։ Ոչ միայն ուսուցողական են այլև գեղագիտական հրաշալի զգացողություններ են պարգևում։

-Ո՞ր ֆիլմը կառանձնացնես:

– Ֆիլմեր դիտելը իմ սիրելի զբաղմունքներից մեկն է և կդժվարանամ որևէ մեկը առանձնացնել։ Այս պահին թերևս կառանձնացնեմ Կիմ Կի Դուկի «Դատարկ տունը» և Վիկտորիո Դե Սիկայի «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմերը․ բացարձակ տարբեր ժամանակաշրջաններ են ընդգրկում և ներկայացնում են տարբեր մշակույթներ։

– Հիմա նկարու՞մ ես։ Հույզերդ ինչպիսի՞ն են։

-Կարանտինը բացարձակ չի մոտիվացնում։ Ոչ մի բան չեմ նկարել։

-Սովորույթ, որը հաճույք է պատճառում քեզ:

-Այս օրերին դժվար է նայել պատուհանից դուրս՝ փողոցներում մարդիկ չկան, բայց փոխարենը պատուհաններից այն կողմ գարունն է։ Սիրում եմ պատուհանից դուրս նայել։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել հետևել մարդկանց անցուդարձին։

– Ապագայի ծրագրերը:

-Լեհերեն եմ սովորում, պետք է ավարտեմ քոլեջը, հետո ընդունվեմ համալսարան։ Ծրագրում եմ Եվրոպայում կինոռեժիսուրա սովորել և այդ ոլորտում աշխատել։

Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031