Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության»

Մարտ 30,2020 13:18

Այս պահին կա կորոնավիրուսով հիվանդացությամբ հաստատված 482 դեպք, որից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում: Նրանք ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ պահման վայրերում եւ շփման շրջանակ չեն ունեցել:

31 անձանց մեջ կան նաեւ բուժաշխատողներ, նրանց մեծ մասն ի սկզբանե ռիսկային գոտում են եղել, շփված են եղել հաստատված դեպքերի հետ, եւ միայն երկուսն են, որ նոր բերովի դեպք են, արտասահմանից են եկել, նրանց շփման շրջանակը պարզվում է: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն ի դեպ, այսօր նստած էր ոչ իր՝ նախարարի համար հատկացված տեղում, այլ բավականին հեռու, անկյունային հատվածում եւ պահպանում էր սոցիալական հեռավորությունը:

Այս հաստատված դեպքերից մեկն էլ, ըստ Թորոսյանի, զինծառայող է:

Նախարարն ասաց, որ այս պահին ունենք 14 ծանր եւ 1 ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն, Թորոսյանը չբացառեց, որ ծայրահեղ ծանր հիվանդի վիճակը շուտով դառնա ծանր, եւ ինտուբացիան դադարեցնեն, այսինքն` արհեստական օդափոխության սարքն անջատեն, բուժառուն սկսի ինքնուրույն շնչել: Իսկ մյուս երկու ծանր հիվանդներն էլ, որոնք հնարավոր էր դառնային ծայրահեղ ծանր, ինչպես նախարարն ասաց, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ, հավանաբար կդադարեն համարվել ծանր, եւ կտեղափոխվեն սովորական հիվանդասենյակ:

Վարչապետ Փաշինյանը նախարարից ճշտեց, թե արդյոք ծանր հիվանդների կանխատեսելիություն կա՞, թե վիրուսային այս հիվանդությունն անկանխատեսելի է: Թորոսյանը պարզաբանեց՝ կա համաշխարհային վիճակագրություն՝ եթե բուժառուն հասնում է ինտենսիվ թերապիայի՝ վերակենդանացման բաժանմունք, ապա հիսուն տոկոսը գնում է ինտուբացիայի՝ արհեստական օդափոխության համակարգ են միացնում եւ այս վիրուսով բուժառուները, որոնք ինտուբացիոն շրջանում են, շատ քիչ տոկոս են հաղթահարում եւ ապրում, որովհետեւ սա արդեն շատ ծանր փուլն է:

Թորոսյանն ասաց՝ մեր թվերը քիչ են, եւ կանխատեսում անելը դժվար կլինի, դեպքերը շատ անհատական են. «Ունենք մեկ պացիենտ, որի վիճակը ծանր է, բայց նա երիտասարդ է, եւ կա մեծ հավանականություն, որ կդադարի ծանր լինել, եւ շուտով կդառնա միջին ծանրության, եւ ամբողջությամբ կապաքինվի»: Նախարարն ասաց, որ ամեն մի դեպքի ելքը որոշվում է տվյալ անձի խրոնիկ հիվանդությամբ, որովհետեւ առանց խրոնիկ հիվանդության կորոնավիրուսով հաստատված հիվանդները նույնիսկ չեն հասնում վերակենդանացման բաժանմունք: Ինտենսիվ թերապիայի փուլում գտնվող անձինք ունեն խրոնիկ հիվանդություն, Թորոսյանն ասաց՝ բացառությամբ մեկի, որը պարզապես ուշ է դիմել բժշկի, ունի երկկողմանի թոքաբորբ:

Նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրեց, որ մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության:

Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ մեկուսացման փուլում գնվող անձանց մոտ մի քանի օրվա ընթացքում զարգանում են ախտանիշները եւ նրանք տեղափոխվում են հիվանդանոցներ. «Մոտ 250 մարդ մեկուսացումից դուրս է եկել, եւ եթե կոպիտ թվեր ասեմ՝ 14 օրվա վերջում երբ թեստավորվում ենք, մոտ մինչեւ 10% դրական է լինում վիրուսակրությունը, մեկ շաբաթ երկարացնում ենք մեկուսացումը»:

Առանց ախտանիշների եւ խրոնիկ հիվանդությունների երիտասարդներին մեկուսացնում են հյուրանոցներում, որովհետեւ նրանց որեւէ բժշկական միջամտություն հարկավոր չէ:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ են միջազգային մամուլի այն տեղեկությունները, որ կորոնավիրուսով հիվանդացությամբ բավականին շատ դեպքեր կան երիտասարդների շրջանում: Նախարարն ասաց, որ դա կախված է տվյալ երկրի երիտասարդների եւ տվյալ անձանց կենսակերպից, ասենք՝ ծխո՞ղ է, թե՞ ոչ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031