Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիների հեռախոսազրույցները չեն լսվելու. արձանագրվելու է միայն, թե որ հեռախոսահամարներին են զանգել

Մարտ 30,2020 12:46

«Հեռախոսները միշտ էլ լսել են: Լրագրող ժամանակվանից միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, իմունիտետ ունեմ: Միշտ էլ լսել են, այսօր էլ լսում են»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության բերած օրենսդրական փաթեթին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքացիների մասին տեղեկությունները՝ գտնվելու վայրը, հեռախոսային շփում ունեցած անձանց շրջանակը, բժշկական գաղտնիք համարվող տվյալները մեկ առցանց հարթակում հավաքագրելուն եւ այդ կերպ կոնտակտավորների շրջանակն օպերատիվ կերպով պարզելուն առնչվող օրենսդրական փաթեթը. արձանագրվում է, թե անձը որ հեռախոսահամարին է զանգել եւ որ հեռախոսահամարից է զանգ ստացել, որտեղ է գտնվել:

«Ո՞նց եք այդ բազան տեսականորեն հավաքելու եւ ո՞վ է տիրապետելու տեղեկատվությանը՝ ԱԱԾ-ին, թե ով»,-օրենսդրական փաթեթի զեկուցող Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը: Նախարարը պատասխանեց. «Նախ կարեւոր արձանագրում: Ոչ թե հեռախոսազանգն է լսվելու, այլ զրույց ունենալու փաստը՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու: Նույնը եւ կարճ հաղորդագրությունների դեպքում: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են կարողանալու վերահսկել տվյալների բազան»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նկատեց՝ եթե հեռախոսի միջոցով նրա գտնվելու վայրը տեղորոշելու անհրաժեշտությունը հասկանալի է, ապա հասկանալի չէ, թե ինչ կարիք կա ֆիքսել, թե երկու անձ իրենց տանը նստած՝ քանի անգամ են իրար հետ խոսել: Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Պատկերացրեք, որ իմ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Իմ 14-օրյա զանգերի ճշգրտումը եւ զանգերի միջոցով պարզելը, թե ինձ հետ խոսակցություն ունեցած մարդիկ տեսե՞լ են ինձ, թե ոչ, կնպաստի, որ իրավասու մարմինները համապատասխան միջոցառումներ իրականացնեն»:

Միրզոյանը շարունակեց. «Տպավորություն է, որ այս իրավիճակում սա գուցե ավելորդ է: Իսկ ի՞նչ եք կարծում՝ կառավարության հնարավորությունները որքանո՞վ կսահմանափակվեն, թե ԱԺ-ն առաջարկի այս մասով առայժմ զերծ մնալ ամրագրելուց»:

Նախարարը չհամաձայնեց. «Զանգերի տեղեկատվությունն ամրագրելն ինքնանպատակ չէ, այս երկու կետի՝ լոկացիայի եւ զանգերի համադրումն էական նշանակություն ունի: Եթե իմ տեղորոշումն արվել է, բայց չկան զանգերը պոտենցիալ կոնտակտավորների հետ, ինչպե՞ս կստուգվի կոնտակտավորների տեղորոշումը՝ առանց նրանց եւ վարակակրի զանգերի: Եթե սրանից ձեռնպահ մնանք, արդյունավետ չի լինի»:

Հիշեցնենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակ ունի: Մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ-ում հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031