Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանը նստածների զանգերը ֆիքսելու իմաստը ո՞րն է». նախարարի խոսքով՝ վարակակրի հետ շփվածներին են պարզելու

Մարտ 30,2020 12:09

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր քննարկում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքացիների մասին տեղեկությունները՝ գտնվելու վայրը, հեռախոսային շփում ունեցած անձանց շրջանակը, բժշկական գաղտնիք համարվող տվյալները մեկ առցանց հարթակում հավաքագրելու եւ այդ կերպ կոնտակտավորների շրջանակն օպերատիվ կերպով պարզելուն առնչվող օրենսդրական փաթեթը. արձանագրվում է, թե անձը որ հեռախոսահամարին է զանգել եւ որ հեռախոսահամարից է զանգ ստացել, որտեղ է գտնվել:

ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց՝ եթե մարդիկ իրենց տներում նստած զանգում են բարեկամներին եւ խոսում, իմաստը ո՞րն է այդ զանգերը ֆիքսելու, թե տեղաշարժ չկա:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Գիտեք, որ 14-օրյա ժամկետն է ռիսկային, երբ վարակակրի հետ շփումը կարող է հետեւանքներ ունենալ: Ձեր նշածն անհրաժեշտ է՝ լոկացիայի հետ մեկ ամրագրելու համար, թե վարակակիրն ում հետ է շփվել: Զանգի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարեւոր է, որպեսզի հասկանանք պոտենցիալ վարակակիրների քանակը»:

Եղիազարյանը նաեւ հարցրեց՝ քաղաքացիների տեղաշարժն ինչպե՞ս է ֆիքսվելու՝ GPS-ի՞ միջոցով, չէ՞ որ կան քաղաքացիներ, որոնց հեռախոսները չունեն GPS: Բադասյանն արձագանքեց. «Եթե հեռախոսը GPS չունի, քննարկում ենք սմարթֆոն տրամադրելու եւ ինքնամեկուսացման այլ միջոցառումների հարցը, օրինակ՝ ոստիկանների կողմից որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»:

Հիշեցնենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակ ունի: Մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ-ում հաստատված է արտակարգ դրություն:

Ռուստամ Բադասյանից նաեւ հետաքրքվեցին, թե այս տվյալների բազան ո՞ր մարմինն է վերահսկելու: Նա նշեց. «Դա կազմակերպություն է, որն ունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ բոլոր հեռախոսային օպերատորներից ստացված տվյալները մեկ վայրում հավաքագրելու համար: Տվյալների բազան այլ նպատակներով օգտագործելը կառաջացնի քրեական պատասխանատվություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031