Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի մասին կխոսեն զինվորականները, նախագահներն ու Պարգեւ Սրբազանը

Մարտ 30,2020 11:50

TV-5 հեռուստատեսության գործադիր տնօրեն, սցենարիստ Հարություն Հարությունյանի հետ Aravot.am-ը զրուցեց Ապրիլյան պատերազմի մասին պատմող նոր խաղարկային լիամետրաժ «Հաղթանակի ապրիլ» կինոնկարի մասին, որը ապրիլի 2-ին կցուցադրվի հեռուստատեսությամբ:

Նախկինում խաղարկային կինոյի փորձ ունեցող Հարություն Հարությունյանը նշեց, որ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում խաղարկային տարրերը բացակայում են, եւ ամբողջը վավերագրություն է: «Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց փորձել եմ անել մի բան, որ ամբողջովին պատկեր տամ, տեսանելի լինի՝ ինչպես պատահեց, ինչն էր պատճառը, արդյոք այդ պատերազմի ժամանակ եղել են թերացումներ: Փորձել եմ դրանց պատասխանները գտնել, խոսել եմ հրամանատարների հետ, կարծես ստացվել է»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ո՞ւմ կտեսնենք ֆիլմում, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Հաղթանակի ապրիլ»-ում կան բոլորը, որոնք կապված են այդ օրերի հետ: Ֆիլմում չկա լրագրողական տեքստ, քանի որ ի սկզբանե խնդիր էի դրել, որ չպետք է լինի միջամտություն, եւ հարցազրույցները պետք է այնպես վերցնեմ, որ իրենց խոսքով ամբողջ ֆիլմը պատմվի:

Ֆիլմում խոսել են Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Լեւոն Մնացականյանը, Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, շատ-շատ հրամանատարներ, որոնք Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց տեղում են եղել ու հիմա էլ աշխատում են…Համարյա բոլոր հրամանատարները: Ֆիլմում խոսում է Պարգեւ սրբազանը, Ժաննան, Վիտալի Բալասանյանը…Սակայն հիմնականում այդ օրերի հետ կապ ունեցողները…Պատմվում է, թե ինչ էր կատարվում այդ օրերին Երեւանում եւ Արցախում»:

Մեր հաջորդ հարցին՝ ֆիլմում հնչող տեսակետները կարո՞ղ են դառնալ Ապրիլյան պատերազմի հետ կապված բացահայտումներ, հատկապես որ տարատեսակ վարկածներ են շրջանառվում՝ Ապրիլյան պատերազմի մասին:

«Փորձել ենք նաեւ դրա պատասխանը գտնել, թե ինչքանով հասկանալի եւ ընդունելի կլինի, դա կախված է այն յուրաքանչյուրից: Կլինեն մարդիկ, որ չեն հավատա: Նա, ով չի ուզում հավատալ եւ արդեն ունի իր համար ձեւավորված ճշմարտություն, բնականաբար, չի հավատա: Օրինակ, ոմանք մտածում են, որ տանկերի մեջ ջուր են լցրել, իսկ միջի վառելիքը վաճառել են, եւ եթե նմանները համոզված են, որ այդպես է եղել, ներկայացվող փաստերին չեն հավատա: Բայց ուզում եմ նորից շեշտել, որ ոչնչով չեմ միջամտում ֆիլմին, ամբողջը պատմում են իրենք»,- պատասխանեց Հարություն Հարությունյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է ֆիլմը սկսվում հենց Պարգեւ Սրբազանի խոսքով, Հարություն Հարությունյանը պատասխանեց, որ ֆիլմը նաեւ ավարտվում է նրա խոսքով. «Ֆիլմը միայն Ապրիլյան պատերազմի մասին չէ, այնտեղ ավելի խորքային ու ընդգրկուն բաներ կան, որովհետեւ Ապրիլյան պատերազմը հենց այնպես չպատահեց…Ֆիլմը արցախցու մասին է, հայաստանցու մասին…Եվ Հայաստանի որեւէ շրջանի զինվորը կա այնտեղ կանգնած, եւ Արցախի զինվորը, ֆիլմը բոլորի մասին է: Մարդիկ կարող է մեծ սպասելիքներ չունենան այս ֆիլմից, բայց, խնդիր չէ, որովհետեւ փորձել ենք վավերագրական ֆիլմ ստեղծել եւ ցանկացել ենք ուղղակի նորմալ արտադրանք տալ: Ֆիլմի ռեժիսորը Մարի Մարգարյանն է, մոնտաժի ռեժիսորը Արթուր Սահակյանը, գլխավոր օպերատորը Արարատ Շահբազյանը, սցենարիստը Նաիրա Նադիրյանը, երաժշտությունն էլ գրել է Թաթոս Հակոբյանը: Մի խոսքով, բոլորը, բացի սցենարիստից՝ մեր աշխատակիցներն են»:

Անդրադարձ եղավ նաեւ ֆիլմի աշխատանքային «Չհայտարարված պատերազմ» վերնագրին, որը հետո փոխվեց «Հաղթանակի ապրիլ»:

Հարություն Հարությունյանը նշեց, որ ֆիլմի բովանդակությունը ստիպեց իրեն վերնագիրը փոխել. «Պարգեւ Սրբազանի խոսքը ստիպվեց, որ ֆիլմը կրի «Հաղթանակի ապրիլ» վերնագիրը: Ինձ դուր եկավ այդ վերնագիրը: Մենք միշտ ապրիլին պարտված ենք եղել, ապրիլը եղել է պարտությունների, ցեղասպանության ամիս, իսկ այդ ապրիլին հաղթեցինք: Եթե ունես բանակ, պետականություն, հնարավոր չի ցեղասպանության ենթարկվել: Եթե բանակը չլիներ, նույն ճակատագրին էին արժանանալու Ստեփանակերտի, Մարտակերտի հայությունը, ինչին արժանացան 1920թ Շուշիում հայերը…»:

Հավելենք, որ Հարություն Հարությունյանն ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցին «Հաղթանակի ապրիլի» համար կինոէկրանային պրեմիերա էր նախատեսել, սակայն կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում այդ մտահղացումը հնարավոր չեղավ իրականացնել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031