Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ. «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում արձանագրվել են շուրջ 618 մլն. դրամի խախտումներ

Մարտ 30,2020 11:22

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն. դրամի խախտումներ: Մասնավորապես՝

–    խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից,

–    կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից առնվազն 124 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել,

–    նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ,

–    մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները,

–    կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև Հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը,

–    գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն. դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները,

–    կառավարչական ծառայությունների մասով Հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում Հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման,

–    Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031