Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին։ Ժամը 5-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կանգնեցրել է մեքենան։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես և ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։
Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով՝ վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները երիտասարդին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսևորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց, չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառույթները:
Ոստիկանները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով` դրսևորել են ծայրահեղ զսպվածություն, ինչն ակնհայտ է նաև տեսագրությունից։ Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով, նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ինչը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար կարևոր է։
Կարդացեք նաև
Բերման ենթարկվածը հակաիրավական և հակաբարոյական վարքագիծը շարունակել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։ Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան՝ չմտածելով, որ իր գործողություններով իրական վտանգ է ստեղծում երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար, իսկ նման դեպքերում հետևանքները հաճախ ողբերգական են լինում։
Բաժին բերման է ենթարկվել նաև նրա ընկերը։ Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ)։
Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել բացառապես օրինահարգ վարքագիծ․ բոլոր օրինախախտներն ու իրենց հասարակությունից վեր դասողները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն