Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարանը վճռով բավարարեց ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը

Մարտ 30,2020 13:30

Շուրջ 4 տարի ձգվող դատաքննության ընթացքում Հ. Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը մի շարք դրույթներ է ներկայացրել նմանատիպ գործերով իրավակիրառ պրակտիկայից:

Այս հայցը բավարարվել է՝ 2017 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել էր զորակոչիկ Հ. Մ.-ի հայցը:

Դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016 թ. հունվարի 21-ի եզրակացությունը, որով նրան 10 ամսով տարկետում էր տրամադրվել։ ԿԲՀ-ի այդ որոշումը Հ. Մ.-ը վիճարկում էր 2016 թվականից: Դատարանում նրա շահերը սկզբում ներկայացնում էր ՀՔԱՎ իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը, ապա՝ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը:

2015թ. ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոնում Հ. Մ.-ի մոտ ախտորոշվել է «օրգանական ասթենիկ խանգարում», մինչդեռ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում՝ «չափավոր արտահայտված նեւրոսթենիա»։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը Հ.Մ.-ին տրամադրում է տարկետում 10 ամսով` համաձայն ՊՆ-ի 2013 թ. ապրիլի 08-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի «գ» կետի: Նույնաբովանդակ եզրակացություն Հ.Մ.-ին տրվել էր նաեւ 2016թ. հունվարի 21-ին։

Հ.Մ.-ի շահերի ներկայացուցչի կարծիքով, իր պաշտպանյալի նկատմամբ պիտի կիրառվեին ՊՆ-ի վերոհիշյալ հրամանի ոչ թե 5-րդ, այլ 7-րդ հոդվածի դրույթները։ Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր կամայական մոտեցման վրա՝ ներկայացնելով ապացույց` նույնանման գործով այլ դիրքորոշում ցուցաբերելու վերաբերյալ: Դատարանը, գործով առկա ապացույցների շարքում, մասնավորապես, արձանագրել է, որ 2017թ. հունիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի ղեկավարն իրավաբանին տրամադրել է գրություն այն մասին, որ 2014թ. հուլիսի 24-ին Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը, բուժզննություն է անցել Կենտրոնական բժշկական հանձնաժողովում։ Նրա մոտ եւս ախտորոշվել է «չափավոր արտահայտված նեւրասթենիա»: Համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 7-րդ հոդվածի «բ» կետի պահանջների՝ նա ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը» եւ նրան տրվել է տարկետում՝ 3 տարով։ Դատարանն այս ապացույցներից հետեւություն է արել, որ չնայած վարչական մարմնի հայեցողական լիազորությանը` հիվանդության որակման հարցում, այդուհանդերձ, միանման փաստական հանգամանքների առկայության պարագայում վարչական մարմինը պարտավոր է գործել միատեսակ: Վկայակոչելով այս իրավիճակը՝ Հ.Մ.-ն խնդրել է անվավեր ճանաչել ԿԲՀ-ի 2016թ. հունվարի 21-ի եզրակացությունը:

Այդ դատական նիստին պատասխանող կողմ ԿԲՀ-ն այդպես էլ չէր ներկայացել դատարան՝ չնայած պատշաճ ծանուցմանը:

2017թ. դեկտեմբերի 22-ին Հ.Մ.-ը ՀՔԱՎ գրասենյակի իրավական աջակցությամբ նոր հայցադիմում է ներկայացնում դատարան՝ ընդդեմ ՊՆ-ի՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս 3 տարով տարկետում տրամադրել: 2018թ. մայիսի 15-ի դատական նիստին Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն` խնդրելով ՊՆ-ին կայացնել որոշում՝ Հ.Մ.-ին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու մասին:

2020թ. փետրվարի 11-ին, ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց վճիռ՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը բավարարելու մասին: Իր վճռում դատարանն անդրադարձել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2019թ. հունվարի 30-ի եզրակացությանը, որը եւս վկայում է հայցվորի մոտ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող հիվանդության առկայության մասին:

Դատաքննությամբ հայտնի է դարձել, որ 2015թ. նոյեմբեր- 2016 թ. հունվար ամիսների ձմեռային զորակոչի ժամանակ հանրապետական զորակոչային հանձնաժողովն այդ պահին գործող «Զինապարտության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 18-րդ հոդվածի 2-րդ մասին, Կարգի 2-րդ, 41-րդ կետերին, Կարգով հաստատված Հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկի 7-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան որոշում է ընդունել Հ.Մ.-ին 3 տարով տարկետում տալու մասին: Ըստ այդմ՝ 2018թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2019 թ. փետրվարի 14-ը ներառյալ ձմեռային զորակոչի ժամանակ, ԿԲՀ-ի 2019 թ. հունվարի 30-ի եզրակացության պայմաններում պաշտպանության նախարարը պետք է ընդուներ հրաման ոչ թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետին համապատասխան հայցվորին 3 տարով տարկետում տալու, այլ նույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան Հ.Մ.-ին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին:

Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը հղումներ անելով պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կամ զինծառայությունից ազատելու վերաբերյալ 2015-2016թթ. զորակոչի ժամանակ գործող «Զինապարտության ու պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված իրավակարգավորումներին, դատարանի ուշադրությունը հրավիրել է պաշտպանության նախարարի 2013 թ. ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով հաստատված՝ Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի որոշ կետերին, որոնք գործել են 2015-2016թթ. ձմեռային զորակոչի ժամանակ: Այն է՝ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող եւ դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում` 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո, նկատի առնելով առողջական վիճակը, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինծառայությանը եւ հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ՝ հանվելով զինվորական հաշվառումից:

2020 թ. հունվարի 21-ի դատական նիստին փորձագիտական եզրակացության վերաբերյալ վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել նաեւ փորձագետը: Նա վերահաստատել է, որ 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ժամանակ բուժզննությամբ զորակոչիկի մոտ հաստատվել է «նեւրոտիկ, սթրեսով պայմանավորված եւ սոմատոֆորմ խանգարումներ՝ չափավոր արտահայտված երկարատեւ հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով եւ կոմպենսացիայով» ախտորոշումը: Հիմնվելով փորձագետի հավաստիացումների վրա, ըստ որոնց՝ այդ հիվանդությունը դժվար բուժվող է եւ կարող է էլ ավելի սրվել զինծառայության ժամանակ, Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը դատարանի ուշադրությունը կրկին հրավիրել է ԿԲՀ-ի 2019 թ. հունվարի 30-ի եզրակացության վրա, որը վկայում է Հ.Մ.-ի մոտ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող հիվանդության առկայության մասին: Հետեւաբար՝ 2019 թ.-ի ձմեռային զորակոչի ժամանակ պաշտպանության նախարարի հրամանով Հ.Մ.-ին ոչ թե 3 տարով տարկետում պիտի տրվեր, այլ նա պիտի ազատվեր պարտադիր զինծառայությունից:

ՀՔԱՎ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031