Արտաշ Խաչատուրյանն ունի երկու անչափահաս երեխա, որոնք նրա կալանավորման պատճառով մնացել են առանց կերակրողի: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Երեխաներից դուստրն ունի տեսողական խնդիրներ եւ համապատասխան բուժում պետք է ստանա ակնաբուժական կենտրոնում:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ միջնորդությամբ:
Նրա պաշտպանյալի գործը գտնվում է ԱԱԾ քննիչ Վ.Համբարձումյանի վարույթում: Այս տարվա փետրվարի 20-ին Ա. Խաչատուրյանը բերման է ենթարկվել ԱԱԾ եւ ձերբակալվել է:
Երեք օր հետո նա ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկու ամսով կալանավորումը: Ա. Խաչատուրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության համար, որը ենթադրում է ոչ միայն ազատազրկում, նաեւ տուգանք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ «Պետական սահմանն ապօրինի հատելը»: 1-ին մասի համաձայն. «Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամանակով»:
Նախաքննության ժամանակ Արտաշ Խաչատուրյանը, ըստ պաշտպանի, դրսեւորել է պատշաճ վարքագիծ, տվել ցուցմունք այն մասին, թե ինչպես է հատել հայ-վրացական սահմանը, սահմանի այն հատվածն է ցույց տվել, որով մտել է Հայաստան:
Կարդացեք նաև
Նշենք, որ կինն ու երեխաները մինչ նոր կորոնավիրուսի համաճարակն են եկել Հայաստան՝ մշտական բնակության համար եւ ներկայումս բնակվում են ամուսնու քրոջ տանը:
Պաշտպանը խնդրում է խափանման միջոցը փոխել՝ մարդասիրության սկզբունքից ելնելով:
Լ. Սիմոնյանը հղում էր կատարել 12.06.2016թ. ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմանը, համաձայն որի՝ «Ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը խափանմամ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացվի միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված փաստական տվյալների որոշակի ամբողջությամբ հիմնավորվի, որ մեղադրյալն արդեն իսկ կատարել է նշյալ հոդվածով նախատեսված որեւէ գործողություն: Կալանավորման միջնորդությունը ներկայացվի, երբ մեղադրվողը չունի ՀՀ տարածքում մշտական բնակության վայր»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2020