Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ուտելիք չարժե այնքան, որ փչացնեք ձեր տեսքն ու առողջությունը»

Մարտ 30,2020 12:00

Խորհուրդ է տալիս սննդաբանը

Հոգեբաններն ասում են, որ մարդիկ տանը մնալով՝ չունենալով զբաղվածություն, սկսում են ավելի շատ ուտել, քան սովորական օրերին: Արտակարգ դրության պայմաններում նուտրիցոլոգ-սննդաբան-կոնսուլտանտ Նունիկ Ավետիսյանն առանձնացնում է մի քանի կանոն, որոնց հետեւելով՝ չեք ունենա քաշի խնդիր:

Օրական խմել 2.5-3 լիտր ջուր:

Սնվել օրական 3-4 անգամ՝ քիչ չափաբաժիններով:

Բացառել արագ սննդի կետերից օգտվելը:

Չօգտվել ոչ միայն գազավորված, այլ բնական հյութերից:

Քնել օրական 5-8 ժամ:

Հեռու մնալ սթրեսներից:

Նունիկ Ավետիսյանը փորձում է մարդկանց օգնել նիհարել սեփական փորձով: Կանգնելով կշեռքին եւ տեսնելով 99 թիվը՝ Նունիկը հստակ որոշում է կայացրել նիհարելու: Սակայն այս ճանապարհն այնքան էլ հարթ չի եղել: Սկսել է նիհարել դիետաներով, որոնք թողնելուց հետո ունեցել է քաշի կրկնակի ավելցուկ: Դիետաներից հիասթափված՝ որոշել է ընտրել նիհարելու թվացյալ հեշտ միջոցը՝ նիհարեցնող հաբերը, որի ընդունումից հետո սկսել է պայքարել սեփական կյանքի համար: Այդ դեպքից հետո ինքն իրեն խոսք է տվել ընդունել միայն առողջ սնունդ, որից հետո զգացել է քաշի զգալի նվազում:

«Քանի որ դժվար էր միայնակ մոտիվացիա գտնել, փորձեցի իմ սննդակարգով կիսվել ընկերուհուս հետ: Եթե նա նիհարեր, պետք է էլի աղջիկներ ներգրավեինք ու փորձեինք իրար օգնելով հասնել արդյունքի: Այդպես էլ եղավ. ընկերուհիս նիհարեց եւ ես ունեցա ինձ հետ նիհարող աղջիկների խումբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Թեեւ ինքնակրթությունը Նունիկը համարում է կարեւոր, միեւնույն է՝ մասնագիտական կրթությունը կարեւորելով՝ ընդունվում է ֆիթնեսի դպրոց:

«Շատ մարդիկ դիմելով ինձ նշում են, որ օրվա մեջ ուտում են 1-2 անգամ ու չեն նիհարում: Դա ամենակոպիտ սխալն է՝ նիհարել ցանկացող մարդու համար: Օրվա մեջ պետք է սնվել 3-4 անգամ՝ ընդմիջումներով: Կարեւոր նախապայմաններից է առավոտյան նախաճաշը»,-շեշտում է նա:

Նունիկ Ավետիսյանին դիմում են ոչ միայն նիհարելու, այլեւ գիրանալու համար:

Սննդաբանը երկու դեպքերում էլ շատ մեծ տեղ է հատկացնում հոգեբանորեն տրամադրվելուն, քանի որ նիհարել կամ գիրանալ ցանկացող ցանկացած մարդ ունի կոմպլեքսավորվածության, անինքնավստահության խնդիր: Հենց այդ պատճառով նրան դիմած մարդկանցից շատերը խնդրում են իրենց տվյալները չհրապարակել, քանի որ ամաչում են, որ իրենց բարեկամները, ընկերները կտեսնեն, որ իրենք դիմել են սննդաբանի: Սակայն նիհարելուց հետո իրենք են ցանկանում, որ իրենց արդյունքները բոլորը տեսնեն:

Մասնագետը նշում է, որ նիհարելը կամ գիրանալը կյանքի գերխնդիր դարձնել պետք չէ: Պետք է միշտ առողջ սնվել, անկախ նրանից՝ ունեք քաշի խնդիր, թե ոչ: Սննդի ռեժիմ պետք է պահել ծնված օրվանից, քանի որ շատ կերակրելը ձեւավորում է բնազդ:

Նիհարելու գործընթացը քանի որ բարդ հոգեբանական փուլ է մարդու համար, հնարավոր է նաեւ հիասթափություն: Այս դեպքում Նունիկ Ավետիսյանի խորհուրդը հետեւյալն է. «Որեւէ ուտելիք չարժե այնքան, որ փչացնեք ձեր տեսքն ու առողջությունը: Առողջ մարմնում է առողջ հոգի»:

Մ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031