Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից. Արտակ Զաքարյան

Մարտ 30,2020 10:20

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ աշխարհն իրար խառնված պատերազմում է COVID-19 անտեսանելի թշնամու դեմ, Արցախն,այնուամենայնիվ, որոշեց գնալ ընտրությունների: Պետք է խոստովանենք, որ առկա իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելը բավականին խիզախ քայլ է:

Խիզախումն ու բոլոր տիպի հոսանքներին դեմ գնալն, իհարկե, բնորոշ է արցախցուն: Պատմության ընթացքում այն հաճախ եղել է Արցախի ժողովրդի հաջողության գրավականներից մեկը: Տա աստված, որ այս ընտրությունները ևս նոր հաջողություններ, ուժ և հավատ ավելացնեն Արցախի ապագային ու անկոտրում պայքարին:

Այս ընտրությունները միակն են լինելու աշխարհում, և գուցե հենց իրավիճակի ոչ միանշանակ լինելը ստիպի աշխարհին ևս մեկ անգամ լսել ու հիշել Արցախի մասին: Աշխարհի բոլոր անկյուններում համաճարակն ահաբեկում է մարդկանց, իսկ Արցախում քաղաքացիները ընտրում են իրենց նախագահին և խորհրդարանը: Համաձայնեք, որ համաշխարհային մամուլը, եթե անդրադառնա այս երևույթին, գուցե Արցախ/Ղարաբաղ անվանումը շատերի հետաքրքրությունը շարժի:

Այսինքն, դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությունը, ամրապնդելով իր պետականության կայացման հաջորդական քայլերը, առաջնորդվելով իրավական պետությանը հարիր նորմերով, կարևորելով իր անվտանգության ու անկախության բոլոր հնարավորությունները՝ գնում է ապացուցելու աշխարհին, որ հաստատակամ է և ոչ մի պարագայում չի նահանջելու ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր պայքարից:

Էպիդեմիաները, բնական ու տեխնածին աղետները կանցնեն, սակայն Արցախի ու Հայաստանի անվտանգության, չավարտված պատերազմի կամ չսկսված խաղաղության պահանջը մեզ միշտ լրջության կոչ է անում: Վստահ եմ, որ Արցախը գնալու է հենց այդ լրջության, խոհեմության, կշռադատված ու հիմնավորված ընտրության ճանապարհով: Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից:

Այդ պայքարին հավատարիմ մնալով, հերթական անգամ Արցախն ընտրելու է իրեն արժանի նախագահ և խորհրդարան: Նախագահ, ով անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու, և խորհրդարան, որը միտք ու իմաստ է տալու արցախյան քաղաքական կյանքին ու խնդիրներին:

Արցախի ընտրությունը նաև Հայաստանի ընտրությունն է, աշխարհասփյուռ հայերի ընտրությունն է: Թող այն դառնա համընդհանուր հաջողության գրավականներից մեկը: Արցախի ընտրություններից չպետք է շահած դուրս գան միայն մի խումբ մարդիկ կամ կուսակցություններ:

Թող Աստված բարին առաջնորդի և հաղթանակած ժողովրդին հարիր՝ անվնաս ու խաղաղ ընտրություններ լինեն Արցախ աշխարհում:
Բարին ընդ Ձեզ և Աստված պահապան բոլորիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031