Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության հորձանուտում այնքան էլ դժվար չէ «խեղդվելը»։ Նոր կորոնավիրուսի մասին այսօր գրում են բոլորը՝ շատ հաճախ փոխանցելով իսկապես օգտակար և կարևոր տեղեկատվություն, երբեմն էլ առաջ քաշելով ամենաանհավանական վարկածներ։
BBC լրատվական գործակալությունը որոշել է համակարգել նոր կորոնավիրուսին վերաբերող հասանելի տեղեկատվությունն ու դրանք ներկայացնել 80 կարճ փաստերի տեսքով։
Փաստ 1. Covid-19-ը և SARS-CoV-2-ը նույն բանը չեն։ Covid-19-ը նոր կորոնավիրուսի կողմից հարուցված հիվանդությունն է (disease- կրճատ՝ D)։ SARS-CoV-2 – ը՝ բուն վիրուսի անվանումը։
Փաստ 2. CoV-ը CoronaVirus՝ կորոնավիրուսի կրճատ անվանումն է։ Այդպես է կոչվում մոտ 40 ենթատեսակից կազմված վիրուսների ընտանիքը, դրանք արտաքնապես շրջանաձև թագ են հիշեցնում՝ պատված փշաձև ելուստներով։
Կարդացեք նաև
Փաստ 3. Կորոնավիրուսները կենսաբանական «ինքնակոչներ» են։ Յուրաքանչյուր ելուստի ծայրը «նմանակում է» օգտակար նյութի մոլեկուլի, և բջջային ընկալիչներն ուրախությամբ այն դեպի իրենց են ձգում, իսկ ելուստի հետ բջջի մեջ է մտնում վիրուսն ամբողջությամբ։ Այսպես էլ տեղի է ունենում վարակումը։
Փաստ 4. «Նոր կորոնավիրուս» եզրույթը (novel կամ nCoV) նշանակում է, որ նախկինում դրա մասին չեն իմացել ոչ միայն գիտնականները, այլև մեր բջիջները։
Փաստ 5. 2 միլիոն տարիների էվոլյուցիայի ընթացքում մեր իմունային համակարգը սովորել է պայքարել հայտնի վարակների մեծամասնության դեմ, սակայն նոր կորոնավիրուսը հանկարծակիի է բերում իմունիտետին, դրա համար էլ այն դժվարությամբ է հաղթահարվում և հեշտությամբ վարակում է։
Փաստ 6. Հայտնվելով բջջի մեջ՝ վիրուսը նրա նկատմամբ «վերահսկողություն» է ձեռք բերում ու ստիպում է արտադրել սեփական կրկնօրինակները՝ սովորաբար արտադրվող սպիտակուցների փոխարեն։ Շղթայական ռեակցիա է սկսվում։ Արդյունքում բջիջը մահանում է, իսկ վարակակիրը՝ դառնում վարակիչ։
Փաստ 7. Վարակման սկզբնական փուլում նոր կորոնավիրուսն ակտիվորեն բազմանում է կոկորդում և վերին շնչուղիներում։ Այնուհետև վարակը ներքև է իջնում և կարող է հասնել մինչև թոքերը՝ առաջացնելով բորբոքում։
Փաստ 8. Հենց այդ պատճառով վարակման առաջին ախտանշանը հազն է։ Այնուհետև սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը։
Փաստ 9. Կամ չի սկսվում․ Ուհանում պացիենտների 30 տոկոսի մոտ հիվանդանոց մտնելու պահին ջերմաստիճանը նորմայից բարձր չի եղել։
Փաստ 10. Վարակվածներից շատերի մոտ (18%-ի կամ գրեթե յուրաքանչյուր հինգերորդի մոտ) անգամ հազ չկա։ Հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, մարդն անգամ չի էլ ենթադրում, որ հիվանդ է։
Փաստ 11. Ընդ որում, ախտանշաններ չունեցող այդպիսի վարակակիրը կարող է ակտիվորեն վարակել մյուսներին։
Փաստ 12. Եթե Covid-19-ն ընթանում է թեթև, ապա դրա ախտանշանները շատ նման են սովորական սեզոնային գրիպին՝ չոր հազ, ջերմություն, ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, երբեմն մկանային ցավեր կամ գլխացավ։
Փաստ 13. Այդ դեպքում այն բուժվում է այնպես, ինչպես սովորական գրիպը՝ տնային պայմաններում, սիմպտոմատիկ։
Փաստ14. Կորոնավիրուսային հիվանդության ամենաանսովոր ախտանշաններից մեկը համի զգացողության կամ հոտառության կորուստն է։
Փաստ 15. Այն հանդիպում է ոչ բոլոր վարակվածների մոտ, սակայն կարող է և միակ ախտանշանը լինել։
Փաստ 16. Այնպես որ, եթե դուք հանկարծ կորցնեք համի կամ հոտի զգացողությունը, ապա արժե զգուշանալ և միջոցներ ձեռնարկել։
Փաստ 17. Կարևոր է՝ նոր կորոնավիրուսով վարակվածը շրջապատի համար վտանգավոր է վարակվելուց անմիջապես հետո՝ իր մոտ ախտանշաններ հայտնվելուց կամ չհայտնվելուց շատ առաջ։
Փաստ 18. Լավ նորություն․ որքան մահաբեր է վտանգավոր վիրուսը, այնքան վատ է այն տարածվում․ սպանելով իր տիրոջը՝ վիրուսը չի կարող վարակել մյուսներին։ Դրա համար այն հազվադեպ է ավելի մահաբեր տեսակի ձևափոխվում։
Փաստ19. Վատ նորություն․ SARS-CoV-2-ը հենց այլ կատեգորիայից է։ Այս վիրուսը մարդուն վերածում է վարակ տարածողի, սակայն միանգամից չի արտահայտվում կամ չի արտահայտվում ընդհանրապես, այնպես որ վարակակիրը հասցնում է վարակել եւս մի քանի մարդու։
Փաստ 20. Նոր կորոնավիրուսի վարակակիրը միջինը հասցնում է վարակել 2-4 առողջ մարդու։ Այդ ցուցանիշը սեզոնային գրիպից բարձր է (1,3), բայց ցածր է, քան կարմրուկի (12+) դեպքում։
Փաստ 21. Սակայն, ինչպես ցանկացած վարակի դեպքում, SARS-CoV-2 կորոնավիրուսի «սուպեր տարածողներ» էլ են հանդիպում, որոնք վարակում են անհամեմատ ավելի շատ թվով մարդկանց՝ 100, անգամ 1000։
Փաստ 22. Հարավային Կորեայում կարողանում էին զսպել վիրուսի տարածումը․ վարակակիրների թիվը դեռ չէր հասել 30-ի։ Սակայն կինը, որին պայմանականորեն կոչեցին «31-րդ պացիենտ», միանգամից մոտ 1200 մարդու վարակեց։
Փաստ 23. Պարզվել է, որ նա շատ կրոնասեր կին է եղել, և անգամ հազի և բարձր ջերմաստիճանի առկայության պայմաններում շարունակել է եկեղեցի այցելել՝ անտեսելով իշխանությունների հորդորները։
Փաստ 24. Դրանից հետո Հարավային Կորեայում 10 օրվա ընթացքում վարակակիրների թիվը 30-ից աճեց 5000-ի։
Փաստ 25. Դեռևս դժվար է Covid-19-ից մահացության մակարդակը ճշգրտորեն որոշելը, սակայն հետազոտությունների մեծամասնությունն այն գնահատում է 1-3 %։
Փաստ 26. Այդ ցուցանիշը սեզոնային գրիպից մոտ 20 անգամ բարձր է, սակայն անգամ չի մոտենում այս վիրուսին նախորդող SARS (10%) և MERS (25%) կորոնավիրուսների ցուցանիշին։
Փաստ 27. Covid-19-ից մահացության մակարդակը խստորեն կախված է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունից և շտապ օգնության արագությունից։ Եթե Գերմանիայում այն ընդամենը 0,3% է կազմում, ապա Իտալիայում գրեթե 9% է։
Փաստ 28. 70 տարեկանից բարձր տարիքային խմբում մահացությունը գերազանցում է 5%-ը, 80-ից հետո վիրուսից մահանում է յուրաքանչյուր տասներորդ վարակակիրը։
Փաստ 29. Հենց այդ պատճառով ողջ աշխարհում իշխանությունների կարևորագույն խնդիրը համաճարակի հնարավորինս երկարաձգումն է՝ թույլ չտալ, որ միաժամանակ մեծ քանակությամբ մարդիկ հիվանդանան Covid-19-ով։
Փաստ 30. Պանդեմիայի զարգացումն արագընթաց է։ Առաջին ախտորոշումից մինչև 100 հազարերորդ հիվանդն անցել է 67 օր, երկրորդ 100 000-ը հիվանդացել է 11 օրում, երրորդը՝ 4 օրում։
Փաստ 31. Ամեն օր վարակակիրների թիվն աճում է մոտավորապես մեկ երրորդով։
Փաստ 32. Պանդեմիան հասել է աշխարհի ամենահեռավոր անկյունները՝ ներառյալ Զատկի կղզի, որտեղ մարտի 24-ին պաշտոնապես հաստատվեց առաջին հիվանդը՝ 42-ամյա տղամարդը։
Փաստ 33. Փորձագետները նախազգուշացնում են՝ պետք է հոգեբանորեն նախապես պատրաստվել, որ վարակակիրների քանակը կարող է հասնել տասնյակ միլիոնների, իսկ մահացածներինը, հնարավոր է, հարյուր հազարների։
Փաստ 34. Թե որտեղից է հայտնվել SARS-CoV-2-ը, հստակ հայտնի չէ, սակայն նմանատիպ վիրուսները կարող են լինել են չղջիկների ու պանգոլինների մոտ։
Փաստ 35. Ամենայն հավանականությամբ վիրուսը մուտացիայի ենթարկվելով՝ փոխանցվել է այլ կենդանու, դրանից էլ՝ մարդուն։
Փաստ 36. Այն պահին, երբ այդ վիրուսը փոխանցվել է առաջին մարդուն, եղե՞լ է արդյոք վտանգավոր մարդու համար, թե՞ ձևափոխվել ու սկսել է ներթափանցել բջիջների մեջ՝ գտնվելով մարդու ներսում․ այս հարցերի պատասխանները գիտնականները դեռևս չեն գտել։
Փաստ 37. Եթե վիրուսը վտանգավոր է մարդու հետ շփման դեպքում, ուրեմն այն կարող է ինչ-որ տեղ թափառել կենդանական աշխարհում և վաղ թե ուշ կրկին վարակել մարդկանց։
Փաստ 38. Հենց այդ պատճառով վարակի բռնկման սկզբում Ուհանում առաջին հերթին փակեցին կենդանիների վաճառքով զբաղվող շուկաները։
Փաստ 39. Դա, ի դեպ, Չինաստանում ստանդարտ միջոց է․ նոր վարակի կասկածներ դեպքում առաջին հերթին փակում են շուկաներն ու կարանտին հայտարարում։ Սովորաբար այս միջոցն օգնում է, սակայն այս անգամ արդեն ուշ էր առանց ախտանշանների վիրուսն արդեն տարածվել էր մարդկանց շրջանում։
Փաստ 40. Ոչ, վիրուսը չի փախչել կենսաբանական լաբորատորիայից, որքան էլ ցանկալի է դրան հավատալը։
Փաստ 41.Կորոնավիրուսի՝ արհեստական ծագում ունենալու մասին վարկածը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվել տարբեր երկրների գիտնականների կողմից և հերքվել է։
Փաստ 42. «Մեր վերլուծությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ը չի ստեղծվել լաբորատորիայում»,- մեջբերում Nature ամսագրից։
Փաստ 43. Վիրահատական դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից։ Դրա մասնիկներն այնքան մանր են, որ հեշտությամբ անցնում են ծակոտիների միջով։
Փաստ 44. Պատկերավոր ասած՝ ասեղի ծայրին վիրուսի 100 միլիոն կրկնօրինակ կարող է տեղավորվել։
Փաստ 45. Երբ վարակակիրը հազում է, թքի մանրագույն մասնիկներ են արտանետվում, որոնցից յուրաքանչյուրը կարող է վիրուսի միլիարդավոր մասնիկներ պարունակել։
Փաստ 46. Դիմակ պետք է կրի նա, ով վախենում է վարակել մարդկանց- թեև չի ապահովվում 100 տոկոսանոց պաշտպանություն, սակայն շրջապատի նկատմամբ ռիսկերը բավականին նվազում են։
Փաստ 47. Ընտանի կենդանիները կորոնավիրուս չեն տարածում։ Դեռևս շնից կամ կատվից վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել։
Փաստ 48. Այդ վիրուսը կարող է կպչել մարդուն անգամ դատարկ տարածությունում, որտեղ մինչ այդ վարակակիր է գտնվել։
Փաստ 49. Օդում վիրուսն իր կենսունակությունը պահպանում է 3 ժամվա ընթացքում։
Փաստ 50. Պլաստիկե և պողպատյա մակերեսներին SARS-CoV-2-ը վտանգավոր է մինչև 3 օր, թղթի ու ստվարաթղթի վրա՝ մինչև մեկ օր, պղնձի վրա՝ մինչև 4 ժամ։
Փաստ 51. Հենց այդ պատճառով էլ կանխարգելման լավագույն միջոցներից մեկը ձեր տնից դուրս յուրաքանչյուր մակերեսի հետ շփումից հետո ձեռքերը լվանալն է։
Փաստ 52. Իսկ թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, կարող եք տեսնել այս տեսանյութում։
https://www.facebook.com/336154206570851/videos/197272548382082/
Փաստ 53. Եթե չկա ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն, ապա կարող եք օգտագործել սպիրտային հիմքով հակասեպտիկ։
Փաստ 54. Հակասեպտիկը կարելի է պատրաստել տնային պայմաններում, եթե ձեր ձեռքի տակ կա սպիրտ, գլիցերին, ջրածնի պերօքսիդ, ջուր։
Փաստ 55. Ծայրահեղ դեպքում ախտահանման համար կարելի է կիրառել քլորհեքսիդին։
Փաստ 56. Կորոնավիրուսի դեմ հակաբիոտիկներն անպետք են, ինչպես և ցանկացած այլ վիրուսի դեմ։
Փաստ 57. Ողջ աշխարհում կարանտինն ու սահմանափակման այլ միջոցները կարող են ձգվել այնքան, մինչև որ գտնվի պատվաստանյութ կամ Covid-19-ի դեմ արդյունավետ բուժում։
Փաստ 58. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութը 1-1,5 տարվա ընթացքում կստեղծվի։
Փաստ 59. Հնարավոր է, պատվաստանյութը նաև չգտնվի։ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութն աշխարհը փորձում է գտնել արդեն 35 տարի՝ դեռևս ապարդյուն։
Փաստ 60. SARS-CoV-2-ի դեմ հատուկ բուժում դեռևս չկա։ Բուժումը բացառապես սիմպտոմատիկ է, այսինքն պայքարում են ոչ թե հիվանդության, այլ դրա դրսևորումների դեմ։
Փաստ 61. Ավելի քան 100 000 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է Covid-19, ապաքինվել են։
Փաստ 62. Վարակակիրների մեծամասնությունը (ավելի քան 80%) բժիշկների օգնության կարիք չի զգում։ Նրանք բուժվում են տանը՝ սովորական գրիպի դեմ միջոցներով և ապաքինվում մոտ մի շաբաթում։
Փաստ 63. Հոսպիտալացման կարիք է զգում մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը, կամ վեցերորդը, որոնք հիմնականում տարեցներ են և/ կամ ունենք քրոնիկ հիվանդություններ։
Փաստ 64. Ծանր դեպքերում (մոտ 4%) անհրաժեշտություն է առաջանում հիվանդին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնելու։ Այդ սարքերը կարող են չբավականացնել, եթե հիվանդները չափազանց շատ լինեն։ Մեքենա արտադրող որոշ ընկերություններ անցել են այդպիսի սարքերի արտադրության։
Փաստ 65. Հենց դա էլ Իտալիայում մահացության բարձր մակարդակի պատճառներից մեկն է։ Շատ տարեց հիվանդներ, մեծ ծանրաբեռնվածություն հիվանդանոցների վրա. արդյունքում` աշխատակազմի հյուծում ու սարքավորումների անբավարարություն։
Փաստ 66. Covid-19-ից ապաքինվել է 13030 իտալացի, մահացել՝ 10779 (մարտի 29-ի դրությամբ)։
Փաստ 67. Զուգահեռաբար շարունակվում են վիրուսի դեմ դեղամիջոցի փնտրտուքները։ Քանի որ ժամանակ չկա նորը մշակելու, փորձարկվում են արդեն եղած հակավիրուսային պրեպարատները։
Փաստ 68. Փետրվարին չինացի բժիշկները նկատել են, որ կորոնավիրուսի դեմ լավ պայքարում է քլորոքսինը՝ մալարիայի բուժման և կանխարգելման համար մշակված դեղամիջոցը։
Փաստ 69. Առկա են երկու այլ հնարավոր դեղամիջոցներ, որոնցից մեկն օգտագործվում է ՄԻԱՎ-ի բուժման ժամանակ, մյուսը ի սկզբանե մշակված էր Էբոլայի դեմ պայքարելու նպատակով։ Այժմ այդ երկուսն էլ փորձարկվում են։
Փաստ 70. Վերջին հուսադրող բացահայտումներից մեկը Ճապոնիայում գրիպի դեմ բավականին լայն կիրառություն ունեցող պրեպարատն է (ավիգան)։ Այն հատուկ մշակվել էր ՌՆԹ-վիրուսների դեմ պայքարելու համար։
Փաստ 71. Փորձարկումները ցույց են տվել, որ Ուհանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտները, որոնք ավիգան են ստացել, միջինը 4 օրում ապաքինվել են։
Փաստ 72. Չինաստանում գրեթե բոլոր պացիենտներին նշանակվել են նաև չինական ավանդական բժշկության դեղամիջոցներ։
Փաստ 73. Այդ դեղամիջոցների բանաձևը մշակվել է Գուանչժոուի ժողովրդական հիվանդանոցում և ընդունվել է Գուանդուն նահանգի գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից և պաշտոնապես հաստատվել է ռեգիոնալ իշխանությունների կողմից։
Փաստ 74. Սինհուա գործակալության տվյալներով հիմնական թերապիային զուգընթաց արդյունավետ է նաև «Ցինֆեյ պայդու» (Qingfei Paidu) դեղախառնուրդը։
Փաստ 75. Այդ ավանդական դեղամիջոցը պատրաստվում է դեղաբույսերով, ներառում է չինական փշատերև, մատուտակի արմատ և այլն։
Փաստ 76. Երբեմն Covid-19-ով ծանր հիվանդներին փորձում են փրկել՝ նրանց ներարկելով այդ հիվանդությունից ապաքինված մարդկանց արյան պլազման, որը հակամարմիններ է պարունակում։ Այդ մեթոդը գործածվել է SARS, MERS և Էբոլա վիրուսների բռնկման ժամանակ և երաշխավորված էր ԱՀԿ-ի կողմից։
Փաստ 77. Փռշտոցը կորոնավիրուսի ախտանշան չէ։ Հազը՝ այո, փռշտալը՝ ոչ։
Փաստ 78. SARS-CoV-2-ը շարունակում է մուտացիայի ենթարկվել։ Դեկտեմբերից մինչև մարտ վիրուսի որոշ տեսակներ փոփոխել են իրենց գենոմն արդեն 14 անգամ։
Փաստ 79. Ընդհանուր առմամբ վիրուսի գենետիկ մոդիֆիկացիաները գերազանցում են 1200-ը։
Փաստ 80. Վիրուսի «ռուսական տարբերակը», որն ուսումնասիրվել է Պետերբուրգի Գրիպի ինստիտուտի գիտնականների կողմից, գենետիկորեն ավելի մոտ է գտնվել եվրոպական տեսակներին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ վարակը Ռուսաստան է թափանցել ոչ թե Չինաստանից, այլ Եվրոպայից։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ