Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն ինձ կշնորհավորի, 20 տարի լավ հարաբերություններ ենք ունեցել»

Մարտ 29,2020 23:53

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը թեկնածուների բանավեճի ժամանակ հարցեր ուղղեց Աշոտ Ղուլյանին եւ Արայիկ Հարությունյանին:

«Արդեն կորոնավիրուսը թեւակոխել է եվրոպաներն ու ամերիկաները, չեն կարողանում դեմն առնել: Մարտի 15-ին առաջարկել ենք, որպեսզի մտցվի արտակարգ դրություն, ինչո՞ւ Ազգային Ժողովը գոնե մեկ անգամ նիստ չի արել կամ քննարկել այդ հարցը»,-հարցրեց նա Ղուլյանին:

Վերջինս ասաց, որ Ազգային Ժողովը համապատասխան հանձնաժողովը քանիցս լսումներ է կազմակերպել եւ քննարկվել են կորոնավիրուսի տարածման հնարավորությունները՝ մասնագետների մասնակցությամբ, եւ ԱԺ-ն չի խուսափում հարցից. «Քանի որ դուք եւս խորհրդարանում ունեիք խմբակցություն, կառաջարկեի, որ  ձեր խմբակցության միջոցով ներկայացնեիք այդ առաջարկությունը: Ես չեմ կարծում, որ խորհրդարանը խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք: Մեծամասնությունը դադարեցրել է իր ակտիվ քարոզչական աշխատանքները եւ փորձել է պետական կառավարման համակարգի միջոցով տարբեր կտրվածքով անդրադառնալ այդ հարցին եւ օպերատիվ ստուգումներ անցկացնել»:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ այդ մասին իրավական հիմնավորումները վաղուց ներկայացրել են Արցախի Հանրապետության նախագահին, իրավիճակն էլ  նույնն է, ինչ 2016թ ապրիլին, երբ այդպես էլ ռազմական դրություն  չհայտարարվեց:

Ղուլյանն էլ պատասխանեց, որ 2016թ ապրիլին ռազմական դրություն չեն հայտարարել, քանի որ արդեն ռազմական դրության մեջ էին:

Վիտալի Բալասանյանը դիմեց նաեւ Արայիկ Հարությունյանին, որը, ըստ Բալասանյանի, ասել էր, թե ինքը Արցախում լավագույն ռազմական գործիչներից է: «Իհարկե դուք մեծ լումա ունեք, մանավանդ ձեր եղբայր Սամվել Հարությունյանը՝ գումարտակի ղեկավար: Դուք 2007-2016 թթ եղել եք վարչապետ պետնախարար, քաղպաշտպանության շտաբի պետը, 2016թ ինչ գործողություններ է կատարել քաղպաշտպանության շտաբը»,-հարցրեց Բալասանյանը:

«Ես չեմ ասել, որ լավագույն ռազմական գործիչն եմ, ասել եմ, որ ես էլ ունեմ  փորձ, գոհ եմ իմ անցած ճանապարհից, զինատեսակներին ծանոթ եմ բոլորից ոչ պակաս: Դա չի նշանակում, որ բոլորից լավ եմ իմանում, ես չեմ շահարկել»,-ասաց Հարությունյանը: Ինչ վերաբերում է տարհանում իրականացնելուն, որը, Արայիկ Հարությունյանի խոսքով, քաղպաշտպանության առանցքային հարցերից է, այդ որոշումը,նրա ձեւակերպմամբ, քաղպաշտպանության շտաբի պետինը չէ, այլ քաղաքական որոշում է:

«Հաշվի առնելով այն ժամանակ ստեղծված իրավիճակը որոշել ենք, որ պետք է իրականացնենք տեղական բնույթի աշխատանքներ, եւ եթե հրետակոծությունը լինի մասսայական, այդ ժամանակ հստակ որոշում կայացնենք, բայց որ վերջին տասը տարիների ընթացքում կառուցվող բոլոր շենքերը թաքստոցներով են, փաստ է: Մենք ընդհանուր առմամբ պարենային անվտանգության եւ թիկունքի մատակարարման խնդիրներով ենք զբաղվել»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Աշոտ Դադայանը հարց ուղղեց Վիտալի Բալասանյանին՝ ինչպես է պատկերացնում ընտրվելու դեպքում համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ:

Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ թյուր է տպավորությունը, թե ինքը ՀՀ գործող իշխանության հետ թշնամական հարաբերությունների մեջ է. «Ի գիտություն բոլորի, քսան եւ ավելի տարիներ մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, անձնական որեւէ վիրավորանք չենք հնչեցրել, չենք հնչեցնի, կառաջնորդվենք սահմանադրությամբ: Համոզված եղեք, որ Նիկոլ Փաշինյանն իմ ընտրվելու հաջորդ օրն անձամբ ինքն է շնորհավորելու…Տարակարծություն ունենալը եւ  տարբերվող կարծիք հայտնելը չպետք է կապել վատ հարաբերությունների հետ:

Վերջին երկու տարիներին անթիվ սպառազինություն է ձեռք բերվել, արդյոք դուք տեղյա՞կ եք այն զինամթերքի, սպառազինության մասին, երբ է այդ պայմանագիրը կնքվել, եւ ինչ քանակի զինամթերք է ներմուծվել Հանրապետություն: Աննախադեպ զինամթերք է ներմուծվել, որից տեղյակ չեք, որովհետեւ դա գաղտնիք է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031