Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանը՝ Վիտալի Բալասանյանին. «Ձեր շտաբներում Ռոբերտ Քոչարյանի նկարն է կախված»

Մարտ 29,2020 23:12

Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ, որին Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցել, պատճառաբանելով, թե հարցեր չունի, թեկնածուները կարճ ելույթներով հանդես եկան եւ միմյանց երկուական հարց ուղղեցին:

Օրինակ, Սերգեյ Ամիրյանը Վահան Բադասյանին հարցրեց, թե ինչպես է կոռուպցիոն ճանապարհով կարողանում շահել պաշտպանության նախարարության հացի մատակարարման մրցույթը, ինչպես է նրան հաջողվել պետբյուջեից ստանալ 460 մլն դրամ, ինչու է նախագահի հետ սեղան նստել ու վիժեցրել ավտոկայանի ցույցերը, եւ արդյո՞ք իրեն համարում է ռեժիմի բուծած հանցավոր սպասարկու, եթե ոչ, ապա ինչու իրեն չեն ծեծել Բերձորում:

Վահան Բադասյանն իրեն ուղղված հարցերը համարեց հերյուրանք եւ նշեց, որ Ամիրյանը հենց դրա համար է թեկնածությունը դրել, որպեսզի սեւացնի իրական ընդդիմադիրին, ինչպիսին ինքն է:  Բադասյանը հավելեց, որ ինքը 400 մլն դրամ վարկ է ստացել, իրականացնելու համար ինը հարյուր միլիոն ինքնարժեքով ջրատարի շինարարություն, եւ երբ մասնակցել է Հայաստանի հեղափոխությանը, այդ պատճառով ջրագծի ֆինանսավորումը կասեցվել է:

Ինչ վերաբերում է ավտոկայանի ցույցերին, ասաց, որ ինքն է կազմակերպել, իսկ չորս ուժայիններին հեռացնելու պահանջը  կատարել է հպարտորեն: Շեշտեց, որ պատրաստ է հրապարակել համապատասխան տեսանյութեր:

Արցախի նախագահի թեկնածուներից  Դավիթ Բաբայանը չցանկացավ որեւէ մեկին հարց ուղղել, ասաց, որ ամեն ինչ էլ պարզ է, բոլորին բոլորը ճանաչում են. «Պետք է պարզապես հարգենք մեկս մյուսիս»:

Վահան Բադասյանը հարցեր ուղղեց Արայիկ Հարությունյանին. «Այս խմբիշխանությունը, որ շուրջ երեսուն տարի ղեկավարում է մեր երկիրը, կենտրոնացել է մի բուրգի մեջ, որը տարիներ շարունակ թալանում է: Դուք 2005 թվականից ղեկավարում եք ու երկիրը  հասցրել ենք ժողովրդագրական վատ արդյունքների, ինչու եք այդ դեպքում դրել ձեր թեկնածությունը»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի կիսում Բադասյանի այն կարծիքը, որ թալան է եղել, ապա հավելեց. «Իհարկե թալան եղել է, առիթ ունեցել եմ ներկայացնել, թե ինչպես են թալանվել գինու գործարանները Արցախի տարածքում, ինչպես են թալանվել ազատագրված տարածքները, բայց գոնե վերջին տասը տարվա ընթացքում, մեկ միլիարդ դոլարի շինարարություն է կատարվել: Եղել են սխալներ, բացթողումներ, որոնց մասին բազմիցս նշել ենք, բայց համակարգը նպաստել է երկրի զարգացմանը»:

Վահան Բադասյանը շեշտեց, որ  145000-ից բնակչության թիվը դարձել է 125000, եւ պնդեց, որ այդ վատ ժողովրդագրության պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Վերջինս ասաց, որ 2009թ բնակչության թիվը 137000 է եղել, իսկ այսօր բնակչության թիվը հասել է 148000-ի, ինչի պատճառով Արցախում բնակարանային խնդիր կա:

Վահան Բադասյանը նշեց, որ իր երկրորդ հարցը պետք է ուղղեր Մասիս Մայիլյանին, որը չի ներկայացել բանավեճին. «Եթե ինքը հարց չուներ, արդյոք այսպե՞ս կվարվեր նախագահ ընտրողների հանդեպ»:

Ապա  նա հարց տվեց Վիտալի Բալասանյանին. «Դուք ասում եք Արցախը առանձին հանրապետություն է, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, նրանք էլ ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են: Արդյո՞ք նախագահ ընտրվելուց հետո դուք հակամարտության մեջ եք մտնելու եւ սեպ եք խրելու Հայաստանի ու Արցախի միջեւ»:

Ի պատասխան, Վիտալի Բալասանյանն  ասաց. «Մինչեւ Արցախը միջազգայնորեն չճանաչվի, այո Արցախը երկրորդ հայկական հանրապետություն է: Ես անձնապես որեւէ մեկին չեմ սատարում: Անվտանգության հարցերով, թե ՀՀ  նախկին, թե ներկա իշխանությունների հետ պատրաստ եմ եղել եւ  հիմա էլ եմ պատրաստ համագործակցել: Ցույց տվեք մի օրինակ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինձ սատարել են կամ սատարում են ինչ-որ հարցերով»:

Բադասյանը շեշտեց, որ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբերում Ռոբերտ Քոչարյանի նկարն է կախված: «Բացի դրանից, դուք ասել եք՝ ով ոտք դնի Արցախի սահմանին եւ համարի, որ Արցախը Հայաստան է, թող ոտք չդնի: Հիմա մեր Միացյալ Հայաստան կուսակցությունը գտնում է, որ արդի  պայմաններում մենք դե ֆակտո միացած ենք Հայաստանին, մնում է ձեւակերպվի, եւ մասնակցենք Հայաստանի համապետական ընտրություններին ու վերականգնվի ընտրելու մեր իրավունքը: Արդյոք նախագահ ընտրվելուց հետո մեզ հետ նույն կերպ եք վարվելու»,-հարցրեց Բադասյանը:

Վիտալի Բալասանյանն էլ պատասխանեց. «Ասել եմ ու ասելու եմ՝ նրանք, որոնք չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն սահմանադրությունը, որին քվե է տվել մեր ժողովուրդը, իհարկե չպետք է ոտք դնեն Արցախի սահմանին, դրանք սադրիչներ ու ահաբեկիչներ են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031