Ժամանակակից Մոսկվայի Ալտուֆևո վարչական տարածքում կա Լիանոզովո անվանումը կրող բնակավայր: Բնակավայրի ամենաուշագրավ կառույցներից մեկը 18-րդ դարի ճարտարապետությամբ ուղղափառ եկեղեցին է և Լիանոզով ընտանիքի երբեմնի շքեղաշուք, իսկ այսօր արդեն խարխուլ առանձնատունը: Շարքային մոսկվացիներից և ոչ մեկը չգիտի ու չի էլ ենթադրում, որ առանձնատունը, որտեղ գործում է հիշյալ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը, հերթական հայկական հետքն է Մոսկվայում և, որ այդ տարածքը դեռևս մեկ դար առաջ պատկանել է ժամանակի ամենանշանավոր ու մեծահարուստ հայ ընտանիքներից մեկին՝ Լիանոսյաններին: Մինչև օրս Լիանոզովո անվանումն է կրում նաև տեղի երկաթուղային կայարանը:
Լիանոսյանների ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչը Ստեփան Լիանոզովն է՝ լոնդոնյան «ՕՅԼ» նավթային կորպորացիայի հիմնադիրը, գեներալ Յուդենիչի ձևավորած հյուսիս-արևմտյան կառավարության վարչապետը: Ժամանակի մամուլը Ստեփան Լիանոզովին հռչակել էր Ցարական Կայսրության «Ռոկֆելլեր», ռուսական սև խավիարի արքա:
Ամենաառաջին Լիանոսյանը` Ստեփանի պապը, Ռուսական Կայսրության Աստրախան քաղաք ժամանում է 1863 թվականին: Նա մեծացել էր թիֆլիսահայերի ոչ հարուստ ընտանիքում և ավարտել էր տեղի առևտրի դպրոցը: Ժամանելով Աստրախան՝ ավագ Ստեփան Լիանոզովը անմիջապես գործի է անցնում աղի հանքերում, որպես կառավարիչ: Երիտասարդ Լիանոզովը չափազանց աշխատասեր էր ու աչքաբաց, այնպես որ Աստրախան տեղափոխվելուց մեկ տարի անց նա արդեն բացում է սեփական ձկնարդյունաբերական ընկերությունը: Մի քանի տարուց Լիանոզովը իր ձեռքն է վերցնում քաղաքի կենտրոնական բանկի կառավարումը և Կասպյան նավահանգիստ է իջեցնում 14 սեփական նավ:
Կարդացեք նաև
1873 թվականին Լիոնոզովին հաջողվում է Պարսից Շահի հետ կնքել բացառիկ մենաշնորհային պայմանագիր՝ համաձայն որի նրա «Լիանոզով և որդիներ» ձկնարդյունաբերական ֆիրման դառնում է միակ ռուսաստանյան ընկերությունը, որին իրավունք է տրվում Կասպից ծով թափվող իրանական գետերի ակունքում զբաղվել ձկնորսությամբ: Այդ առթիվ Շահը Լիանոզովին պարգևատրվում է բարձրագույն պետական պարգևով՝ Առյուծ և Արև շքանշանով:
«Լիանոզով և որդիներ» ձկնարտադրական ընկերությունը, թե Պարսկաստանում, և թե Ռուսական Կայսրությունում ամենախոշորն էր՝ նրա ներդրումային կապիտալը կազմում էր 3 միլիոն 800 հազար ռուբլի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հենց այդ ընկերությունն էր վստահված կայսերական բանակին պահածոյացված ձկնամթերք մատակարարելու գործը: Արխիվային նյութերը վկայում են, որ Լիանոզովին պատկանող գործարաններում տեղադրված էր ժամանակի ամենահզոր սառնարանային տեխնիկան, մեծաքանակ աշխատողների համար կառուցվել էին առանձին կացարաններ, նրանց վճարվում էր բարձր աշխատավարձ, տրամադրվում անվճար դեղորայք և բուժօգնություն:
Աստրախանի պատվավոր քաղաքացի և խոշոր բարերար Ստեփան Լիանոզովի առանձնատան տեղը ժամանակին գիտեին բոլորը, և ոչ այն պատճառով, որ այն ամենաշքեղն էր: Ուղղակի այդ տան դռները բաց էին բոլոր առջև: Առանձնատունը, որը կանգուն է մինչ օրս, կառուցվել է 1870 թվականին: Տանտիրոջ կամքով այնտեղ գործում էր մանկատուն, գիմնազիա, որտեղ անվճար ուսումնառում էին չքավոր ընտանիքների աղջիկ զավակները և իջևանատուն, որտեղ կային անվճար սենյակներ հեռվից ժամանած ուխտավորների համար` անկախ նրանց դավանած հավատքից:
Գևորգ Լիանոզովը՝ ավագ Ստեփանի որդին և կրտսեր Ստեփանի հայրը, Աստրախանից Մոսկվա է տեղափոխվում հոր մահից հետո: Նա որսորդության մեծ սիրահար էր: Մերձմոսկովյան Ալտուֆևո գյուղում գնելով հսկա կալվածք, որը հագեցած էր հազվագյուտ ու խիտ բուսականությամբ և վայրի կենդանիներով՝ նա սկսում է վերածել այդ տարածքը ամառանոցային գոտու: Հենց նա էլ կառուցում է առանձնատունը, որ մասին հիշատակեցինք վերևում: Գևորգը ուներ երկու որդի՝ Ստեփանը և Մարտինը: Մարտինը, ի տարբերություն հախուռն խառնվածքով և գործարար ջղով Ստեփանի, բոլորովին հեռու էր բիզնեսից: Նա ստացել էր փայլուն ակադեմիական կրթություն և զբաղվում էր գիտությամբ: Լիանոսյան եղբայրների կարողությունը այդ պահին գնահատվում էր 10-ը միլիոն ոսկի: Լիանոզովները Գասպարյան բարեգործական հիմնադրամի պատվավոր հոգաբարձուների թվում էին:
Ստեփան Լիանոզովը հոր մահից հետո աննախադեպ զարգացման է հասցնում Աստրախանի ձկնարտադրությունը և առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ Փարիզում բացում է ռուսական սև խավիարի տներ: Լիանոզովը սկսում է զբաղվել նաև նավթի բիզնեսով և 1896 թվին հիմնում է «Ռուսական նավթային ընկերություն»-ը, որի կազմում ընդգրկվում են ժամանակի ամեախոշոր գործարարները, այդ թվում Մանթաշովները և Ղուկասովները: Սակայն, եթե մոխրագույն ոսկու՝ ձկնկիթի արտադրության ասպարեզում Ստեփան Լիանոսյանը համարյա մրցակից չուներ, ապա սև ոսկու՝ նավթի ոլորտում գործերը գնալով բարդանում էին: Արևմտյան խոշոր ընկերությունները Ռուսաստանում ամուր արմատներ էին ձգել, ինչը անհանգստացնում էր ոչ միայն տեղական արտադրողներին, այլ նաև իշխանություններին:
Ելնելով վերոհիշյալ իրականությունից Ստեփանը 1912 թվականինին Լոնդոնում հիմնադրում է նավթային կորպորացիա, որի անգլերեն հապավումը կարդացվում էր «ՕՅԼ»: Կորպորացիայի կազմում, բացի մի քանի խոշոր ռուսական նավթային ձեռնարկություններից, մտնում էր նաև «Մանթաշով&Կո» ընկերությունը: ՕՅԼ-ը ձգտում էր մրցակցել նավթային գիգանտներ Ռոտշիլդների, Նոբելների և անգլո-հոլանդական ՇԵԼ ընկերության հետ, այդ իսկ պատճառով կնքել էր փոխշահավետ գործընկերային պայմանագրեր Ռուսական Կայսրության խոշոր տրանսպորտային ընկերությունների հետ: Ստեփանը միաժամանակ նավթի վերամշակման գործարան է բացում նաև Համբուրգում և թվում էր, մոնոպոլիայի դեմ պայքարում ամեն ինչ ընթանում է ավելի քան հաջողակ, սակայն, պատմության անիվը այլ ուղղություն էր նախանշել մարդկության համար՝ հեղափոխությունը սարերի հետևում չէր:
Ստեփան Լիանոսյանը Մոսկվայի կենտրոնում ուներ երկու առանձնատուն, որոնցից մեկը Գազետնի նրբանցքում էր, մյուսը՝ Փոքր Գնեզդնիկովսկի: Լիանոզովը, որը կինոյի և թատրոնի սիրահար էր, որոշում է Գազետնի նրբանցքի տունը տրամադրել Ֆեոդոր Կորշի թատերախմբին: Այդ տանը որոշ ժամանակ անց հիմնադրվում է Չեխովի անվան ՄԽԱՏ-ը՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը: Փոքր Գնեզդնիկովսկի նրբանցքի լիանոզովյան առանձնատանը այսօր տեղակայված է ՌԴ մշակույթի նախարարությունը: Այդ շենքի ներսում՝ աջ թվային հատվածում, որտեղ մեզ ուղեկցում է նախարարության աշխատակիցը, շատ քիչ փոփոխություններ են կատարվել՝ պահպանվել է ներքին հարդարանքն ու կահույքի որոշ նմուշներ:
Առաջին համաշխարհայինը սկիզբն էր այն փոթորկալից իրադարձությունների, որոնք տակն ու վրա արեցին Ռուսական Կայսրությունը: Հեղափոխությունից հետո Ստեփանը իր կրտսեր եղբայր Մարտինին է թողնում ընտանիքի ողջ ունեցվածքը և անցնում է Ֆինլանդիա, որտեղ ներգրավվում է հակաբոլշևիկյան շարժման մեջ՝ ստանձնելով գեներալ Յուդենիչի հյուսիս-արևմտյան կառավարության վարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը միաժամանակ: Թղթադրամները, որոնք Յուդենիչը տպում է Շվեյցիայիում, կրում էին նրա և վարչապետ Ստեփան Լիանոզովի ստորագրությունը:
Յուդենիչի հյուսիս-արևմտյան կառավարությունը, սակայն, ինչպես հայտնի է պարտվեց Կարմիրներին և լուծարվեց: Ստեփանը ստիպված էր տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ նա դեռ երկար ժամանակ սպիտակ միգրացիայի նշանավոր ներկայացուցիչների հետ, պայքարում էր բոլշևիզմի դեմ: Ստեփան Լիանոզովը Ֆրանսիայի պատվավոր լեգիոնի շքանշանակիր էր և մասոնական լոժայում զբաղեցնում էր ամենաբարձր համարը: Նա մահանում է Փարիզում, 79 տարեկան հասակում: Հուղարկավորված է Պասսի գերեզմանատանը:
Ստեփանի Փարիզ մեկնելուց հետո կասպյան ձկնկիթի արտադրության արժեթղթերի ողջ փաթեթը մնում է Մարտին Լիանոզովի տնօրինության տակ: Լիանոսյանների ընտանեկան ահռելի կարողությունը, որը արդեն կազմում էր 15 միլիոն ռուբլի, կարծես թե, ծանրացել էր հանդարտ խառնվածքով մտավորական Մարտինի ուսերին: Նա տանջալից ընտրության առջև էր կանգնած՝ ինքնակամ և օրինական կերպով հանձնել ձկնարտադրությունը բոլշևիկներին և մնալ Ռուսաստանում, թ՞ե հետևել եղբոր օրինակին, չստորագրել ոչինչ ու դառնալ վտարանդի:
Պետք է նշել, որ նման մասշտաբի կարողությունից զրկվելը այնքան սարսափելի չէր Մարտինի համար, ինչպես Ռուսաստանը լքելու հեռանկարը: Նա՝ թիֆլիսյան արմատներ ունեցող մոսկվացի այդ հայը, առանց Ռուսաստանի ապրել դեռ մի կերպ կարող էր, բայց մեռնել` միանշանակ ոչ: Նա ուզում էր թաղված լինել ծննդավայրում: Ի վերջո, Մարտինը որոշում է ինքնակամ հանձնել Կասպյան ընկերության իրավունքները բոլշևիկյան իշխանությանը, որն էլ իր հերթին ընկերությունը վաճառում է Պարսկական կառավարությանը:
Մոսկվայի Լիանոզովո շրջանի համար 166 դպրոցի թանգարանում պահպանվել տեղեկանք, որը Սովետական Կառավարության կողմից տրվել է Մարտին Լիանոզովին առ այն, որ նա 1923 թվականին ինքնակամ հանձնել է Կասպյան ձկնարտադրության իրավունքները, որի դիմաց թույլտվություն է ստացել ապրել Մոսկվայում: Նրան կնոջ և աղջկա հետ միասին տեղավորում են Ստրաստնոյ բուլվար 4 հասցեում գտնվող հանրակացարանում և հատկացնում թոշակ՝ամսական 400 ռուբլի՝ ցմահ: Ականատեսների պնդմամբ, ձկնկիթի երբեմնի արքա Լիանոզովի կենցաղային պայմաններն, իհարկե, արքայավայել անվանել չէր կարելի, սակայն, կատարվել էր Մարտինի երազանքը՝ նա ապրում և մահանում է Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ